Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի նավթի հիմնադրամի ակտիվները միայն կնվազեն. «Թուրան»

Ադրբեջանի նավթի հիմնադրամի 
    ակտիվները միայն կնվազեն. «Թուրան»

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը 5 տարի առաջ հետեւում է թողել նավթի արդյունահանման վերելքի բարձրակետ 2010 թվականը, իսկ այսուհետեւ Պետական նավթային իմնադրամի ակտիվները կշարունակեն միայն նվազել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման եզրակացության է հանգել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության` 2015 թվականի սկզբին Նավթի հիմնադրամի ակտիվները կազմում էին 37,1 մլրդ դոլար: Սակայն, հունվար-մարտի ընթացքում, նվազելով 2 մլրդ 173,6 մլն դոլարով, դրանք կազմել են 34 մլրդ 930,5 մլն դոլար: Ակտիվների նման կտրուկ կրճատմանը նպաստել են երկու գործոն. առաջին եռամսյակում նավթի գնի 48 տոկոսով նվազումը, ինչպես նաեւ ամերիկյան դոլարի նկատմամբ եվրոպական արտարժույթի փոխարժեքի նվազումը (հիմնադրամի ակտիվների մոտ 35 տոկոսը պահվում է եվրոյով):

«Թուրան»-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Հիմնադրամի ակտիվները այլեւս չեն կարող գերազանցել 37,1 մլրդ դոլար ցուցանիշը, քանի որ դա թույլ չեն տա Հիմնադրամի ծախսերը: Հիմնադրամի ամենախոշոր ծախսերը պետբյուջե տրանսֆերտներն են: Տարեկան Հիմնադրամից գրեթե 10 մլրդ դոլար ուղղվում է պետբյուջեի աջակցությանը: Այս տարվանից Հիմնադարամը սկսել է ֆինասնավորել Ադրբեջանի գազային նախագծերի հետ կապված ծախսերը: Հիմնադարամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը դեռեւս 2014 թվականի մարտին լրագրողներին հայտնել էր, որ «Նավթային հիմնադրամը 5 տարիների ընթացքում Ադրբեջանի միջազգային գազային նախագծերում 10 մլրդ դոլարից ավելի գումար է ներդնում: Ենթադրվում է, որ մինչեւ 2018 թվականի վերջը Հիմնադրամը այդ նպատակներով կծախսի տարեկան 2,5 մլրդ դոլարից ավելի գումար»:

Հիմնադրամի միջոցները օգտագործվում են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նոր սերնդի հորատանցքների շինարարության վրա: Այդ նպատակով արդեն ծախսվել է մոտ 500 մլն դոլար եւ առաջիկա երկու տարիներին պետք է ներդրվի եւս 600 մլն դոլար: Բացի այդ, Հիմնադրամը պետք է աջակցի SOCAR-ի գազաքիմիական համալիրի շինարարությանը, որը մեկնարկելու է 2016 թվականի եւ ավարտվելու է 2021 թվականին:

«Այդ պատճառով, նավթի մեկ բարելի դիմաց անգամ 100 դոլար գնի դեպքում Նավթային հիմնադրամի եկամուտները ապագայում հազիվ թե փակեն ծախսերը: Բանն այն է, որ ներկայում Հիմնադրամի եկամուտների 92 տոկոսից ավելին ձեւավորվում է «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» պայմանագրի շրջանակում եկամտաբեր նավթի իրացումից եկող մուտքերից: 2016 թվականից հետո այդ նավթահորերից նավթի արտահանման ծավալներն զգալիորեն նվազելու են, նվազելու է նաեւ նավթի գինը», -հաղորդում է «Թուրան»-ը` հավելելով, որ իր կանխատեսումներով` 2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները չեն գերազանցի 8,5 մլրդ դոլարը, իսկ ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 11,5 մլրդ դոլար:

Միջազգային սակարանների հեղինակավոր փորձագետների կարծիքով` նավթի գների անկումն առաջիկայում շարունակվելու է:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]