Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր նման ընտրություն փաստում է Արցախի և ավտորիտար Ադրբեջանի միջեւ տարբերությունները. Շավարշ Քոչարյան

Յուրաքանչյուր նման ընտրություն փաստում է Արցախի և ավտորիտար 
Ադրբեջանի միջեւ տարբերությունները. Շավարշ Քոչարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հավաստիացնում է, որ Արցախում կայանալիք յուրաքանչյուր համապետական ընտրություն փաստում է հայկական երկրորդ հանրապետության ժողովրդավար լինելը: Հենց դա է պատճառը, որ ընտրություններն այդքան բարկացնում են Ադրբեջանին, քանի որ այդ կերպ բացահայտ է դառնում Ադրբեջանի եւ Արցախի միջեւ տարբերությունը:

«Ամեն մի այսպիսի ընտրություն ֆիքսում է այն բացահայտ տարբերությունը, որը կա Արցախի և լիարժեք ավտորիտար, դիկտատորական Ադրբեջանի միջև: Հենց այս ակնհայտ տարբերությունն է պատճառը, որ Արցախյան ընտրություններն այդքան գրգռում են Ադրբեջանին: Բոլորս էլ գիտենք Ադրբեջանի հայտնի սև ցուցակների մասին: Այդ ցուցակների իրական, խորքային իմաստն այն է, որ Ադրբեջանի համար լիովին անցանկալի է, որ Ղարաբաղ այցելած մարդիկ հետագայում լինեն Ադրբեջանում և կարողանան համեմատել: Այդ համեմատությունն իրենց համար մահացու է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին, Քոչարյանն ասաց, որ 100-ից ավելի արտասահմանցի դիտորդների առկությունը դրական է, քանի որ, որքան շատ մարդիկ իրենց աչքով տեսնեն իրականությունն ու փոխանցեն այն` այդքան լավ Արցախի համար: «Ընդհանրապես, իմ գնահատականով, հիմնական դերակատարումը, որը կարող է փոխել իրավիճակն ու տանել դեպի ԼՂՀ ճանաչում, այսօր կատարում է հենց Ադրբեջանը` իր հայատյացությամբ, սահմանային իրավիճակի սրմամբ: Հիմա եթե դրսում նույնիսկ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմի մեջ, ապա այսպիսի սադրիչ պահվածքից հետո նրանք ևս համոզվում են` դա անհնար է»,-ասաց Քոչարյանը:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Խորհրդարանում մանդատի համար կպայքարեն «Ազատ հայրենիք» «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» եւ «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]