Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մայիսի 28-ին կապանցիները հարգանքի տուրք մատուցեցին Արամ Մանուկյանի հիշատակին

Մայիսի 28-ին կապանցիները հարգանքի տուրք մատուցեցին Արամ Մանուկյանի հիշատակին

ԿԱՊԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տոնը Սյունիքի մարզկենտրոնում սկսվել է կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից, որտեղ N զորամասի զինվորները զենք-զինամթերքի ուսումնական ցուցադրություն էին կազմակերպել. մարդիկ մոտենում եւ ծանոթանում էին զինատեսակներին, դրանց մասին տեղեկություններ պարունակող պաստառներին: Այնուհետեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, բազմաթիվ կապանցիներ, զինվորականներ, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները ծաղիկներ են դրել Առաջին Հանրապետության հիմնադիր (ծնունդով կապանցի) Արամ Մանուկյանի կիսանդրուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կապանի քաղաքապետարանից, Մայիսի 28-ին նվիրված միջոցառումների հանդիսավոր մասը կրկին կենտրոնական հրապարակում էր, որտեղ կազմակերպվել էր զորահանդես: Կապանի N զորամասի զինվորները հանդես են եկել ցուցադրական վարժություններով, նաեւ քայլերթ կատարել, որի ժամանակ նրանց են միացել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի կապակցությամբ, նշել է, որ այն թանկ է ու սիրելի յուրաքանչյուր հայի համար, քանզի իր մեջ կրում է մեր դարերի երազանքի իրականացումը` հայոց պետականության վերականգնումը, աշխարհի քաղաքական քարտեզին հայկական ինքնիշխան պետության հայտնվելը: «Թո՛ղ որ հայոց պատմության հետագա էջերում այլեւս առիթներ չունենանք խոսելու մեր պետականության վերականգնման մասին, այլ միայն` այդ պետականությունը կրողի` Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու բոլոր բնագավառներում հզորացման մասին: Բոլորիդ մաղթում եմ ստեղծարար ոգի եւ տքնաջան աշխատելու կամք` այսօր ունեցած մեր խաղաղությունը պահպանելու, բարեշեն երկիր ու ծաղկուն ապագա ունենալու համար», - եզրափակեց համայնքի ղեկավարը:

Իսկ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն ընթերցեց մարզպետ  Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես նշված է. «Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր ապագան եւ ապացուցեց, որ հայն օժտված է մտածելու, արարելու, կառուցելու և պատմական հարատեւ ընթացքի մեջ իր ուրույն տեղը պահպանելու աստվածատուր շնորհով…

… Սյունյաց անպարտելի աշխարհը մայիսի 28-ից հետո էլ ստիպված էր զենքը ձեռքին պայքարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության կազմում հայեցի ապրելու իր իրավունքը: Առաջին Հանրապետությունն իր կարճ, սակայն բովանդակալից գոյությամբ մեր ժողովրդի համար հանդիսացավ վերածննդի ու պետականաշինության խորհրդանիշը»

Զինվորներին ու հրապարակում հավաքվածներին շնորհավորել եւ պահպանիչ աղոթք է կարդացել Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել եւ Մայիսի 28-ի հաղթական խորհուրդը եւս մեկ անգամ կարեւորել ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Հարությունյանը, Կապանի N զորամասի հրամանատար գնդապետ Կ.Սերոբյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահը:

Իսկ քաղաքի մանկական զբոսայգու տարածքում ռազմադաշտային խոհանոց էր կազմակերպվել, եւ ցանկացողները տոնական օրը շարունակել են այստեղ՝ ճաշակելով զինվորական ուտեստներ ու սեղանների շուրջ շնորհավորելով միմյանց:

Օրվա երկրորդ կեսին Կապանի մշակույթի կենտրոնում Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում էր կազմակերպել «Ազատամարտի վետերանների միասնություն» ՀԿ Սյունիքի մարզային կառույցը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]