Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արաբագետները մտահոգված են Կովկասում ԻԼԻՊ-ի ազդեցության հետագա ուժեղացման հնարավորությունից

Արաբագետները մտահոգված են Կովկասում ԻԼԻՊ-ի ազդեցության հետագա 
ուժեղացման հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման մեկամյա գործունեության արդյունքում աշխարհի տարբեր մասերում գտնվող 35 իսլամիստական խմբավորում համավատարմության երդում են տվել ԻԼԻՊ-ի ղեկավարին: Լրագրողների հետ հուլիսի 1-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կովկասում հունիսի 23-ին ԻԼԻՊ-ին հավատարմության երդում տվեցին Կովկասում բնակվող ծայրահեղականները. դա նշանակում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական օգնություն է տրամադրելու Կովկասի իր «վիլայեթին» և նրանք պետք է գործով ապացուցեն, որ արժանի են մուսուլմանների խալիֆաթի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ուշադրությանը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում Հյուսիսային Կովկասում բնակվող քրիստոնյաների` այդ թվում հայերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` չնայած հունիսի 29-ին Պենտագոնը հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերին հաջողվել է հետ բերել Իրաքում ԻԼԻՊ-ի զավթած տարածքների մոտ 25 տոկոսը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները` հատկապես Սիրիայում: «Արևմուտքը և Ամերիկայի Միացյալ Նահանգները օգտագործում են ԻԼԻՊ-ի գործոնը տարածաշրջանային իր գործընկերների` հատկապես Թուրքիայի, ինչպես նաև իրենց աշխարհաքաղաքական ընդդիմախոսների վրա ճնշումներ գործադրելու համար»,-ընդգծեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ԻԼԻՊ-ի մեկամյա գործունեությունը ինչ ազդեցություն է ունեցել հարևան Ադրբեջանի վրա, արաբագետները միակարծիք էին, որ 2015 թվականի ընթացքում ադրբեջանական իշխանությունները և մամուլը սկսել են շատ ավելի քիչ տեղեկություններ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիների թվի մասին: «ԻԼԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների քանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան: Միայն 2014 թվականի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնում էին սպանված հարյուրավոր ադրբեջանցիների մասին, ինչը նշանակում է, որ այդ թվից մոտ մոտ չորս-հինգ անգամ ավելի ադրբեջանցիներ կան ծայրահեղականների շարքերում: ԻԼԻՊ-ի կազմում հիմնականում կռվում են Ադրբեջանի հյուսիսային շրջանների սունիները»,-պարզաբանեց Սարգիս Գրիգորյանը:

Իր հերթին արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատեց, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են հնարավորինս անտեսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խնդիրը: «Այս տարվա ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-երում շրջանառվում են միայն իսլամիստ-ծայրահեղականների շարքերում կռված և Ադրբեջան վերադարձած մարդկանց դեմ տեղի ունեցող դատավարությունների և ձերբակալությունների մասին լուրերը, իսկ այլ տեղեկություններ պարզապես չեն հաղորդվում»,-շեշտեց նա:

2014 թվականի հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը՝ ԻԼԻՊ-ը, հայտարարել էր, որ իր գրաված տարածքներում հիմնում է Իսլամական խալիֆաթ: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին նշել էր, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի մուսուլմանների խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:

ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում` նպատակ ունենալով Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]