Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական հետքերը Ռումինական Արճեշ քաղաքում

Հայկական հետքերը Ռումինական Արճեշ քաղաքում

ԲՈւԽԱՐԵՍՏ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ճարտարապետության հանճարը հայ մշակույթի փառքերից է, և այդ փառքով հայ ճարտարապետությունն աշխարհին ներկայացավ իր հրաշակերտ հայ եկեղեցիներով: Հայ ճարտարապետական ոճն իր ազդեցությունը տարածեց նաև ռումինական ճարտարապետության վրա: Այս պարագան ընդգծված է գրեթե բոլոր հին ու նոր գիտնական-հետազոտողների կողմից: Նրանցից  առաջինը պրոֆեսոր Կր. Թոչիլեսկուն էր, ով հաստատում էր այն «խնամությունը», որ գոյություն ուներ Ռումինիայի Արճեշ եկեղեցու ճակատի զարդարանքների և Հայաստանի հուշարձանների զարդարանքների միջև: Ուրիշ մի նշանավոր գիտնական՝ Պ. Փ. Հաշտեուն, հիացած լինելով Արճեշի եկեղեցու տարաշխարհիկ տեսարանից, նշում էր, որ այն շատ հայկական է, և նույնիսկ փորձում էր հաստատել, որ Վանի շրջանից գաղթած և եկած հայ վարպետների ձեռքով էր շինված եկեղեցին:

Նշանավոր ռումին պատմաբան Ա. Շվազին հաստատում էր, թե ստորին Դանուբի հովիտի մեջ կառուցված Գուրթեա դե Արճեշի, Թըրկովիշթեի, Տրակոմիրնայի եկեղեցիները չունեն ոչ մի զարդ, որ հայկական չլինի: Պրոֆեսոր Կ. Պալշը 1911թ. իր մի ուսումնասիրության մեջ նշում էր հայ ճարտարարվեստի ազդեցությունը Գոզիա վանքի եկեղեցու վրա: Մանրամասն ուսումնասիրությունից հետո Կ. Պալշը եզրակացրեց, որ Մոլդովիայի և Վալախիայի հուշարձանների զարդական ճարտարապետության սկզբնաղբյուրներն արևելյան են և հատկապես հայկական: Ճարտարապետական գծերի առանձնահատկությամբ և մանավանդ քանդակների հարստությամբ պատերի արտաքին երեսների վրա Գուրթեա դե Արճեշի եկեղեցին և Տեալու վանքը շատ նմանություններ ունեն Հայաստանի ճարտարապետության զարդարվեստի հետ: Անշուշտ, դյուրին չէ ճշտել այն ճանապարհը, որտեղից հայկական արվեստը թափանցեց Ռումինիա: Ծագումը պետք է փնտրել Հայաստանի արվեստի մեջ:

Գուրթեա դե Արճեշի եկեղեցու հարուստ զարդաքանդակները հայկական մոտիվների իսկական հավաքածու են հանդիսանում: Գուրթեա դե Արճեշի եկեղեցին կառուցվել է 1512-1517թթ-ին՝  հարուստ զարդարանքով և գեղեցկությամբ, միակն է Եվրոպայի հարավարևելյան մասի մեջ գտնվող եկեղեցական կոթողներից: Եկեղեցական ճարտարապետության մեջ ուրույն տեղ գրավող Արճեշի վանքը շատ տպավորիչ է իր քանդակներով. պարանի նման պատերի գոտիներով, որոնք բաղկացած են շատ տարրերից հյուսված թելերից՝ մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ, նրանց վրայի տախտակներով և ստորին մասի վրա եղող՝ մեկը մյուսից տարբեր հարուստ վարդազարդերով, եռակոնքերով, աղեղնակերպերով, որմնասյուներով, ծաղկաձև զարդերով, հյուսակներով, երկրաչափական կամ կենսաբանական զարդարանքներով, ծակոտին, ջղաձև և բարձրաքանդակներով կամ արտակարկառ ու առընթերադրված, որտեղ հարգված է համաչափությունը, համեմատությունը, պերճութունն ու նրբութունը, որտեղ քննադատ աչքն ու ոգին ոչինչ չի կարող գտնել ուղղելու ոչ մի ավելորդություն, ոչ մի պակասություն:

Գուրթեա դե Արճեշի վանքի հայկական ոճի մասին ժամանակին մատնանշումներ ու ակնարկներ են արել բազմաթիվ մասնագետներ: Աննկատ չենք կարող թողնել սկզբնական նմանությունները, որոնք գոյություն ունեն Մոլդովական կամարների համակարգի և Հայաստանի քարե ճարտարապետական կոթողների միջև. այն շատ պարզ երևում է նաև Սանահինի վանքի ժամատան մեջ՝ 10-13-րդ դարեր:

Հետաքրքրական է նմանությունը նաև մոլդովական քարե կլորաձև կամարների ութ աղեղներով ձևի և հայկական վանքերի ժամատան վեցական կիսաբոլոր աղեղներով ձևի միջև: Այս երկու համակարգերը՝ հայկական և մոլդովական, մեզ տարակուսական չպետք է թվան. հայկական մտքի ներմուծումով նրա մշակումը մոլդովական ճարտարապետության ձևերի վրա կարող է լինել տեղական ճարտարապետների և հայ գաղթական վարպետների համագործակցության արդյունքը, որ գոյություն ուներ Մոլդովայի մեջ 14-րդ դարում:

Տեր Հեթում քահանա Թարվերդյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]