Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ 
պատկերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Աշխարհի տարբեր երկրներում շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, Հայաստանյան «Genealogy» խումբը հանդես եկավ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում, իսկ երկրի հասարակական կյանքում առաջնային էր էլեկտրաէներգիայի թանկացման թեման։

 Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից 

Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Իսկ Մեխիկոյում մայիսի 14-ից 17-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք խոշոր մշակութային միջոցառումներ: Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում մայիսի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի հետ մայիսի 18-ին զրուցել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու նպատակով Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մասին:

Կատալոնիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստակի նախագահությամբ մայիսի 18-ին տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը նախատեսում է հիմնադրել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»  միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: 

Հայոց ցեղասպանությունը պատմությունից դասեր չքաղելու ռիսկերի, ցեղասպանությունները ժխտելու հետևանքով առաջացած վտանգների և դրանց կազմակերպիչների անպատժելիության երկարաժամկետ վնասների հիշեցումն է: Սրանք գործոններ են, որոնք նպաստում են հետագայում ցեղասպանությունների իրականացմանը: Այս մասին նշել է Կանադայի Արքայական ռազմական քոլեջի դասախոս, քաղաքագետ Ալան Ուիթհորնը՝ ցեղասպանությունների մասին իրազեկվածության և դրանց կանխարգելմանը նվիրված աշխատության մեջ:

Վերջին շրջանում հաջողվել է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների մեծ խումբ, որն իր մասնակիցների քանակով զիջում է միայն Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների խմբին: «Ցեղասպանության հանրագիտարան» գրքում նման դիտարկում է արել իսրայելցի հայտնի հոգեբան և ցեղասպանագետ, Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին:

Մահվան երթի «ամենադասական» օրինակը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին «Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության հանրագիտարան»-ում լույս տեսած հոդվածում գրել է Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի իրավաբանության պրոֆեսոր և իրավագիտության բաժնի ղեկավար Ջոշուա Կաստելինոն: 

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Իտալա-արաբական «Ասադակահ» կենտրոնը  տքնաջան աշխատելու է իտալիական կառավարության, ինստիտուտների և հասարակության հետ` հասնելու Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանն այդ երկրում: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում այս մասին հայտնեց «Ասադակահ» կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահ Ջուզեպե Տրոտան:

Մայիսի 22-ին Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բրյուսելի որդեգրած դիրքորոշումը: 

ԼՂ հակամարտություն 

Հայաստանի իշխանությունների համար լուրջ մտահոգության առիթ է Ադրբեջանի քաղաքական էլիտայի այլատյացությունը, թշնամական հռետորաբանությունը, որի հիմնական թիրախը Հայաստանն է ու այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ: Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 22-ին Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ խոսելով նաեւ ԼՂ հակամարտության մասին։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում առանձին քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որին ակտիվորեն մասնակցել են հայկական պատվիրակության անդամները: 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությանն առաջարկել օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին՝ պետբյուջեի միջոցների հաշվին:

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում անցկացրեց Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: 

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթ 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մրցույթի պաշտոնական բացման արարողությանը ներկայացել են նռան գույնի հագուստով: Իսկ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել խմբին:

Մայիսի 19-ին մրցույթի առաջաին փուլի արդյունքներով պարզ դարձավ, որ «Genealogy» խումբը կշարունակի պայքարը երգի միջազգային մրցույթի եզրափակիչում: Հայաստանի հետ եզրափակիչ էին անցել Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան: Խումբն առավել մեծ հպարտությամբ մասնակցելու է մրցույթի եզրափակիչին: Խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին բոլորին աջակցության համար: Հայտնի դարձավ նաեւ, որ եզրափակիչում խումբը հանդես կգա վեցերորդ համարի ներքո

Մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավելի երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը

Մայիսի 22-ին Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հարապարակել էր «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի իր անվանակարգը՝ փորձելով կանխատեսել, թե այս տարի որ երկրի ներկայացուցիչն է հաղթելու միջազգային մրցույթում: Թերթի կանխատեսումներով՝ 2015-ի հաղթողը կլինի Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը՝ իր «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով: 

Մայիսի 23-ին կայացած եզրափակչում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝  «Heroes» երգով: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: 

Ներքաղաքական 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իշխանությունների հետ միասնական մոտեցում ձևավորելու հնարավորություններ տեսնում է, սակայն այն կարծիքին է, որ դեռևս վաղ է խոսել լիարժեք փոխըմբռնման մասին: Խմբակցությունն առաջարկեց փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական վերաբերմունք հայտնեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի այս նախագծին, իսկ մայիսի 20-ին Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ 

Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրել: Մայիսի 18-ին Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց աշխատանքը: Խորհրդարանի աշխատանքը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ազգային ժողովի նիստը մեկնարկել էր  թեժ մթնոլորտում: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մտահոգում և անհանգստացնում է Հայաստանի իշխանություններին: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարված կլինի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների գրպանին, այլ նաև մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պատրաստ է ընթացք տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ հայց ներկայացնելուն, եթե լինեն չարաշահումների վերաբերյալ նյութեր, գողություն իրականացրած մարդկանց անուններ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն այս պահին հիմքեր չունի Հայաստանի էլեկտրական ցանցերում գողության դեպքերի մասին խոսակցություններին քրեադատավարական ընթացք տալու համար:

 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը չի միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, քանի որ այդ հարցը իր հետ նախօրոք չեն քննարկել:  

Հրդեհ Բաքվում 

Բաքվի Ազադլըգ պողոտայում գտնվող թիվ 289 բազմահարկ բնակելի շենքում մայիսի 19-ի առավոտյան սկսված հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]