Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարքեմփ Երևան». դպրոցականից մինչև կայացած մասնագետ, ծրագրավորումից մինչև սոցիալական ցանցեր

«Բարքեմփ Երևան». դպրոցականից մինչև կայացած մասնագետ, ծրագրավորումից 
մինչև սոցիալական ցանցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արդեն 7-րդ տարին է տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի մասնագետները, սկսնակներն ու ուղղակի հետաքրքրվածները հավաքվում են երկօրյա ազատ ձևաչափով անցկացվող կոնֆերանսին: Սա մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է հանդես գալ ելույթով, եթե այն առնչվում է նշյալ ոլորտներին, կիսվել յուրահատուկ փորձառությամբ: Մասնակիցներն այստեղ հնարավորություն ունեն լսելու այնպիսի ելույթներ, որոնք ունեն նման խորագրեր` «Վեբ վերլուծություն», «Կամուրջ սպագետիից», «Համացանցի կառավարում», «Ձեր մայրիկը ճիշտ էր», «Հայկական բրենդների զարգացումը», «Գծային հավասարում/մաթեմատիկա+ծրագրավորում» և այլն: «Բարքեմփի Երևանի» համակազմակերպիչ  Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ` այս տարի, ինչպես և ակնկալվում էր, մասնակիցների մեծ հոսք է նկատվում: «Երբ սկսում էինք «Բարքեմփ Երևանը» 200-300 մասնակից էր գալիս, 2 սենյակ էր, հիմա 5 դահլիճ է, դեռ չեմ կարող ասել, թե քանի մասնակից կա, քանի որ մարդիկ կան, որ ուշ են գալիս կամ հաջորդ օրն են միանում: 2013-ին եղել է 1200 մասնակից,  անցյալ տարի 1800 մասնակից է այցելել, այս տարի էլ 2000-ից ավելի ենք ակնկալում: Մենք դրել էինք հատուկ գրանցման համակարգ, որը շատ բարդ է գործում, պիտի մտնես` բոլոր տվյալներդ տաս, որ հետո քո անունով բեյջ տպվի: Այնտեղ 2.5 հազար հոգի գրանցվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Միջոցառումը հաջողված է, ըստ Սամվել Մարտիրոսյանի, երկու պատճառով. շփման հարթակ է ապահովում մասնագետների և սկսնակների համար, և քննարկվող թեմաները, որոնք առնչվում են ՏՏ և մեդիա ոլորտին: «Բարքեմփի ֆորմատը լավ է նրանով, որ նույնիսկ դպրոցականը կարող է գալ ու ելույթ ունենալ, ինչ-որ հաջողված բիզնեսմեն իրեն լսի ու հակառակը: Դրա համար էլ այն կոչվում է չկոնֆերանս: Տարեց տարի շեղումը կամ ծրագրավորման ուղղությամբ էր լինում, կամ մեդիա, սոցիալական ցանցեր: Այս տարի հնարավորինս լայն սպեկտրով ենք հրավիրել մասնակիցներին` սկսած շատ նեղ թեմաներից` տեխնիկական ուղղվածության, ծրագրավորում, վերջացրած շատ լայն` մեդիա ոլորտով»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ կան հյուրեր արտերկրից ու հետաքրքիր է նաև նրանց ելույթներին ծանոթանալը:

Փաստաբան Գևորգ Հակոբյանը, ով չկոնֆերանսի ելույթ ունեցողներից է, կարևորում է Բարքեմփի հարթակը, որպեսզի մատչելի ձևով խոսվի ՏՏ-ին և մեդիա ոլորտին առնչվող թեմաների մասին: Նա ելույթը նվիրված էր սոցիալական ցանցերում վիրավորանք ու զրպարտություն պարունակող գրառումներին, դրանց դեմ պայքարին, օրենսդրական բացին: «Իրավաբանությունը համարվում է բարդ ու ֆորմալ, իսկ Բարքեմփի շրջանակներում կարելի է առաց մտածելու, որ վայ կասեն ինքը ֆորմալ չխոսաց, լավ իրավաբան չի կամ այլ բաներ, կարելի է նյութը մատչելի մատուցել` առանց բարդ տերմինաբանության: Ինչ վերաբերում է թեմայիս, ես հասկացա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը իրավաբանական որոշակի նյութի կարիք ունի: Բարքեմփը հարմար առիթ էր այդ ամենը ներկայացնելու այս ոլորտի ժողովրդին, որ բլոգ են վարում, ֆեյսբուքում են շատ ակտիվ, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել ու ուրիշներից պաշտպանվեն»,-նշեց Գևորգ Հակոբյանը:

Նա իրեն լսելու հավաքվածներին փոխանցեց տեղեկատվություն, թե ինչ է վիրավորանքը, ինչով է այն տարբերվում զրպարտությունից, ինչ միջոցներով կարելի է պաշտպանել քեզ համացանցային տիրույթում: «Ես բացատրեցի, որ եթե մեզ վիրավորում են ֆայք հաշիվներից, մենք շատ քայլեր չենք կարող անել: Զրպարտության դեպքում կարող ենք դատարանի միջոցով հաստատել, որ կեղծ տեղեկություն է եղել, վիրավորանքի դեպքում պաշտպանության միջոցի խնդիր կա: Այսօր օրենսդրական բաց կա, որն էլ երևի պրակտիկ անհնարինությամբ է պայմանավորված, որովհետև եթե սերվերը գտնվում է Հայաստանից դուրս, դա լրացուցիչ խնդիրներ ու արդյունավետության ռիսկեր է բարձրացնում, որոնք հաղթահարելն ավելի դժվար է»,-հայտնեց փաստաբանը:

«Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան հայ ունկնդիրների հետ կիսվեց թվային հեռուստաընկերության իրենց փորձով, ներկայացրեց այն դժվարությունները, որոնց հանդիպել են, ու դրանց լուծման իրենց տարբերակները: Ելենա Կիրյուշինան կարևորեց բացառիկ բովանդակության ապահովումը,  որպեսզի այն գրավիչ լինի ու մարդկանց մղի այդ զանգվածային լրատվամիջոցի բաժանորդը լինելու մտքին: Նա շեշտեց, որ այսօր իրենց եկամուտները, ի տարբերություն երկու տարի առաջվա, գալիս են բաժանորդագրությունից: «2013-ին մեր եկամուտների 85 տոկոսը գալիս էր գովազդից, 2015-ին այն իջել է մինչև 19 տոկոս: Հիմա մեր եկամուտը մեծամասմաբ գալիս է բաժանորդագրությունից: Գումար վճարելով ԶԼՄ-ին` դուք այն դարձնում եք ավելի լավը»,-ասաց բանախոսը:

Ալիսա Առաքելյանը, ով ապագա ծրագրավորող է, «Բարքեմփ Երևան 2015»-ի կամավորներից է: Այն համարում է գիտելիքներ կուտակելու լավ միջոց: «Շատ հետաքրքիր է անցնում «Բարքեմփում», երկու օրը մեկ տարվա էմոցիաների ու գիտելիքների պաշար է տալիս, նոր ընկերներ ես ձեռք բերում»,-ասաց նա:

Ալիսա Առաքելյանը պատրաստվում է հաջորդ տարիներին հանդես գալ ելույթով: «Այդպիսի ցանկություն ունեմ, անպայման իմ ոլորտում մի բան ներկայացնելու եմ»,-նշեց կամավորը:

«Բարքեմփ Երևան 2015» չկոնֆերանսն այս տարի անցկացվում է մայիսի 30-31-ին՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանում: Բարքեմփը ոչ պաշտոնական խորհրդաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար: Այն իրականանում է զեկույցների, վարպետության դասերի, ցուցադրությունների, քննարկումների ձևով: Առաջին Բարքեմփը տեղի է ունեցել Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) 2005 թվականին, որից հետո նման չկոնֆերանսներ անցկացվում են աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: 2009 թվականին Բարքեմփ առաջին անգամ անցկացվել է Հայաստանում, իսկ 2010-ին` Արցախի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]