Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցել Տոկիոյում

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ 
ունեցել Տոկիոյում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել ՌՈՏՈԲՈ կազմակերպության Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Հիրոշի Տակահաշիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ առեւտրատնտեսական կոմիտեների ստեղծմանը, հայ եւ ճապոնացի գործարարների միջեւ կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ համատեղ գործարար ֆորումների անցկացմանն առնչվող հարցեր:

Խորհրդարանական պատվիրակության հաջորդ հանդիպումը Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ կարեւորելով այս տարվա հունվարից Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը, ինչը նպաստում է համատեղ ջանքերով հաստատված բարեկամական կապերի առավել խորացմանը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Տակաո Մակինոյին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով` հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի զարգացմանն աջակցելու համար:

Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ: Կողմերը քննարկել են Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ` կարեւորելով ներկայում բնական աղետների կանխարգելման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:

Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]