Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանում ժամկետանց թունաքեմիկատների ոչնչացմանը

ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանում ժամկետանց թունաքեմիկատների ոչնչացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն Հայաստանի տարածքում գտնվող 1,050 տոննա կայուն օրգանական աղտոտիչ հանդիսացող և այլ ժամկետանց թունաքիմիկատներ: Թունաքիմիկատների ոչնչացումը նախանշված է մայիսի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ծրագրային փաստաթղթով:

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

«Արդեն ժամանակն է վերջնական լուծում տալու երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրին, այսինքն՝ լիկվիդացնելու Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված թափոնները, վնասազերծելու և վերականգնելու թունաքիմիկատներով աղտոտված տարածքները, որին և ուղղված է սույն ծրագիրը: Այն կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ժամկետանց թունաքիմիկատների անբարենպաստ ազդեցության կանխարգելմանը», - «Արմենպրես»հաղորդմամբ, փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում նշեց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը առաջարկում է եղած ժամկետանց պեստիցիդները տեղափոխել երրորդ երկիր, որտեղ համապատասխան տեխնոլոգիաներվ կիրականացվի այրում և վնաս չի հասցվի շրջակա միջավայրին»

Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված ԿOԱ-ի թափոնները, ինչպես նաև հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: Ընդհանուր առմամբ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն 1,050 տոննա կայուն օրգանական աղտոտիչ հանդիսացող և այլ ժամկետանց թունաքիմիկատներ և կվնասազերծվի բարձր աղտոտվածությամբ 7,100 տոննա հող: Եվս 12,700 տոննա ավելի ցածր մակարդակի աղտոտվածություն ունեցող հողային զանգված կպարփակվի անվտանգ եղանակով:

«Հաշվի առնելով բոլոր գործընկերների՝ կառավարության համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված փոխգործակցության ոգին, համոզված ենք, որ այս կարևոր, բայց և բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնենք: Ճկունությունը և նորարարությունը պետք է դառնան հիմնական ուղենիշներ ծրագրի իրականացման ընթացքում որոշումների կայացման համար», - իր ելույթում նշեց Բրեդլի Բուզետտոն:

Չորս տարի տևողությամբ ծրագրի իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) հատկացրել է 4.7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:  Աշխատանքները պետք է իրականացվեն` հաշվի առնելով ազգային օրենսդրության պահանջները, մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող նորմերը, ինչպես նաև մի շարք միջազգային բազմակողմ համաձայնագրերի պահանջները:

Երկամյա նախապատրաստական փուլի արդյունքում ՄԱԶԾ-ն ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ միասին իրականցրել են մանրակրկիտ ուսումնասիրություն և նպատակահարմարության վերլուծություն` մասնավորապես կենտրոնանալով  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրների վրա:

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ մինչև 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ լիկվիդացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված և հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]