Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաննի 68-րդ կինոփառատոնում հաղթել է անօրինական ներգաղթյալների մասին «Դիպան» ֆրանսիական ֆիլմը

Կաննի 68-րդ կինոփառատոնում հաղթել է անօրինական ներգաղթյալների մասին 
«Դիպան» ֆրանսիական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի 68-րդ փառատոնի ժյուրին՝ Ջոել եւ Իտան Կոեններ եղբայրների գլխավորությամբ, մայիսի 24-ի երեկոյան ամփոփել է հեղինակավոր կինոստուգաստեսի արդյունքները: Գլխավոր պարգեւը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», հակառակ բազմաթիվ քննադատների սպասումներին, բաժին է հասել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիյարի «Դիպան» ֆիլմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Որոշումն ընդունվել է շատ արագ: Ժյուրիի բոլոր անդամները հիացած էին»,- մամուլի ասուլիսում խոստովանել է նրա համանախագահ Ջոել Կոենը:

Օդիյարի սոցիալական դրաման պատմում է Շրի Լանկայից անօրինական ներգաղթյալի ճակատագրի մասին: Գլխավոր դերերը կատարել են Ժեսուտասան Անտոնիտասանը, Կալիե Ասֆարի Սրինիվասանը եւ Կլոդին Վինասիտամբին: Կինոնկարի հերոսը «Թամիլ-Իլամի ազատագրման վագրեր» ապստամբական շարժման վետերանն է, որն ապօրինաբար Եվրոպա է ժամանում կեղծ ընտանիքով: Տարագրության մեջ նա հայտնվում է Ֆրանսիայում, որտեղ բախվում է դաժանության ու անտարբերության աշխարհին:

Կաննի փառատոնում կարեւորությամբ երկրորդ պարգեւը՝ Գրան պրին, այս տարի ստացել է հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» կինոժապավենը, որը պատմում է Հոլոքոստի մասին:

Լավագույն ռեժիսուրայի համար պարգեւին արժանացել է տայվանցի կինեմատոգրաֆիստ Հոու Սյաոսյանը «Մարդասպանը» ֆիլմի համար:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է ֆրանսիացի դերասան Վենսան Լինդոնը: Նա գլխավոր դերն է կատարել ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» ֆիլմում: «Կնոջ լավագույն դերը» անվանակարգում հաղթանակը բաժանել են ամերիկուհի Ռունի Մարան Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմի համար եւ ֆրանսուհի Էմանուել Բերկոն, որը խաղացել է Մայվենի «Իմ արքան» ֆիլմում:

Ժյուրիի մրցանակն ստացել է հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը «Լոբստեր» ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար մրցանակը հանձնել են մեքսիկացի Միշել Ֆրանկոյին «Քրոնիկ» կինոնկարի համար: «Ոսկե խցիկը», որով պարգեւատրում են լիամետրաժ ֆիլմի լավագույն դեբյուտանտին, բաժին է հասել կոլումբիացի Սեսար Աուգուստո Ասեւեդոյին «Հողը եւ ստվերը» ֆիլմի համար: «Փոքր Ոսկե արմավենու ճյուղը» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար ստացել է լիբանանցի Էլի Դագերը «Ալիք-98» անիմացիոն աշխատանքի համար:

Այսպիսով, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կաննի 68-րդ փառատոնի գլխավոր հաղթահերոսը դարձել է ֆրանսիական կինեմատոգրաֆը: Բացի «Ոսկե արմավենու ճյուղից», ֆրանսիացիները, որոնք հիմնական մրցույթում ներկայացված էին միանգամից հինգ կինոնկարներով, արդյունքում նվաճել են եւս երկու գլխավոր մրցանակ՝ տղամարդու եւ կնոջ լավագույն դերերի համար: Իսկ իտալացի կինեմատոգրաֆիստները, ներառյալ Նանի Մորետին եւ Անտոնիո Սորենտինոն, որոնց շատ քննադատներ հաջողություն էին կանխատեսում, այս անգամ մնացել են առանց պարգեւների:

Կաննի կինոփառատոնն այս տարի տեղի է ունեցել մայիսի 14-ից մինչեւ 24-ը ափամերձ Կրուազետում: Ընդամենը հիմնական մրցութային ծրագրին մասնակցել է 19 կինոնկար:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]