Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում քննարկել են ԱՊՀ երկրների էներգահամակարգերի տեխնիկական վերազինման հարցը

Երևանում քննարկել են ԱՊՀ երկրների էներգահամակարգերի տեխնիկական 
վերազինման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 26-ին տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը: Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև  այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին:

ԱՊՀ էներգետիկները Երևանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաև էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երևանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին հյուրընկալության և միջոցառումը հիանալի կազմակերպելու համար: Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն է: Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014-2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները և կնախանշենք հետագա գործողությունների պլանը: Կքննարկենք նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը: Վստահ եմ, որ հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի անկրկնելի մթնոլորտը լրացուցիչ ազդակ կհանդիսանա  արդյունավետ աշխատանքի և բովանդակալից քննարկումների համար»,-ասել է Ալեքսանդր Նովակը:

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Անկասկած, երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կցանկանայի առանձնահատուկ  կարևորել վերջերս Ազգային ժողովում վավերացված Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության հետ: Մեզ համար շատ կարևոր է նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47-րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման հարցի քննարկումը»,-ասել է Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին մաղթել է հաջող ու արդյունավետ աշխատանք: «Նախ կցանկանայի տեղեկացնել նախորդ նստաշրջանից հետո Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին»,- ասել է Երվանդ Զախարյանը: Նախարարը խոսել է, մասնավորապես, ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքների մասին և նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու աշխատանքների իրականացմանը:

Դրանից բացի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նորերի կառուցման համար: Երվանդ Զախարյանն այդ ծրագրերից առանձնացրել է 220 կՎ «Հաղթանակ» և «Աշնակ», 110 կՎ «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների, ինչպես նաև «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագրերը: Հայաստանի էներգահամակարգի համար նախարարը կարևոր է համարել է նաև SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները:

Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից Երվանդ Զախարյանը կարևորել է Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորում կատարված աշխատանքների մասին ու նշել, որ 2015թ. մարտին ստորագրվել է նաև Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով, 2014-2015 թվականների աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների: «Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար: Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը»,-ասել է Երվանդ Զախարյանը:

«Եզրափակելով ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քայլեր է ձեռնարկել բարելավելու էներգետիկ արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև համակարգում ներդրումների արդյունավետությունը»,-ամփոփել է նախարարը:

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների և ուղղությունների մշակմանը (այդ թվում` կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում), ինչպես նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով տեխնիկական կանոնակագրերի մշակմանը:

ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով: Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]