Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը մեր բոլոր հաջողությունների գրավականն է. Բակո Սահակյան

Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը մեր բոլոր հաջողությունների 
գրավականն է. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները եւ, որ ամենակարեւորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:

Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին եւ տեր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականությունը:

Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]