Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի աջակցությամբ

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր՝ 
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել է «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, ծրագրի մեկնարկն ազդարարվել է մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցել են օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագրին մասնակցել են մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հաճախորդներն են: Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Միջոցառումը կրել է նաև տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաև Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ: Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրել են այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:

Ելույթ է ունեցել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը միշտ եղել է հայ ֆերմերի, ագարակատիրոջ, գյուղմթերք արտադրող և հողը մշակող մարդու կողքին: «Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել և համարում ենք աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- շեշտել է պարոն Անդրեասյանը:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշել է. «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող և կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը և խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր բանկի հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է՝ սկզբից որպես «Հայգյուղփոխբանկ» և 2006-ից որպես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», մենք միշտ սատարել և սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»:

Ծրագրի իրագործման հնարավորությունները Հակոբ Անդրեասյանը բարձր է գնահատել. «Այսօրվա միջոցառումը նոր լիցք և որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք մեր մեկ այլ գործընկերոջ հետ որոշել ենք դյուրացնել օրգանական, էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար: Վստահեցնում եմ ձեզ՝ Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաև սեմինարներ և խորհրդատվություն»,- ամփոփել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենը:

Ծրագիրը, սակայն, այսքանով չի ավարտվում: Համաժողովին հաջորդելու է թրեյնինգների և սեմինարների շարք: Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում և մրցույթ: Մրցույթում հաղթած, միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ կանցնեն անվճար սերտիֆիկացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]