Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիլիկիայի կաթողիկոսարանի ունեցվածքի վերադարձի պահանջատիրությունը գործնական ընթացք է ստանում

Կիլիկիայի կաթողիկոսարանի ունեցվածքի վերադարձի պահանջատիրությունը 
գործնական ընթացք է ստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիլիկիայի կաթողիկոսարանի կողմից հայկական եկեղեցական ունեցվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը թևակոխում է գործնական փուլ:  Հայ Եկեղեցու ղեկավարներն ապրիլի 29-ին մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ընթացքում կհայտարարեն Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, դատական գործընթացով Կիլիկիայի կաթողիկոսությունը պահանջելու է վերականգնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանի և Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սբ. Սոֆիայի տաճարի նկատմամբ սեփականատիրության իր իրավունքները:

«Կիլիկիայի կաթողիկոսարանի պատմական նստավայրի վերադարձը լակմուսի թուղթ է թուրքական կառավարության համար` հարգելու իր քրիստոնյա փոքրամասնությունների մարդու իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատության, մշակութային հանդուրժողականության և արժանապատվության իրավունքները: Սա արդարություն հաստատելու, անցյալի վերքերն ամոքելու, հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ քայլ առաջ կատարելու և երկու ազգերի համար ավելի լավ ապագա կետրելու եզակի հնարավորություն է»,- ասել է այս իրավական գործընթացում առաջատար միջազգային խորհրդատու Փայամ Աղավանը:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքին և եկեղեցուն: Իսկ եթե դատը տանուլ տանք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,- ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին, Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]