Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հաղթանակի գեներալները». Վլադիմիր Տամրուչի

«Հաղթանակի գեներալները». Վլադիմիր Տամրուչի

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստեփանի Տամրուչիին:

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Վլադիմիր Տամրուչին ծնվել է 1892 թվականի ապրիլի 20-ին Բաքվում: Նրա հայր Ստեփան Տամրուչին, Բաքվի սահմանապահ ջոկատում իր ծառայությունը ավարտելուց հետո, բեռնակիր էր աշխատում: Աղքատ պայմաններում ապրող Տամրուչիների ընտանիքը հայ-թաթարական բախումների նախօրյակին(1905թ.) որոշում է տեղափոխվել Դոնի Ռոստով: Պատանի Վլադիմիրը 16 տարեկանում հաջողությամբ ավարտում է տեղի ռեալական ուսումնարանը: Վլադիմիրի ցանկանում էր դառնալ զինվորական և այդ նպատակին  հասնելու համար ընդունվում է Թիֆլիսի ռազմական ուսումնարանը, որն ավարտում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին`1914 թվականին:

                                         Առաջին համաշխարհային պատերազմ

Վլադիմիրն առաջին մարտական մկրտությունը ստացել է 1916 թվականի մարտին` մասնակցելով Էրզրումի գրավմանը: Նույն թվականի սեպտեմբերին նրան ուղարկում են Պետրոգրադի գլխավոր շտաբի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներին: 1917 թվականին կրտսեր սպա Վլադիմիրին ուղարկում են Կովկասի չորրորդ բանակային կորպուս: Նույն թվականի նոյեմբերին արդեն շտաբս-կապիտան Տամրուչին գլխավորում է Կովկասի չորրորդ բանակային կորպուսը: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

                                   Զինվորական ծառայությունը Հայաստանում

1919 թվականին Տամրուչին ծառայության է անցնում Հայաստանի Հանրապետության բանակում իբրև Հայաստանի գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարի օգնական:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո` նա կամավոր ծառայության է անցնում Կարմիր բանակում` ՀԽՍՀ ռազմական ուժերի ղեկավար շտաբում նշանակվելով օպերատիվ բաժնի ղեկավարի օգնական:

1921-1925 թվականներին Վլադիմիր Տամրուչին զբաղեցրել է զանազան բանակային պաշտոններ. նա եղել է Խորհրդային Հայաստանի հրետանային դիվիզիայի շտաբի պետ, ինչպես նաև Կովկասի Կարմիր շքանշանակակիր բանակի հրետանային ղեկավարի աշխատակազմի ղեկավար և այլն:

                                   Բանակային ծառայության մոսկովյան փուլը

1925 թվականին Վլադիմիր Տամրուչին նշանակվում է Մոսկվայի ռազմական օկրուգի առանձին տանկային գնդի հրամանատար: 1933 թվականից՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Մ․Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ավագ դասախոս, ինչպես նաև ավտոզրահատանկային զորքերի ամբիոնի վարիչ։ Բացի այդ` նա եղել է նաև Կարմիր բանակի ավտոզրահատանկային զորքերի գլխավոր տեսուչի օգնականը:

1940 թվականի հունիսի 4-ին Վլադիմիր Տամրուչիին շնորհվում է տանկային զորքերի գեներալ-մայորի կոչում: Ըստ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

                                              Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում որպես Կիևի առանձին օկրուգի 22-րդ մեքենայացված կորպուսի հրամանատար, Տամրուչին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Ժիտոմիրի մոտ մղված հարձակողական մարտերին, որից հետո նշանակվել է Հարավ-արևմտյան ռազմաճակատի ավտոզրահատանկային զորքերի հրամանատար և ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ 1941 թվականին նրան շնորհում են տանկային զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում:

                                                    Ձերբակալություն

1942 թվականի մայիսին Խարկովում Կարմիր բանակը կրում է իր ամենածանր պարտություններից մեկը, որից հետո Տամրուչիին հեռացնում են հրամանատարական գործունեությունից` ուղարկելով գլխավորելու ռազմական ուսումնարան:

Հայտնի է, որ Խարկովյան պարտությունից հետո Տամրուչին նամակ է ուղարկել Իոսիֆ Ստալինին: Դրանից հետո` 1943 թվականի մայիսի 22-ին հայրենիքին դավաճանելու մեղադրանքով Վլադիմիր Տամրուչին ձերբակալվում է` յոթ տարի անցկացնելով Սուխանովյան բանտում, որտեղ նա մահանում է 1950 թվականի հոկտեմբերի 28-ին:

1953 թվականին`Ստալինի մահից հետո, նրա դեմ հարուցված քրեական գործը դադարեցվում է: 1988 թվականին Վլադիմիր Տամրուչին հետմահու արդարացվում է: Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

Պարգևները

Վլադիմիր Տամրուչին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի, Լենինի, ՀԽՍՀ Կարմիր աստղի շքանշաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]