Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կապանցի շրջանավարտների երազանքները՝ վառվող կանթեղներում

Կապանցի շրջանավարտների երազանքները՝ վառվող կանթեղներում

ԿԱՊԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի երկու ավագ, հինգ միջնակարգ դպրոցներում եւ մեկ հատուկ կրթահամալիրում 270 շրջանավարտ մայիսի 22-ին հրաժեշտ տվեց դպրոցին: Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկա էին բոլոր դպրոցների «Վերջին դասի» արարողությանը եւ աշակերտներին փոխանցեցին Կապանի քաղաքապետի շնորհավորական ուղերձն ու բոլոր շրջանավարտներին` նրա կողմից անվանական հուշանվերներ՝ քաղաքի խորհրդանիշներով:

Իսկ համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը մասնակցեց Կապանի ծայրամասային թաղամասերից մեկի թիվ 8 միջնակարգ դպրոցի տոնական միջոցառմանը:

Երեկոյան արդեն հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում, որտեղ հավաքվել էին շրջանավարտները, նրանց ծնողներն ու մանկավարժները:

Միջոցառման սկզբում 2014-2015 ուստարվա շրջանավարտներին ողջունեց ու շնորհավորեց Կապանի քաղաքապետը: Նշելով, որ սա նրանց համար պատասխանատու եւ յուրօրինակ մի սահմանագիծ է, որը դպրոցական զանգի վերջին ղողանջներով խորհրդանշում է հրաժեշտ կյանքի կարեւոր մի շրջափուլի եւ նորի սկիզբ՝ բազում երազանքներով, ծրագրերով՝ նա մաղթեց բոլորին, որ կյանքի կոչվեն բոլոր նվիրական իղձերը, ապագա նոր շրջափուլի հետ կապված հույսերն ու բազմաթիվ սպասելիքները: «Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ ձեր ուսուցիչներին եւ ծնողներին. համոզված եմ՝ բոլորդ եք նրանց շնորհակալ եւ գնահատում եք աշակերտական նստարանին ու ընտանիքում ստացած դասերը, որոնցով արդեն հասուն կյանքի ճանապարհ եք ելնում: Վստահ եմ, որ ձեր ապրած բոլոր տարիներին ջերմությամբ եք հիշելու հարազատ կրթօջախներն ու ձեր մեջ գիտելիք ու բարություն սերմանած ուսուցիչներին», - նշեց քաղաքապետը:

Սյունքի մարզպետի շնորհավորական ուղերձը հնչեցրեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Դրանում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, դուք կյանքի նոր աստիճան եք ուղղորդում մի նոր սերնդի, որին փոխանցել եք ձեր գիտելիքներն ու հոգու ջերմությունը: Խոնարհումով ու հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայրենանվեր աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաեւ հուզումնալից պահ ապրող բոլոր ծնողներին եւ հույս հայտնում,որ իրականություն կդառնան իրենց զավակների հետ կապված բոլոր նվիրական երազանքները: Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ, որ դուք հպարտությամբ միշտ բարձր կպահեք Հայաստանի հանրապետության քաղաքացու եւ սյունեցու պատիվը»:

Ելույթներով հանդես եկան նաեւ Կապանի տարբեր դպրոցների աշակերտներ, ովքեր կարեւորեցին օրվա խորհուրդը, շնորհավորեցին միմյանց, մանակավարժներին եւ ծնողներին:

Հրապարակում տոնական տրամադրությունը եւ շրջանավարտների ուրախ ժամանցն ապահովեցի Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը. այստեղ թեածում էր ուրախ երգն ու շրջանավարտների պարը:

Մութն ընկնելուն պես արդեն 3-րդ անգամ Կապանի երկինքը զարդարեցին կանթեղ-օդապարիկները. ավանդական դարձած այս արարողությանը շրջանավարտներից յուրաքանչյուրը, իր կանթեղը վառելիս, երազանք էր պահում, իսկ անվտանգությունը հսկում էին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները:

Երեկոն եզրափակվեց հրապարակում կազմակերպված բացօթյա ուրախ դիսկոտեկով, որը վարում էր DJ Վակցինան:

Ի դեպ, մարզի բոլոր աշակերտների համար դրամական պարգեւ էր սահմանել Սունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Արմինե Ավագյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]