Իսպանիայի Սանտա Մարգարիտա քաղաքը պաշոտանապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Մարգարիտան նույնպես միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից, Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանի՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով, որ որոշ կառավարություններ չեն ընդունում Ցեղասպանությունը, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները,
Հաշվի առնելով, որ մարդկության դեմ ուղղված հանացագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է,
Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում,
Հաշվի առնելով, որ այդ Ցեղասպանությունը Հոլոքոստի, Ռուանդայի և Բալկանների ցեղասպանությունների նախատիպն է,
Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝
Քաղաքապետարանը որոշում է.
աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում,
պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում