Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը հագեցած էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հանրապետությունից դուրս մի շարք տարաբնույթ իրադարձություններով, որոնք արձանագրվեցին ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Ինչպես վերջին մի քանի շաբաթներին, այս անգամ ևս այդ իրադարձությունների մեջ գերակշռում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ու հիշատակի արարողությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղսպանության տարելիցին նվիրված միջոցառումներն ու զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում ապրիլի 26-ին հավաքվել էր մի քանի հազար մարդ: Հիշատակի ակցիայի մասնակիցները երկրի կառավարությունից պահանջում էին 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես ճանաչել որպես Ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին միացան նաև Չինաստանի քաղաքները. ապրիլի 24-25-ին Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման արարողություններ: Միջոցառումներին մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ովքեր միաժամանակ ստացան Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացան հայկական արվեստին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ մյուս պատգամավորների հետ ոտքի կանգնեց նաև թուրքական պատվիրակության անդամներից մեկը: Հատկանշական է, որ Ցեղասպանությունների զոհերի հիշատակը հոտնկայս և մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները:

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան նաև Արգենտինայում: Տարբեր քաղաքներում տեղի ունեցան հոգեհանգստի արարողություններ, կազմակերպվեցին մոմավառություններ, ցուցահանդեսներ ու ակցիաներ: Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ իր ելույթում Ռոսարիոյի քաղաքապետ տիկին Ֆեյնը, կիսելով հայ ժողովրդի ցավն ու վիշտը, տեղեկացրեց, որ ստորագրել է որոշում, որով հողատարածք է հատկացվում Ռոսարիո քաղաքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող Անմոռուկի հուշարձան կառուցելու համար: Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Մոնտեվիդոյում դեպի Անկախության հրապարակ կազմակերպված բողոքի երթով: Ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում անցկացվող միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի չորս նախկին նախագահները՝ Խոսե Մուխիկան, Խորխե Բատլեն, Խուլիո Մարիա Սանգինետին և Լուիս Ալբերտո Լակաժեն:

ԱՄԷ-ում ևս կայացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք շարունակական են լինելու ամբողջ տարվա ընթացքում։

Երուսաղեմի իր նստավայրում ապրիլի 26-ին երկրի մեծաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներին ընդունեց նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Հանդիպմանը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը հիասթափություն հայտնեց, որ Իսրայելը ցեղասպանություն չի անվանում հայերի սպանությունները: Սրան ի պատասխան` Ռեուվեն Ռիվլինը հայտարարեց, որ ի գիտություն է ընդունել քննադատությունը եւ այն կարծիքին է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի, որպեսզի առաջադրի հայերի սպանության հարցը:

Հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը՝ Վիեննայի համայնքային ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին որոշում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով աշխարհին դիմեց Իռլանդիայի եկեղեցին: «Դեռևս ուշ չէ, որ աշխարհը վերջապես ընդունի Հայոց ցեղասպանության ճշմարտությունը: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ աշխարհը վերջապես կտեսնի անպատասխան մնացած հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը և այն, որ դեռևս ուշ չէ ճանաչելու ճշմարտությունը»,- Դուբլինի Թանի ծխական եկեղեցում կազմակերպված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ ասել էր Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեոֆրի Ջեքսոնը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին հեռագիր հղեց Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանի դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ և եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին եմ փոխանցում կարեկցանքի և վշտակցության խոսքեր: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը: Պայծառ հիշատակ զոհերին։ Թող գալիք սերունդներն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ»,-ասված էր Ռուսաստանի վարչապետի հեռագրում:

Վենետիկի բիենալեում կգործի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տաղավար: Հայկական տաղավարը, որը գտնվելու է Սուրբ Ղազար կղզում, բաց կլինի մայիսի 6-ից հոկտեմբերի 18-ը, այն կներառի հայկական սփյուռքի 18 արվեստաագետների աշխատանքներ:

Ներհայաստանյան իրադարձություններ

Անցնող շաբաթ Հայաստանում էր ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: Վերջինիս ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցներն անդրադարձան հայ-բելգիական երկկողմ օրակարգի հարցերին` կարևորելով առևտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Փոխվարչապետ Ռեյնդերսն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց մասնակցելու մայիսին Բրյուսելում կայանալիք ռասիզմի և խտրականության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարական կոմիտեի 125-րդ նստաշրջանին։ Դիդիե Ռեյնդերսը միաժամանակ ընդգծեց, որ Բելգիան կարևորում է Հայաստանի հետ նոր ոլորտներում համագործակցության ծավալումը

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հետևեց նախարարների հանդիպմանը, Դիդիե Ռեյնդերսը նշեց, որ  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում Բելգիան հանձն է առել համապատասխան միջազգային կոնֆերանսների միջոցով համաշխարհային գիտակցություն ձևավորել` ցեղասպանությունների կանխարգելման պայքարի վերաբերյալ: Բելգիայի ԱԳ նախարարը հայտարարեց նաև, որ իր պարտքն է համարում լինել Ծիծեռնակաբերդում և զորակցություն հայտնել հայ ժողովրդին` հավելելով, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում Բելգիան պատրաստ է աջակցել հարևան Թուրքիայի, ինչպես նաև Ադբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ասուլիսի ժամանակ նախարարներն անդրադարձան նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հարցում` ընդգծելով, որ այդ դիրքորոշումը Հայաստանը կվերահաստատի նաև մայիսին Ռիգայում կայանալիք Եվրոպական միության Արեւելյան գործընկերների գագաթնաժողովին:

Հայաստանում գտնվող Դիդիե Ռեյնդերսին ընդունեց նաև ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Նախագահը նաև երախտագիտություն հայտնեց պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, ինչպես նաև ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար:

Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշեց, որ գոհ է Երևանում կայացած իր պաշտոնական հանդիպումներից` ընդգծելով, որ ինչպես հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փոխգործակցությունը գերազանց են, և անհրաժեշտ է այսուհետ ևս հետևողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Անցնող շաբաթ Երևանում էր նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետն այցի առաջին իսկ օրը եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գեորգի Պոլտավչենկոն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան` դիտելու նորաբաց ցուցադրությունը: Պոլտավչենկոն փաստաթղթեր նվիրաբերեց թանգարանին:

Այցի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրեցին Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության հնգամյա ծրագիրը, որի շրջանակում կողմերը պարտավորվում են խորացնել և ամրապնդել հարաբերությունները։

Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական այցի շրջանակում Երևանում կայացավ «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովը, որի պլենար նիստի ավարտին ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանի, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանի և Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանի և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի և Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային մանկավարժական ակադեմիայի միջև։

Այցի շրջանակներում Գեորգի Պոլտավչենկոն եղավ Երևանի Ալ. Պուշկինի անվան №8 դպրոցում, որտեղ ստորագրվեց Պուշկինի անվան №8 դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանի №619 դպրոցի միջև համագործակցության հուշագիր։ Պոլտավչենկոն նաև փաստաթղթեր, ռուսական գեղարվեստական գրականություն և ռուսերեն դասագրքեր նվիրաբերեց դպրոցին։

Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Գեորգի Պոլտավչենկոն եղավ նաև մայրաքաղաքի Աբովյան պուրակի հարակից հատվածում, ծանոթացավ «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրի կառուցման համար նախատեսված տարածքին: Նոր ներդրումային այս ծրագիրը կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանն ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ Նախագահը: Հայաստանի Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք էին, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորեցին նաև Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը: 

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը կայացավ ապրիլի 30-ին, գործադիրն ԱԺ-ին առաջարկեց մայիսի 5-ին արտահերթ նիստ գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված կլինի 12 օրենսդրական նախագիծ և 5 միջազգային պայմանագիր: Գործադիրի նիստում կառավարության ղեկավարն անդրադարձավ չորս տարի առաջ հակառակորդի գնդակից ողնուղեղի ու ողնաշարի վիրավորում ստացած զինծառայող Գևորգ Եղիազարյանի առողջական վիճակին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ զինծառայողի հետագա բուժման հարցը լուծելու հարցում Եղիազարյանների ընտանիքն օգնություն կցուցաբերեն վարչապետն ու նախարարները:

Նիստում որոշում կայացվեց նաև սելավային ավելցուկային հոսքերը գյուղացիական տնտեսություններին տրամադրելու մասին: Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ հողօգտագործողներին կարևորագույն աջակցություն է ցուցաբերվում: ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում հաստատվեց նաև Հայրենական մեծ պատերազմի 55 վետերանների հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև 50 վետերանի հանգստյան տան ուղեգիր տրամադրելու մասին որոշման նախագիծը: Նիստում մեկ այլ որոշմամբ կառավարությունը մինչև հունիսի 1-ը հետաձգեց որոշ ապրանքների դրոշմապիտակավորման պահանջը:

Ազգային ժողովում նախորդ շաբաթ անցկացվեց հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկված էր 139 հարց, 38 միջազգային պայմանագիր: Նիստի շրջանակներում ԱԺ-ն երկարաձգեց զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց օրենքի սահմաններում քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն ընձեռող օրենքի գործողությունը: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում լրացումեր և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 107, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր, ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ:

Հայաստանի խորհրդարանում քննարկվեց նաև ատոմակայանի էներգաբլոկի շահագործման երկարաձգման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման ընթացքում խստորեն պահպանվում են միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները և իրականացվում են անվտանգության ապահովման լուրջ միջոցառումներ:

Արեգ Գալստյանը միաժամանակ հիշեցրեց, որ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու համար ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 15 տարի մարման ժամկետով վարկ: Փոխնախարարը հայտնեց, որ մայր գումարի մարումն իրականացվելու է 10 տարվա ընթացքում՝  հավասարաչափ (ըստ կիսամյակների): Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որի մեջ մտնում է նաև 5 տարի արտոնյալ ժամկետը:  Վարկի տոկոսադրույքը համաձայնագրում  ևս հստակ ֆիքսված է՝ տարեկան 3 տոկոս:

Խորհրդարանը քառօրյա նիստերի շրջանակում անդրադարձավ նաև հայ-վրացական Բարեկամության կամուրջ կառուցելու համաձայնագրին, որը 2014թ.-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև:

«Գրանդ հոլդինգ» ընկերության նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի մեկին տեղի ունեցավ Աշխատանքի օրվան նվիրված համերգ: Միջոցառմանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին պարգևատրեց «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: Տոնական համերգին սոցիալիստական աշխատանքի հերոսներին իրենց կատարումներով շնորհավորեցին հայ էստրադային երգիչներն ու Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախուբը: Համերգին երգեց նաեւ ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:

Մայիսի մեկին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ համատեղ հանրահավաքի ժամանակ ՍԴՀԿ Հայաստանի կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն ցանկանում է ստանձնել աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության գործառույթը: «Մենք ստանձնում ենք մեզ վրա արհեստակցական միությունների գործառույթները: Այսուհետ մեր բոլոր գրասենյակները դառնալու են աշխատող շտաբներ, որտեղ մարդիկ, ում իրավունքները խախտել են գործատուները, կարող են գալ ու ներկայացնել իրենց բողոքները»,-ասաց Նարեկ Գալստյանը` ընդգծելով, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերին, որի ժամանակ էլ կներկայցվեն կատարված աշխատանքի արդյունքները:

Ավարտվեց Ծաղկաձորում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը նվաճեց  Չինաստանի հավաքականը: Իսկ ահա Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անգամ իր պատմության մեջ աշխարհի թիմային առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, երկրորդ տեղում Ուկրաինայի թիմն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:  

ԼՂ հակամարտություն

Փարիզում ապրիլի 29-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։ «Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- նշեց նախարարը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին: «Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ինտենսիվացաման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպման կազմակերպման կարևորությունը»,- նշված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ, ձևակերպելու համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպման օրակարգը, ինչպես նաև ողջունել են համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցը: Համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այս համատեքստում նրանք ընդգծել են, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում:

Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարություն տարածեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) մամուլի խոսնակը: Հայտարարությունում նշվում էր, որ ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և համանախագահների ջանքերին, որոնց նպատակն  է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ խաղաղ բանակցություններով լուծման հարցում: 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը` պատասխանելով Նախագահ Ֆրանսուա Օլանդի` Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ ֆրանսիացի լրագրողի հարցին, նշեց, որ Ֆրանսիան հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության բանակցված և տևական լուծում գտնելու հաձնառությանը:

ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: APA-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերը կարող են բերել բանակցությունների քայքայման և կողմերի դիրքորոշումներում հետընթացի:

Խորհրդարանական ընտրություններ Արցախում

Շաբաթվա վերջին դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանեցին Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամները: Պիոտր Շտեֆան Յան Լուցակիին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին ընդունեց ԼՂՀ ԱԳ նախարարը: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։

Մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ դիտորդների հետ հանդիպեց նաև ԼՂՀ նախագահը: Բակո Սահակյանը կարեւորեց միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է պետության համար:

Սիսի կաթողիկոսություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել: Այս քայլը ողջունեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: «Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն և սրբազան տարածքը հարյուր տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը և ձգտելու վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում»,- ասել էր կոնգրեսականը:

Այս հարցի վերաբերյալ Վաշինգթոնում ապրիլի 29-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներից մեկը` Մարդու իրավունքների գծով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն, ով նաև գործը վարող դատապաշտպաններից է, նշեց, որ սա նման բնույթի առաջին դատական գործն է Թուրքիայում: «Դատական հայցը, որ երկուշաբթի օրը ես ներկայացրեցի թուրքական դատարան այս բնույթի առաջին գործն է Թուրքիայում` եկեղեցական գույքն իր տերերին վերադարձնելու պահանջով»,- նշեց նա` տեղեկացնելով, որ գործի ընթացքում չի շոշափվելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը. այն լինելու է բացարձակապես ունեցվածքի վերադարձի գործ: Իսկ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նշելով, որ Արամ Ա կաթողիկոսը այս հարցի շուրջ զրուցել է ԱՄՆ նախագահի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ապա` Ջոն Քերիի հետ, ինչպես նաև այն լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվական միջոցների կողմից, հույս հայտնեց, որ սա հայկական ունեցվածքի վերադարձի առաջին քայլը կլինի: 

Ուկրաինա

Շարունակվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ ծավալվող իրադարձությունները: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ Եվրոպան պատրաստ է ուժեղացնել երկրում ԵԱՀԿ-ի առաքելությունը: Նա նաև ընդգծեց, որ Մինսկի համաձայնությունների իրագործումը քաղաքական գերակայություն է Եվրոպայի համար:

ԵԱՀԿ-ն մարտերի սաստկացում արձանագրեց Մարիուպոլի մերձակայքում: Կազմակերպության դիտորդների ամենօրյա հաշվետվության համաձայն, ապրիլի 26-ին Շիրոկինոյում գնդակոծումները եղել են ամենաինտենսիվը փետրվարի կեսերից ի վեր, երբ Մինսկում կնքվեց հրադադարի համաձայնագիրը: Դիտորդների անօդաչու ապարատներն ապրիլի 26-ի ցերեկը նկարահանել են 11 տանկ եւ չորս զրահապատ փոխադրամեքենա Շիրոկինոյից հյուսիս ընկած տարածքում, որը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողությանն ներքո:

Ուկրաինական ճգնաժամը քննարկեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք հանդես եկան հօգուտ այն բանի, որ Դոնբասի հակամարտության բոլոր կողմերը կատարեն Մինսկի պայմանավորվածությունները: Պորոշենկոն եւ Մերկելը քննարկեցին շփման խմբի աշխատանքը եւ ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեությունը: Հեռախոսազրույցի ընթացքում նշվել էր նաև, որ անթույլատրելի է Դոնբասում հրադադարի խախտումը:

Սիրիա

Ապրիլի 26-ին ռմբակոծության ենթարկվեց Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը, զոհեր և վիրավորներ չեղան, սակայն ռմբակոծության հետևանքով եկեղեցին ավերվեց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ թեև Հալեպի հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցու կրած վնասը մյուս եկեղեցիների համեմատ ավելի քիչ է, սակայն վնասվել է եկեղեցու դարպասը, իսկ ներսում մի քանի բաժիններ են փլվել: Նա նաև տեղեկացրեց, որ ռմբակոծության հետևանքով գրեթե քանդվել են «Թեքեյան» մշակութային միության ակումբն ու Հայ Կաթողիկե առաջնորդարանի վերին հարկը: Սիրիական բանակը շարունակեց առաջ շարժվել և ազգային պաշտպանական ջոկատներն ապրիլի 28-ին վերահսկողություն հաստատեցին Հասաքեի մարզում գտնվող Դաուդիա գյուղի վրա:

Ավերիչ երկրաշարժ Նեպալում

Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր Նեպալը, որտեղ օրեցօր ավելանում էր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը: Շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը հայտնեց, որ համաշխարհային կազմակերպությունը 15 մլն դոլար է հատկացնում ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալին օգնություն ցուցաբերելու համար: Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նեպալ հասցրեց դեղորայք, որը նախատեսված է առաջիկա ամիսներին 80 հազար մարդու օգնություն ցուցաբերելու համար:

Հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը: Համաձայն գերատեսչության տարածած տեղեկատվության Մեծ Բրիտանիան հավելյալ 5 մլն ֆունտ կհատկացնի երկրաշարժից տուժած Նեպալին: Հավելյալ ֆինանսավորումը թույլ կտա աղետյալ երկիր ուղարկել եւս երեսուն բժիշկների եւ ութ տոննա սարքավորումներ, բժշկական պատրաստուկներ եւ նյութեր, ինչպես նաեւ վրաններ եւ էլեկտրագեներատոր:

Նեպալի փոխվարչապետ Բամ Դեւ Գաուտամն ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 հազարը: Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ տարերքի հարվածներից տուժածների թիվն արդեն անցնում է 11 հազարից: Նեպալի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավերվել է 1,9 հազար բնակելի շենք, վնասված է եւս առնվազն 4 հազար շինություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am