Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նորամուտ». Ես մշակույթ սիրող իրավաբան եմ. Նարեկ Աշուղաթոյան

«Նորամուտ». Ես մշակույթ սիրող իրավաբան եմ. Նարեկ Աշուղաթոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարեկ Աշուղաթոյանը նախընտրում է ներկայանալ որպես մշակույթ սիրող իրավաբան: Ազգային արժեքների պահպանման մի ամբողջ շարժման համահեղինակներից մեկը հայ ակտիվ երիտասարդության շրջանում առավել հայտնի է որպես «Ծիրանի» մշակութային հանգույցի համահեղինակներից մեկը, որի կազմակերպած տարաբնույթ ուսումնական ծրագրերի հարյուրավոր շրջանավարտներ ներդնում են իրենց ողջ հնարավորությունները հայ ազգային արժեքներն ու մշակույթն ուսումնասիրելու և պահպանելու գործում: Մոտ օրերս Երևանի «Դալան» ցուցասրահում կբացվի Նարեկի առաջին ցուցահանդեսը՝ «Մասնիկապատում» խորագրով: «Արմենպրես»-ն առաջարկում է առավել մոտիկից ծանոթանալ մշակույթ սիրող երիտասարդ իրավաբանի և նկարչի գործունեությանը:

Մասնիկապատում

Իմ առաջին ցուցահանդեսն է, ես մեծ փորձառություն չունեմ: Կոչվում է «Մասնիկապատում», սա մասնիկների պատմություն է , ամեն մի մասնիկ մի պատմություն է, և դրանց համադրությունը՝ մի ամբողջ պատմություն: Մասնիկների միջոցով ցանկանում էի ներկայացնել տարբեր դրվագներ՝ աստվածաշնչյան կամ առօրեական, խնդիրներից մինչև ուղղակի կոչեր կամ էմոցիոնալ դրվագներ: Այստեղ ներկայացված են ավելի քան 10 տարվա աշխատանքներ: Բաներ կան, որոնք զայրույթի արդյունք են, հատկապես երևանյան դրվագներ: Սակայն մի բան նկատում եմ, որ սկզբում նկարում էի սև ու սպիտակ, սակայն հետզհետե սկսեցին հայտնվել գույները և դարձան շեշտված:

Ազգային արժեքների պահպանում

Չեմ պատկերացնում այլ բաներով զբաղվելս, որովհետև նույնն արել է պապս իր գործունեությամբ: Ես շատ եմ կարևորում այն, ինչ արել է Հովհաննես Շարամբեյանը, և ավանդույթի ձևով դրա կրողն ու շարունակողն եմ իմ ժամանակին համահունչ ձևերով: Շատ լավ հասկանում եմ այդ գործի կարևորությունը և իմ հնարավորությունների սահմանները:

Հովհաննես Շարամբեյան

Տարօրինակ է եղել պապիս բացահայտելը: Տանն ինչքան խոսեին կամ չխոսեին, ես այնպես չէի ընկալում նրան՝ մանավանդ, երբ նա մահացավ, երբ ես շատ փոքր էի: Պապիս բացահայտել եմ այլ մարդկանց հիշողություններում՝ շփվելով օտար մարդկանց հետ և պրպտելով արխիվներում: Արդյունքում հասկանում ես, որ կյանքը կարճ է, և յուրաքանչյուր աշխատանքում պետք է լինեն շարունակողներ: Ինձ առավել տպավորել էր հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում նրա կատարած աշխատանքը և, այդքանով հանդերձ, խոնարհ լինելը: Նրա մասին ամենաշատը խոսում են իր կատարած գործերը, այն քանակությամբ թանգարանները, որոնք բացվել են Երևան և Դիլիջան քաղաքներում, այն քանակությամբ վարպետների հայտնաբերելը և ճիշտ մշակութային դաշտ ուղղորդելը՝ այսօրվա լեզվով ասած՝ պրյոդյուսերությունը, միաժամանակ հավասարակշռության պահպանել կարողանալը, որպեսզի խորհրդային իշխանության աչքին այն ազգայնական չերևար:

Կաթողիկե

Ես ճարտարապետ չեմ, պատմաբան չեմ: Պատուհանս բացում եմ և առաջ շենք էի տեսնում, իսկ հիմա՝ Կաթողիկե եկեղեցին: Այն ինձ հետաքրքիր էր նրանով, որ շրջելով Երևանով, այդ թվագրության հուշարձանների շատ քիչ կարելի է հանդիպել: Սկզբում կարդում էի՝ շատ բան չհասկանալով, սակայն, աստիճանաբար կարողացա պարզել մի շարք հարցեր՝ սկսած այդ եկեղեցու պատմությունից, Երևանի այլ եկեղեցիների շարքում դրա դերից և մի փոքր՝ միջնադարյան Երևանի նիստուկացի վերաբերյալ: Սա միայն մեր եկեղեցու պատմության մի մասը չէ…Պատերին բազմապիսի աշխարհիկ բնույթի գրություններ, տեքստեր կային, որոնց միջոցով հասկանում ես այն ժամանակի տարօրինակ միջավայրը:

Սուրբ Աննայի եկեղեցի

Ես չեմ սիրում, երբ մեկը ստեղծագործում է մյուսի ստեղծագործության հաշվին: Ցավալի է, սակայն այսօր այդ սկզբունքն է գործում: Օրինակ, այստեղ եղել է եկեղեցի, անկախ նրանից, թե որքան շքեղ էր այն թե ոչ, սակայն կոմունիստները քանդեցին այն և կառուցեցին շենք՝ մի ստեղծագործության հաշվին կառուցվեց մեկ այլը: Այդ ամենը տեղավորվում է ընդհամենը 100 տարվա մեջ: Այնուհետև այդ շենքը քանդվեց և տեղը կառուցվեց մի նոր եկեղեցի: Ֆունկցիոնալ առումով մեծ եկեղեցու կարիք կար, քանի որ մարդիկ պատարագի ժամանակ կանգնում էին դուրսը՝ կիզիչ արևի տակ: Սակայն իմ պատկերացումները մի փոքր այլ էին. գոնե նոր ստեղծագործությունը այսօրվան համահունչ լիներ և չփորձեր վատ կրկնօրինակել անցյալի նմուշը:

Լեզվի ինստիտուտի շենքի քանդմանն անձամբ եմ հետևել և լուսանկարել այդ ընթացքը: Շենքի մեծագույն մասը կառուցված է եղել մեծ եկեղեցու սրբատաշ քարերով և բարբարոսաբար ոչնչացված խաչքարերով՝ շրջած, թաղած կրի մեջ:

Գրաբար

Գրաբարի ուսումնասիրության նշանակությունը կբաժանեի երկու մասի. պրակտիկ գիտելիքի ձեռքբերում, եթե մարդը անմիջականորեն կիրառելու է այն, և էմոցիոնալ՝ դու արտաբերում և սկսում ես շփվել այնպիսի տեքստի հետո, որն արտաբերել, որի հետ անմիջական շփում են ունեցել քո նախնիները: Դրանում զգացմունքային բան կա, եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչել՝ մի փոքր հետ ես գնում և սկսում ես բառեր արտաբերել , որոնք արտաբերել են քո նախնիները: Անշուշտ, գրաբար իմանալն օգնում է ավելի լավ տիրապետել ժամանակակից հայոց լեզվին, սկսում ես կիրառել կիսամեռած կամ մեռած բառեր, որոնք շատ ավելի դիպուկ են արտահայտում մտքերը, քան այսօրվա հայերենը:

Ասածս միայն լեզվաբանական խնդրի մասին չէ, այլ մի ամբողջ մշակութային շերտի, և համաձայն չեմ գրաբարի ուսուցմանը տալ միայն կրոնական քող, որովհետև գրաբարով տեքստերը, բացի կրոնականից, իրենց մեջ ներառում են բժշկությունից սկսած մինչև պատմագիտություն, պոեզիա և գրականություն:

«Ծիրանի»

«Ծիրանի» ՀԿ հիմնել ենք ընկերոջս հետ, այն ժամանակ Թաթուլ սարկավագի, ներկայիս հայր Գարեգին Համբարձումյանի, ով Էջմիածնի միաբանության անդամ է: Մենք իսկապես ուզում էինք մշակութային փոփոխություն մտցնել մեր շրջապատի մեջ: Աստիճանաբար սկսեցինք դասընթացներ, հանրային դասախոսություններ, գիտաժողովներ կազմակերպել: Աստիճանաբար մեզ միացան նոր մարդիկ, նոր գաղափարներ: Թիմային գործունեության արդյունքում արդեն ութ տարվա ընթացքում իրականացրեցինք նաև ռազմավարական նախագծեր՝ հուշարձանների պահպանության, գրաբարի դասավանդման ոլորտում, որը ներառում է նաև առցանց դպրոցը՝ մշակութային դպրոցներով: Արդյունքում ունենում ենք էնտուզիազմով լի շրջանավարտներ, ովքեր լծվում են մշակութային արծեքների պահպանմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը:

Արդի սերունդ

Մարդիկերիտասադրությունից ձգտում են լինել շատ կրթված, շատ մշակութասեր: Բայց այդպես չի կարող լինել: Ամեն ինչ շատ հարաբերական է, և հանրության մեջ պետք է ունենալ կորիզ, որն առաջ է գնալու: Պարզապես պետք է անել ամենը, որպեսզի այդ միջուկը միշտ լինի ակտիվ, կրող, փոխանցող և որոշակի չափով ազդի լայն հանրության վրա: Միշտ էլ այդպես է եղել, եթե մարդիկ կարծում են, որ հայ ժողովուրդը որևիցե դարում եղել է շատ մշակութասեր, հավատքով լեցուն կամ պետականության կարևորությունը գիտակցող, ապա ես կասկածում եմ: Մեզ մոտ միշտ կորիզային խմբերն են կարողացել լուծել ինքնության հարցերն ու փրկել ազգը: Ահա ձեզ նույն 5-րդ դարի թարգմանչած շարժման օրինակը, որի ռազմավարական մի քանի ծրագրերի արդյունքները մենք քաղում ենք մինչև օրերս: Եվ այսպես շարունակ…

«Արմենպրես» լրատվական գործակալությունը սկսում է հանրության դատին հանձնել նոր՝ «Նորամուտ» խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ, երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]