Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքական շաբաթ. հայկական վանքերի ահագնացող վիճակից մինչև նախընտրական պայքար

Թուրքական շաբաթ. հայկական վանքերի ահագնացող վիճակից մինչև 
նախընտրական պայքար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել են դրսևորվել ակնհայտ հակահայկական տրամադրությունները երկրի իշխանական շրջանակների կողմից: Երկրի նախագահն ու վարչապետը սկսել են տարատեսակ հայտարարություններով մեղադրել ընդդիմադիր կուսակցություններին հայերի հետ հակապետական համագործակցության մեջ` ցանկանալով այդպիսով նվազեցնել այդ կուսակցությունների հեղինակությունը ժողովրդի շրջանում և սրելով հակահայկական տրամադրությունները երկրում: «Արմենպրես»-ը հետևել է Թուրքիայում անցնող շաբաթվա այս և մյուս իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ երկրում սկսեցին  ահազանգեր հնչեցվել պատմական Հայաստանի տարածքում անտերության մատնված և ոչնչացման եզրին գտնվող հայկական կոթողների վերաբերյալ: Նախ լրատվամիջոցները հայտնեցին, որ Մուշ քաղաքի` 18-րդ դարով թվագրվող Առաքելոց հայկական վանքը, որն արդեն երկար տարիներ է` մատնված է անտերության, վերածվել է խլուրդների բույնի: Խնդրի վերաբերյալ խոսել է Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միության նախագահ Ազիզ Դաղջըն, ով հայտնեց, որ արդեն զբաղվում է վանքի հարցով և այն պահպանելու համար դիմումներ է ներկայացրել համապատասխան մարմիններին: Ավելի ուշ նա հայտնեց հայկական մեկ այլ վանքի՝ Մշո Սուրբ Կարապետի վերականգնման անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ այս հարցով ևս դիմումներ են ներկայացվել մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններ:

Այս շաբաթ նոր զարգացում տեղի ունեցավ «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլամզերը, ով նախկինում մի քանի անգամ կանչվել էր հարցաքննության, կալանավորվեց «ծրագրավորված մարդասպանությանն աջակցելու» և «հանցախումբ կազմելու» հիմնավորումներով:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառի ղեկավարության որոշմամբ երկրում սպանված լրագրողներ Հրանտ Դինքի և Հաֆըզ Աքդեմիրի անուններով կոչվեցին երկու նորակառույց զբոսայգի: 2007 թվականին թուրք ազգայնականի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված Դինքի անունով զբոսայգին զբաղեցնում է 24 հազար քառակուսի մետր տարածք: 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում շարունակվող նախընտրական պայքարի շրջանակներում սկսեցին ակնհայտ դրսևորվել հակահայկական տրամադրություններ իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ակտիվորեն մասնակցում է հունիսի 7-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական քարոզարշավին, Ուրֆայում տեղի ունեցած հանրահավաքի ելույթում անդրադառնալով թուրք-քրդական բախումներին և, ակնարկելով ընդդիմությանը, հանդես եկավ զավեշտալի հայտարարությամբ` ասելով, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»: Իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրեց հայկական սփյուռքի հետ «առևտուր» անելու մեջ:

Սրանով, սակայն, Դավութօղլուն չսահմանափակվեց: Բաթմանում անցկացված հանրահավաքի ժամանակ նա, ակնարկելով նույն քրդական կուսակցությանը, որին իրենց աջակցությունն էին հայտնել Եվրոպայի հայերը, հայտարարեց. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է»: Ի պատասխան նրա նման հայտարարությունների Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» (#arkadasimermenidiasporası) հեշթագով արշավ սկսվեց:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի տարբեր ոլորտների 200 ներկայացուցիչներ կառավարությանն ուղղված «Հրատապ նախազգուշացում» անունը կրող հայտարարություն հրապարակեցին, որում կոչ են արել հետևել, որ ընտրական գործընթացն անցնի հանգիստ և ապահով միջավայրում: Հայտարարության մեջ թուրք գործիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին այն բանի առնչությամբ, որ ընտրական շեմը տասը տոկոսից չիջեցնելուն զուգահեռ, նախագահը հակասահմանադրական քայլերի է դիմում` մասնակցելով նախընտրական քարոզարշավին և երկրում իրավիճակը հասցնելով ավելի մտահոգիչ մակարդակի: 

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ Մուշ նահանգի Վարթո գավառում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր անդամներն անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:

Շաբաթվա ուշագրավ լուրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դադարել է Twitter-ում հետևել երկրի ներկայիս նախագահ և իր վաղեմի ընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրառումներին, ավելին՝ նա սոցցանցում իր ընկերների ցուցակից ջնջել է Էրդողանի անունը: Միջադեպը դարձել է սոցցանցի թուրք օգտատերերի զվարճանքի պատճառ: Օրինակ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Էրեն Էրդեմը Twitter-ում գրել է. «Աբդուլլահ Գյուլը unfollow է արել Էրդողանին: Բյուլենթ Արինչից (փոխվարչապետ) էլ spam ենք սպասում»:

Ամփոփեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]