Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բարքեմփ Երևան 2015»-ը նոր հյուրեր ու նորություններ է խոստանում

«Բարքեմփ Երևան 2015»-ը նոր հյուրեր ու նորություններ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա ոլորտի մասնագետների և սկսնակների համար «Բարքեմփ Երևան 2015»-ը լավ առիթ կլինի հավաքվելու` ոլորտի նորություններին ծանոթանալու, մի շարք զեկուցումներ լսելու, ինչու չէ` նաև զեկուցելու: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բարքեմփ Երևանի համակազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը յուրաքանչյուր մասնակից կարող է ելույթով հանդես գալ, եթե հետևում է մի քանի պահանջների: «Բարքեմփը հիմնական խորագիր որպես այդպիսին չի ունենում, քանի որ ելույթների մեծ մասը ձեւավորվում է ավանդական կոնֆերանսների հակառակ ձևով: Յուրաքանչյուր մարդ կարող է առավոտյան գալ եւ իր ձեռքով սպիտակ գրատախտակին ընտրել լսարանն ու ժամը և գրել, թե ինչ թեմայով ելույթ կունենա։ Միայն մի քանի պահանջ կա դրված ելույթ ունեցողի առաջ․ ելույթը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների կամ մեդիա ոլորտից, եւ գրատախտակին պետք է դեռ ազատ տեղ լինի։ Եվ, իհարկե, ելույթը պետք է լինի հետաքրքիր, քանի որ ձանձրալի, կիլոմետրանոց, մաքուր գովազդային ելույթների ժամանակ մարդիկ պարզապես վեր են կենում և գնում հարևան լսարաններ, որոնք երեքն են լինելու»,-հայտնեց Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` բացի ելույթներից, կան նախօրոք հայտարարված վարպետության դասեր, որոնք արդեն հայտնի են։ «Բարքեմփ Երևան 2015»-ին տեղի կունենան տեխնիկական, ծրագրավորման հետ կապված դասընթացներ (workshop), որոնք հետաքրքիր կլինեն նեղ մասնագետներին։ Կան նաև մեդիաոլորտի, անվտանգության, ստարտափներին վերաբերող աշխատանքային դասընթացներ»,-հայտնեց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ակնկալվող մասնակիցների թվաքանակին, ապա Սամվել Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի Բարքեմփը կունենա 2 հազարից ավելի ունկնդիր: «Անցյալ տարի, շատ նախնական հաշվարկներով, մենք ունեցանք մոտ 1500-1800 մասնակից։ Եվ ամեն տարի մասնակիցների թիվը հստակ աճում է։ Այս տարի արդեն 1800 հոգուց ավելին գրանցվել են հատուկ համակարգում, տեղադրել իրենց տվյալները։ Ֆեյսբուքում գրանցվածների թիվը 2.5 հազար է արդեն»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

«Բարքեմփ Երևան 2015»-ը բացառություն չի լինի և այս տարի էլ չկոնֆերանսին կհյուրընկալվեն արտասահմանյան հայտնի տեխնոլոգներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ: «Հյուրերի թվում է հանրահայտ Meduza.io լրատվականի խմբագրերից Ալեքսանդր Պոլիվանովը, «Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան, Մեդիա ոլորտի հայտնի մասնագետ Լեսլի Ջին Թորնթոնը` ԱՄՆ-ից, տվյալների լրագրությամբ զբաղվող Նինո Մաչարաշվիլին` Վրաստանից»,-տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ հետաքրքիր կլինի լսել նաև հայաստանյան մասնագետների ելույթները:

«Բարքեմփ Երևան 2015» չկոնֆերանսն այս տարի կանցկացվի մայիսի 30-31-ը՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանում: Բարքեմփը ոչ պաշտոնական խորհրդաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար: Այն իրականանում է զեկույցների, վարպետության դասերի, ցուցադրությունների, քննարկումների ձևով: Առաջին Բարքեմփը տեղի է ունեցել Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) 2005 թվականին, որից հետո նման չկոնֆերանսներ անցկացվում են աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: 2009 թվականին Բարքեմփ առաջին անգամ անցկացվել է Հայաստանում, իսկ 2010-ին` Արցախի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]