Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակակիրները

Հայտնի են ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկու անվանակարգ 2014թ. տարբեր բնագավառներում մեծագույն ներդրում ունեցած անձանց համար. ոլորտները տարբեր են` գիտությունից մինչեւ մշակույթ, արվեստ, բժշկություն ու գրականություն: Մասնագիտական հանձնաժողովը չի մոռացել նաեւ այն անձանց, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունն ու այն անձանց, ովքեր անձնվիրաբար մարդասիրական օգնություն են տրամադրել` փրկելով հայերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահական նստավայրում մրցանակները հանձնում է անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ մրցանակը խթան կհանդիսանա հետագայոմ առավել մեծ ավյունով ստեղծագործելու համար:

«Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերը արդյունք են տվել, գնահատվել: Ձեզնից յուրաքանչյուրը փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում: Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարեւոր խնդիրներից է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի եւ կարողության, տաղանդի եւ փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, պետք է փոխանցնեք սերնդեսերունդ եւ զարգացնենք»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանութան տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում այս մրցանակաբաշխությանը: «Անշուշտ, տարելիցը ոչ որեւէ բանի վերջն է, ոչ էլ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծն է: Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության հայերին պարտադրեցին գողգոթա միայն իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքները անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները նանոկառուցվածքներ են ուսումնասիրում: Սրանք, հիրավի, հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել եւ վերացնել ծրագրողներին եւ ցանկացողներին: Այս պատասխանը տվել են հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել, շենացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անվանակարգի մրցանակը հանձնել Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանությունը վերապրած քսաներեք կանանց:

«Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը»,- նշեց Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամք տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների եւ որբերի: «Դրանց շարքում անգնահատելի  էր Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի աշխատանքը: Մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակն ու երախտագիտություն հայտնում»,- ասաց Նախագահը:

Ցեղասպանությունը վերապրած 23 կանանց տրամադրվել է 23 միլիոն դրամ, որը հատկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Դրամական պարգեւը կանանց տրամադրվել է ապրիլի 24-ին:

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն (այժմ Մերձավոր Արեւելքի հիմնադրամ) Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին եւ որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն է ցուցաբերել: Հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինն իր շնորհակալական խոսքում ասաց, որ մրցանակը մեծ պատիվ է իր համար: «Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը հիմնականում անհայտ է մնացել մեր երիտասարդ սերունդների համար, չնայած անցյալ տարվա ընթացքում որոշակիորեն սկսել է փոխվել շատ մարդկանց ջանքերով` ովքեր աշխարհի ուշադրությունը հրավիրեցին Հայոց ցեղասպանության եւ 100 տարի առաջ Ամերիկայի արձագանքի վրա»,- ասաց Բենջամինը` հավելելով, որ հիմնադրամի ջանքերով փրկվել է մոտ մեկ միլիոն հայի կյանք, ներառյալ 132 հազար որբեր, որոնց մասին հոգ էին տանում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի որբանոցներում, դպրոցներում եւ մասնագիտական վերապատրաստման կենտրոններում:

Հակոբ Մարգարյանը, Նունե Հակոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանը տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիան տեխնոլոգիաների բնագավառում են լավագույնը «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբեւեռաչափ աշխատանքի» համար:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Արվեստի բնագավառում եղել են արժանի աշխատանքներ, որոնք առանձնացել են բովանդակային եւ գեղարվեստական առանձնահատկությամբ: Այս տարի նշյալ բնագավառում լավագույններն են «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն ու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Մրցանակակիրներն են ֆիլմի համար` Ռուբեն Գասպարյանը, իսկ օպերետի` Երվանդ Ղազանչյանը, Լալա Պուլուզյանը, Ավետիք Խալաթյանը, Արսեն Գեւորգյանը, Վահագն Մարգարյանը: «Չորս տարի առաջ սկսեցինք այս ֆիլմի վրա աշխատանքը, նպատակ ունենալով ցույց տալ հարուստ հայկական պատմությունը ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ դրա սահմաններից դուրս: Հավատացե՛ք, այնպիսի պատմական դրվագներ կան, հրաշքներ կան արեւելքում: Անհավատալի է, որ մենք կարողացանք ստեղծել այս աշխատանքն ու հասնել սրան»,- ասաց Ռուբեն Գասպարյանը:

«Դժվարանում եմ գնահատել այս մրցանակը: Սա թատրոնի մրցանակն է եւ սա է որոշելու, որ վաղն ավելի հետաքրքրական լինենք: Շատ աշխատանքի արդյունքն այն է, որ ես այսօր այստեղ եմ»,- ասաց Երվանդ Ղազանչյանը` շնորհակալություն հայտնելով Նախագահից թատրոնի դահլիճի նորոգման համար տրամադրած աջակցության համար:

Բժշկագիտության բնագավառում մրցանակի են արժանացել միանգամից երկու աշխատանքային խմբեր: «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական եւ վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանում» աշխատանքի համար մրցանակի արժանացան Հովհաննես Սարկավագյանը, Տիգրան Խաչատրյանն ու Արմեն Խանոյանը:

Արա Բաբլոյանը, Աշոտ Սարգսյանը, Սահակ Առաքելյանը, Խաչատուր Քյուրքչյանն ու Հելեն Նազարյանն էլ «Հայաստանի քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական եւ սոցիալական ռեբիլիտացիայի երկարատեւ ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը» աշխատանքի համար: Սա քսան տարվա աշխատանքի արդյունք է, որը փրկում է մարդու կյանքն ու վերադաձնում կյանքի որակը:  «Անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Այս բարձրագույն պարգեւը մեր մեծ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է»,- ասաց Բաբլոյանը:

Ֆիզիկայի բնագավառում մրցանակի արժանացան Խաչատուր Ներկարարայանն ու Արսեն Բաբաջանյանը «Մակերեւութային պլազմոն պոլարիտոնների գրգռման եւ տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածաշարքի համար:

Գրականության բնագավառում Զավեն Բոյաջյանն է լավագույնը: Նա մրցանակի է արժանանում Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար ունեցած մեծ վաստակի համար:

Հումանիտար եւ բնական գիտությունների բնագավառում մրցանակ չի տրվել, քանի որ ներկայացված աշխատանքները չեն համապատասխանել նշաձողին:

Շնորհվեցին նաեւ ՀՀ Նախագահի 2014թ. երիտասարդական մրցանակներ:

Արվեստի բնագավառում լավագույնի կոչմանն են արժանացել միանգամից երեք ստեղծագործող: Մանվել Ղալաջյանը «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արեւիկ Արոյանը «Գեւորգյան ճեմարանի սաները» կտավի համար եւ Արեն Մալաքյանը «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողության» անվանակարգում Մարիամ Մկրտչյանն ու Անդրանիկ Մալխասյանը նախագահի մրցանակի արժանացան բարձր կատարողական արվեստի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Սերգեյ Աբրահամյանը (կլառնետ), Շողեր Հովհաննիսյանն (դաշնամուր) ու Արտավազդ Համբարյանը (դաշնամուր) մրցանակի արժանացան լավագույն կատարման համար:

Գրականության բնագավառում այս տարի մրցանակակիր չի եղել:

Մրցանակները և դրամական պարգևը մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]