Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ծնողներն սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբանի

Հայ ծնողներն սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբանի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընտանիքները վերջին տարիներին իրենց երեխաներին առավել ճիշտ դաստիարակելու համար  հաճախ են դիմում հոգեբաններին: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը համոզված է՝ հոգեբանին դիմելը կարևոր է և անհրաժեշտ: «Ծնողները դիմում են խորհրդի համար, տեղեկանում, թե ինչ մեթոդներով կարելի է ավելի ճիշտ ուղղորդել իրենց երեխային: Սա ամոթ չէ, այլ շատ ողջունելի է ու կարևոր: Տարիքային ճգնաժամերի դեպքում էլ շատ հաճախ առաջանում են խնդիրներ, և հոգեբանները կարող են օգնել ծնողներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց հոգեբանը:

Նրա խոսքով՝ հայկական ընտանիքներում հաճախ բռնությունը որպես դաստիարակչական միջոց է կիրառվում: «Նման ընտանիքները, ցավոք, շատ են: Ծնողները կարծում են, որ բռնի ուժ կիրառելը լավ է, սակայն դա բազմաթիվ հոգեբանական և ֆիզիկական խնդիրներ է առաջացնում: Սխալ է ծեծի միջոցով երեխային ինչ-որ բան բացատրելը: Ծնողներին հաճախ թվում է, որ երեխաները շատ բան չեն հասկանում, և իրենք միշտ ճիշտ են: Նրանք չեն փորձում ընդունել երեխայի անհատականությունը, պարտադրում են իրենց տեսակետը երեխաներին: Բացի այդ, մեր ծնողները սիրում են նաև իրենց երազանքները «փաթաթել» երեխաների վզին, ինչը ևս մեծ խնդիր է»,-նշեց նա:

Հոգեբանի խոսքով՝ սերունդների միջև հաճախ հակասություններ են տեղի ունենում: «Ծնողները պետք է ընդունեն, որ իրենց երեխաները 21-րդ դարում են ապրում, պետք է փորձեն դաստիարակել նրանց ոչ թե այն մեթոդներով, որոնցով իրենք են դաստիարակվել, այլ ուրիշ եղանակով: Այսօրվա երեխաները բավականին ինքնուրույն են, և պետք է վստահել նրանց»,-նշեց նա:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 -ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ինՀայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]