Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարը մեծ արդյունք է համարում արտերկրում Ցեղասպանության թեմայի ակտիվ լուսաբանումը

Սփյուռքի նախարարը մեծ արդյունք է համարում արտերկրում Ցեղասպանության 
թեմայի ակտիվ լուսաբանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիներին Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ է գրվել, քան այդ ժամանակահատվածին նախորդած տարիներին: Ոչ միայն հայկական սփյուռքի, այլև արտասահմանի զանգվածային լրատվամիջոցներն այս երկու տարվա ընթացքում ողողված էին Ցեղապանության վերաբերյալ հոդվածներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսն իրականացված աշխատանքները, նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են:

«Անցնող տարվա ընթացքում տարբեր երկրների խորհրդարաններն ընդունում էին որոշումներ, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը: Այս գործում հայ համայնքները ևս իրենց դերն ունեցան: Ամենամարդաշատ ցույցերն անցկացվեցին Լոս Անջելեսում, Լիբանանում, Բելգիայում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ նախարարությունն ստանձնել էր նաև համապատասխան խորհրդանշով իրերի հավաքագրումը և տարբեր երկրներում տեղայնացման աշխատանքը: Նախարարությունը նաև մասնակցել է տարբեր համաժողովների կազմակերպմանը:

«Սփյուռքի հանձնախմբերը մեծ աշխատանք կատարեցին: Ամեն օր խոսվեց և ներկայացվեց Հայոց ցեղասպանության խնդիրների մասին: Սփյուռքում գործող մամուլը ևս ակտիվորեն  անդրադարձավ դեպքերին: Տարբեր երկրների հեղինակավոր համալսարանները կազմակերպեցին համաժողովներ, քննարկումներ Հայոց ցեղասպանության թեմայով, նույնիսկ Թուրքիայում միջոցառումներ եղան»,- նշեց նա: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարությունը ևս մի շարք համաժողովներ կազմակերպեց, մի շարք միջոցառումներ էլ նվիրեցին Ցեղասպանության թեմային:

«Թուրքիայի տարածքում ծպտյալ և իսլամացած 2,5-3 միլիոն հայ է ապրում: Նրանք այսօր հայտարարում են իրենց ով լինելու մասին: Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, մարդիկ վերադառնում են իրենց արմատներին»,- իսլամացած հայերի խնդրին անդրադառնալով՝ նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ աշխարհի շատ լեզուներով Հայոց ցեղասպանության թեմայով տպագրվել են վեպեր, ուսումնասիրություններ, հոդվածներ:

«Սա մեծագույն արդյունք է, այժմ զբաղված ենք նյութերի հավաքագրմամբ, որպեսզի դրանք պահվեն Հայաստանի ազգային գրադարանում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»,- հայտնեց նա: 

Հրանուշ Հակոբյանը նաև ավելացրեց, թե պակաս կարևոր չէ այն փաստը, որ օտարազգի գրողներ հրատարակել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր:  Նա կարևորեց Հռոմի պապի կատարած քայլը և Գրիգոր Նարեկացուն՝ տիեզերական վարդապետ կոչումը շնորհելու փաստը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]