Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուխտագնացություն Շաղափ` Անդրանիկ Օզանյանի զինվորուհու շիրիմին

Ուխտագնացություն Շաղափ` Անդրանիկ Օզանյանի զինվորուհու շիրիմին

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի Շաղափ համայնքում, որտեղ հանգչում է Անդրանիկ Օզանյանի միակ զինվորուհին` ազգությամբ հույն Քրիստինա-Հայաստանը, տեղի ունեցավ ուխտագնացություն եւ ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը ներկա էին անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի  եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, Շաղափի դպրոցի տնօրեն Լյովա Միքայելյանը, համայնքի բնակիչները, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց շիրիմի մոտ խնկարկմամբ, ծաղկադրման արարողությամբ: Ապա դպրոցի դահլիճում տնօրեն Միքայելյանը ողջունեց ուխտագնացներին եւ ներկայացրեց Քրիստինա-Հայաստանի կենսագրությունը: Նա հելլենուհի է: Ծնվել է Արեւմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Հասանկալա գավառի Հեքապատ գյուղում` հույն Լազարի ընտանիքում: Հեքապատում հայերի հետ մեկտեղ ապրում էին նաեւ հույներ: Քրիստինան սիրահարվում է իր հարեւան Բարսեղի Հարութին եւ ամուսնանում նրա հետ: Հենց այս ընտանիքում էլ Քրիստինան դառնում է Հայաստան: Ցեղասպանությունից մազապուրծ` նրանք գալիս են Ղարաբաղ: Այստեղ հիվանդությունից մահանում են Քրիստինա-Հայաստանի ամուսինն ու չորս զավակները:

Այս ժամանակ Անդրանիկ Օզանյանը զորքով մտնում է Զանգեզուր: Վրեժի զգացումը սրտում` Քրիստինա-Հայաստանը խնդրում է Անդրանիկին զինվորագրել իրեն: Անդրանիկը սկզբում չի համաձայնվում, հորդորում է նրան ամուսնանալ, զավակներ ունենալ: Սակայն, Քրիստինա-Հայաստանն ավելի համառ էր: Նա ընդգրկվում է Անդրանիկ Օզանյանի հատուկ ջոկատում, եւ ռուս տղաների հետ կռվում է Զաբուղի կիրճում: Հետագայում, երբ Անդրանիկ Օզանյանը լուծարում է կամավորական ջոկատները, եւ գնում Էջմիածին զենքը հանձնելու Գեւորգ 5-րդ կաթողիկոսին, Քրիստինա-Հայաստանը Սեբաստացի Կարապետ Պապիկյանի հետ մնում է Արարատի մարզի Շաղափ գյուղում: Նրանք ամուսնանում են, ընտանիք ստեղծում: Որդի են ունենում, որին Անդրանիկ անունն են տալիս ի պատիվ Զորավարի: Մեծ հայրենականից առաջ Քրիստինա-Հայաստանի ամուսինը մահանում է, իսկ որդին` Անդրանիկը զոհվում է պատերազմում: Միայնակ մնացած Քրիստինա-Հայաստանը որդեգրում է Սեւանի ավազանից մի պատանու, դառնում է նրան մայր, խնամում նրա երեխաներին: Այժմ Քրիստինա -Հայաստանը հանգչում է Շաղափ համայնքում: Տեղի բնակիչները նշում են նաեւ, որ զորակոչիկներին բանակ ճանապարհելուց առաջ նա օրհնում էր Արեւմտյան Հայաստանից բերած իր Ավետարանով: 90-ամյա Քրիստինա-Հայաստանը, երբ հերթական անգամ շտապել է հարեւանի տղային բանակ ճանապարհելու, ավտովթարի է ենթարկվել: Նա մասնակցել է գյուղի հասարակական կյանքին, նպաստել նրա զարգացմանը:

Ռուբեն Սիմոնյանն իր խոսքում հետաքրքիր մանարամասներ ներկայացրեց զիվորուհու կյանքից: Նրա խոսքով, իր գրչակից ընկերներից տարիներ առաջ լսելով, որ Շաղափում հանգչում է Անդրանիկ Օզանյանի զինվորուհին` գնացել է նրա հետքերով: Երկարատեւ որոնումներից հետո համապատասխան նյութեր է հավաքել Քրիստինա-Հայաստանի մասին, ձեռք է բերել նրա միակ լուսանկարը: Հարուստ նյութերի շնորհիվ ծնվել է նրա նոր ժաղովածու-էսսեն` Քրիստինա-Հայաստանի, Անդրանիկի կյանքի փակ էջերի մասին: Իր խոսքում նա ներկաներին ծանոթացրեց նաեւ Անդրանիկ Օզանյանի կյանքի՝ մինչ այժմ անհայտ էջերին: Նա դպրոցին նվիրեց Օզանյանի մասին փաստավավերագրական գրքեր:

Շաղափի դպրոցականները հյուրերի համար պատրաստել էին մեծ զորավարի  150-ամյակին նվիրված միջոցառում: Հնչեցին նաեւ հայրենասիրական, ազգագրական երգեր ու պարեր:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]