Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության ապահովագրությունը կնպաստի և գյուղացու, և բանկի աշխատանքին. Նորիկ Նազարյան

Գյուղատնտեսության ապահովագրությունը կնպաստի և գյուղացու, և բանկի 
աշխատանքին. Նորիկ Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը մեծապես կախված է վարկավորումից, հետևաբար ոլորտի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեն առևտրային բանկերը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը գյուղատնտեսության ոլորտը ֆինանսավորող ամենամեծ բանկն է Հայաստանում, որը բազմատեսակ վարկային պրոդուկտներ է առաջարկում գյուղացիներին ու ֆերմերներին: «Արմենպրես»-ը զրուցել է բանկի վարկային տնօրեն Նորիկ Նազարյանի հետ` պարզելու, թե ներկայումս ինչ իրավիճակ է գյուղատնտեսական վարկավորման ոլորտում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը, և այսօր էլ բանկն ունի գյուղատնտեսական վարկերի ամենամեծ պորտֆելը Հայաստանում։ Ինչպիսի՞ն է քաղաքականությունն այս ոլորտում։

- Բանկն արդեն երկար ժամանակ պահպանում է գյուղատնտեսական վարկավորման առաջատարի դիրքերը։ Բանկի գյուղատնտեսական վարկային պորտֆելը մոտավորապես 73 մլրդ դրամ է, որից շուրջ 17 մլրդ դրամը սուբսիդավորվող վարկերն են։ Ընդհանուր առմամբ` վարկային պորտֆելի կեսից ավելին դրամային վարկեր են, իսկ 48 տոկոսը՝ արտարժութային վարկեր։ Պետք է նշեմ, որ գյուղատնտեսական վարկերի պորտֆելում մեծ ծավալների են հասնում այն վարկերը, որոնք տրամադրվում են առանց գրավային ապահովվածության։ Դրանք մինչև 3 մլն դրամ վարկերն են, որ կազմում են մեր պորտֆելի 69 տոկոսը։ Դրանց հիմքում դրված են վարկային երաշխավորությունները։

-Նախորդ տարի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը հանդես եկավ նոր առաջարկով և վարկային գիծ ստանալու հնարավորություն ընձեռեց հաճախորդներից շատերին։ Նոր պրոդուկտի ներդրումն ինչպիսի՞ արդյունքներ տվեց։

-Սա մեզ համար փորձնական պրոդուկտ էր, քանի որ ուզում էինք հասկանալ՝ հնարավո՞ր է աշխատել այս ձևով։ Արդյունքում համոզվեցինք, որ գյուղատնտեսական վարկավորման ապագան դա է։ Այսինքն` հաճախորդների այն մասը, ովքեր մեզ հետ անցել են աշխատանքային երկար ճանապարհ, կարող են պարբերաբար օգտվել վարկայի գծի հնարավորությունից։ Մենք կարողանում ենք նրանց վարկային պատմության հիման վրա հաստատել և առաջարկել վարկային գծեր։ Փորձը ցույց տվեց, որ հաճախորդների 80 տոկոսը ցանկություն ունի օգտվել այդ առաջարկից։ Վարկային գծի ծավալը դեռևս չի գերազանցում 1000 դոլարը, սակայն կարծում եմ՝ հետագայում այդ չափը կվերանայվի։ Իսկ հաճախորդների ընտրությունը կատարվում է սկորինգային համակարգով, այսինքն` վերլուծությունները կատարվում են առանց տնտեսություն այցելելու՝ վարկային պատմությունների ուսումնասիրման մեխանիզմով։

-Գյուղատնտեսական տարին 2014 թվականին այդքան էլ բարեհաջող չէր, և շատ բանկեր դժգոհում էին, որ իրենց մոտ ավելացել է չաշխատող վարկերի ծավալը։ Ինչպիսի՞ն է դրությունը ձեզ մոտ։

-Ընդհանուր առմամբ, կա չաշխատող վարկերի աճ։ Դա տարբեր պատճառների հետ է կապված՝ տնտեսության վիճակի, ռուսական շուկայի զարգացումների և մեր սպառողական սեգմենտի վրա դրա ազդեցության հետ։ Շատերը դրամական հոսքեր էին ստանում ՌԴ-ից, հիմա դրանք պակասել են։ Կա մարդկանց մի խումբ, որ աշխատավարձ էր ստանում ՌԴ ռուբլով, և նրանց եկամուտները ևս կրճատվել են, ինչ էլ որոշակի ազդեցություն է ունեցել վարկերի մարման վիճակագրության վրա։ Չնայած դրան՝ ծանր և շատ վատ բաներ չենք կանխատեսում։ Մենք որոշակի մոտեցում ենք ցույց տվել այդ հաճախորդներին, շատերի դեպքում խնդիրը լուծել ենք վարկի ժամկետների երկարաձգման ճանապարհով, որ հաճախորդը կարողանա այդ ընթացքում կատարել մարումները։ Այս ընթացքում գնացել են որոշ զիջումների։

-Նախորդ տարի տնտեսության մեջ տեղի ունեցած շոկային իրավիճակների արդյունքում ֆինանսական կառույցները գնացին վարկավորման պայմանների խստացման ճանապարհով, և ավելացան դեպքերը, երբ հաճախորդները չէին կարողանում վարկեր ստանալ։ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը խստացրե՞լ է արդյոք վարկավորման պայմանները։

-Խստացումեներ իհարկե եղել են, որի նպատակն այն էր, որ խուսափենք ավելորդ ռիսկերից, որոնք կարող են առաջանալ թե մեր թե հաճախորդների համար: Ընդհանուր վարկավորման գործընթացում էլ են եղել խստացումներ, օրինակ արտարաժութային վարկերի տրամադրման դեպքում մենք հաշվի ենք առնում արժեզրկման ռիսկը և դա ներառում մեր հաշվարկների մեջ։

-Երբ խոսք է գնում գյուղատնտեսական վարկավորման արդյունավետության բարձրացման մասին, մասնագետները նշում են ապահովագրության ներդրման պահանջը։ Ձեր կարծիքով դա արդյոք փրկությո՞ւն է նման իրավիճակում։

-Սա մեր ցավոտ հարցերից է։ Մինչ օրս ներդրված չէ ապահովագրության այս տեսակը, քանի որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է։ Եթե լիներ ապահովագրական դաշտ,  կարծում եմ` շատ ավելի հեշտությամբ կտրամադրեինք վարկերը: Ֆինանսական կառույցներն ավելի ռիսկով կիրականացնեին վարկավորում, և արդյունքում վարկավորման ծավալներն էլ կմեծանար: Եթե գյուղացին ապահովագրված լինի ռիսկերից,  ավելի մեծ ծրագրեր կկարողանա կազմել և իրականացնել: Ապահովագրությունը շատ կխթաներ գյուղատնտեսության զարգացմանը։

-Կենտրոնական բանկը վերջերս ներկայացրեց Ֆինանսական կայունության հաշվետվությունը, որտեղ նշվում էր, որ հետճգնաժամային տարիներին բանկերն ու վարկային կազմակերպությունները պարզեցրել են վարկավորման գործընթացը: Այսինքն` մրցակցությունը հանգեցրել է նրան, որ բանկերը ձգտում են աշխատել հաճախորդի հետ։

-Եթե համամատենք 5-6 տարի եղած իրավիճակի հետ, այո՛, պարզեցում կա: Այժմ ավելի մոտ ենք կանգնած վարկառուին, և նրան դիտարկում ենք ոչ միայն որպես վարկառու, այլ գործընկեր:  

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]