Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են Կաթողիկոսի օրհնությամբ. Բագրատ Սրբազան

Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են 
Կաթողիկոսի օրհնությամբ. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին օրեր շարունակ ցուցարարների կողքին են եղել նաև հոգևորականները: Նրանք դա արել են` հաշվի առնելով անհանգստություններն ու մտահոգությունը, որ ունեին Ամենայն Հայոց Հայրապետն ու ողջ հոգևոր դասը: «Արմենպրես»-ը զրույցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան Հայր, մի քանի օր շարունակ Երևանում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Մենք տեսանք, որ հիշյալ գործընթացին մասնակից էիք նաև Դուք և որոշ հոգևորականներ. ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

-Առաջին հերթին կուզեմ արձանագրել, որ այս գործընթացին հոգևորականներիս ներկայությունը պայմանավորված է այն մտահոգությամբ ու անհանգստությամբ, որ ունեն Ամենայն Հայոց Հայրապետը և մեր ողջ հոգևոր դասը՝ կապված դեպքերի հնարավոր վատթար զարգացումների հետ:

-Իսկ ի՞նչ է Ձեր դիրքորոշումը սակագնի բարձրացման առնչությամբ:

-Այո՛, ես ցանկանում էի անդրադառնալ այս հարցին, բայց Դուք ինձ կանխեցիք:

Ակնհայտ է, որ մեր երկիրը բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև է  կանգնած: Սա գիտակցում են ամենքը: Սակագների բարձրացումը սոցիալական հավելյալ բեռ է ենթադրում: Մենք մտահոգված ենք նաև, որ սոցիալական հարցը այլ շահարկումների ենթարկվելով՝ չհանգեցնի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների: Մենք մեր առաքելությունն այստեղ տեսնում ենք հենց դրանում, որպեսզի մեր հովվական խնամքով և ծառայությամբ նպաստենք գործընթացների մեջ հանդարտության, խոհեմության ու զգոնության պահպանմանը, երկխոսության շարունակականությանը՝ բացառելով բախումներն ու բռնությունները:

-Սրբազան Հայր, լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հարցադրումներ են կատարվում նաև կապված նրա հետ, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով հանդես չի գալիս այս իրավիճակում: Ի՞նչ է Ձեր պատասխանը:

-Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգևորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը և ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մի դիտարկում ևս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են Եկեղեցին հարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից` ոստիկանապետը Եկեղեցու սպասավորներին հարցադրում է կատարում նրանց մոլորված լինելու մասին, մյուս կողմից` որոշ ակտիվիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանություններից պատվիրակված լինելու մեջ, շատ հաճախ խոչընդոտում են նրանց հովվական գործունեությունը և այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպես արդեն իսկ Ձեր հարցադրման մեջ արտահայտում եք, պահանջում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսի, այս կամ այն գործողությունները ձեռնարկի: Այս ամենի մեջ ես տեսնում եմ մի կարևոր բացթողում. հավանաբար անդրադարձ չի կատարվում, որ Եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մոտեցումները և գործում է համապատասխանաբար: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև այս պահը անհրաժեշտը իրականացրել է և շարունակելու է իրականացնել: 

-Սրբազան,  լրատվամիջոցներում տեսանք Կիրիլ Պատրիարքի անունից շրջանառվող մի հայտարարություն, որում բացասական երանգներով է խոսվում հայության մասին: Ինչ է այս մասին Ձեր կարծիքը:

-Այս հայտարարությունը որևէ կապ չունի Ռուսաց Պատրիարքի հետ: Այս մասին Մայր Աթոռի կողմից պարզաբանման նպատակով կատարված հարցմանն ի պատասխան հավաստիացում կատարվել է նաև Մոսկվայի Պատրիարքարանի կողմից: Եվ հայտարարության բովանդակությունը ինքնին արդեն վկայում է, որ այն կեղծ է, և եթե չեմ սխալվում, տարածվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ փորձելով ստվեր նետել այս շարժման սոցիալական բնույթի վրա:

- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

-Փառք Տիրոջը, որ մինչ այս պահը հնարավորինս պահպանվել է խոհեմությունն ու շրջահայացությունը: Ես կարծում եմ, որ ցանկացած հանգուցալուծում պետք է նպաստի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի առաջընթացին և մեր պետականության առավել ամրապնդմանը: Աղոթում ենք, որ առկա իրավիճակը շուտափույթ լուծումներ գտնի և ժողովուրդը վերադառնա իր բնականոն կյանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]