Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքական շաբաթ. ընտրական գործընթացն հատում է քաղաքակիրթ պայքարի սահմանները

Թուրքական շաբաթ. ընտրական գործընթացն հատում է քաղաքակիրթ պայքարի 
սահմանները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական կրքերն ավելի են թեժանում: Անցնող օրերի ընթացքում ոչ միայն հայտնի դարձան իշխող կուսակցության կողմից սպառնալիքով ժողովրդի ձայները կորզելու դեպքերը, այլև ընտրական գործընթացն անցավ քաղաքակիրթ պայքարի սահմանները՝ հասնելով կուսակցություններից մեկի ընտրական շտաբի վրա հարձակումների: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ մահապատժի մասին որոշումը լայն արձագանք գտավ թուրքական իրականության մեջ: Մուրսիի երբեմնի դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով սկսեց խոսել Եգիպտոսի նախկին նախագահի նկատմամբ հայտարարված որոշումը չեղյալ համարելու անհրաժեշտության մասին՝ կոչ անելով Արևմուտքին անցնել գործողությունների: Ավելին, նա հայտարարեց, որ եթե Մուրսին մահապատժի ենթարկվի, ապա շեհիդ (նահատակ) կհայտարարվի: «Եթե երբևէ ես ևս նման ճակատագրի արժանանամ, ապա ես ևս շեհիդ կհամարվեմ», -ասաց Թուրքիայի նախագահը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն այս շաբաթ ևս շարունակեցին իրենց քարոզչությունը:Հայտնի դարձավ, որ Ադանայի Սեյհանի շրջանի թիվ 1 ընտրական հանձնաժողովը մերժել է նախագահ Էրդողանի կողմից հանրահավաք անցկացնելու մասին Ադանայի նահանգապետարանի պաշտոնական դիմումը: Ընտրական հանձնաժողովը մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ օրը հիշյալ հրապարակում պետք է հանրահավաք անցկացնի Դողու Փերինչեքի «Վաթան» կուսակցությունը, բացի այդ նախընտրական շրջանում հանարահավաքի անցկացումը կարող է ստվերել նախագահի անկողմնակալությունը:

Այս ընթացքում Թուրքիայի արձրագույն ընտրական հանձնաժողովը մերժեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացրած չորրորդ դիմումը: «Ընտրական անվտանգությունը և նախագահի կողմից սահմանադրական կարգը խախտելով կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ քրդական կուսակցության ներկայացրած հայցադիմումը 9 դեմ և միայն մեկ կողմ ձայնով մերժվել է:

Հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարբեր ապօրինի քայլերի է դիմում ժողովրդի քվեները ստանալու համար: Օրինակ, Վանի Սարայ գավառի ղեկավարը հանձնարարել է բոլոր գյուղապետերին քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին:  Նա սպառնացել է, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկելու դեպքում գյուղապետերը կհեռացվեն իրենց պաշտոններից: Իսկ Մանիսայի ածխահանքերում աշխատող թուրք հանքափորներին նույն այդ կուսակցությունը ստիպում է մասնակցել իր կազմակերպած միտինգներին` հակառակ դեպքում սպառնալով թողնել առանց աշխատանքի:

Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում պայթյուններ տեղի ունեցան քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակներում: Պայթյունների արդյունքում Ադանայում վիրավորվել են 3, Մերսինում` 7 մարդ: Քրդական կուսակցության գրասենյակներին նյութական մեծ վնաս է հասցվել:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում անցկացվող հարցումները կրկին ցույց տվեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին ձայների նվազման միտումը, իսկ Բաթման շրջանից անգամ կուսակցության ավելի քան չորս տասնյակ անդամներ անցան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:

Անցնող շաբաթվա ընթացքում թուրքական լրատվականները փաստեցին, որ Եվրոպայի հայերն ընտրություններում աջակցում են քրդական կուսակցությանը: «Հավատում ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն առաջատար ուժ է Թուրքիայի ժողովուրդների մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի համար տարվող պայքարում»,- նշվում էր Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամների հայտարության մեջ:

Հայտնի դարձավ, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին անօրինակությունների և կաշառք վերցնելու մեղադրանքով հարկադրաբար պաշտոնաթող արված՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մոտ օրերս կնշանակվի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական:

Ստամբուլի Թուզլա թաղամասում այս շաբաթ ևս շարունակվեց դիմադրությունն ընդեմ «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցը քանդելու դեմ: Դիմադրող նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պահանջում են ճամբարն առանց նախապայմանների վերադարձնել հայկական համայնքին: «Մեր պահանջը հստակ է և պարզ: «Արմեն ճամբարն» առանց նախապայմանների և անհապաղ, սեփականության բոլոր իրավունքներով հանդերձ պետք է վերադարձվի հայկական համայնքին»,- նշվում էր նրանց հայտարարության մեջ:

Ամփոփեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]