Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համացանցային հարթակի պատերազմներից հայերը պատվով են դուրս եկել

Համացանցային հարթակի պատերազմներից հայերը պատվով են դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ապրիլքսանչորսյան օրերին տեղեկատվական պատերազմներում ավելի շատ հաղթողի դիրքում է հայտնվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հաքերային հարձակումներն այնքան էլ հուժկու չեն եղել, որքան սպասվում էր: «Թուրքական ու ադրբեջանական կողմերից հարձակումներ եղան, մոտ 250 կայք կոտրվեց, որտեղ գրվել էր` «հայերը ստում են»: Քանի որ այդ կայքերը հայկական չէին, նման ակցիաների ազդեցությունն այնքան էլ կարևոր չէր, քանի որ Ֆրանսիայում մի մարդ, որ հայտնաբերում է` իր կայքը կոտրել են, չի մտածում, թե հայերն ինչի մասին են ստում: Իրեն ավելի հետաքրքրում է, թե ինչու են թուրքերն իր կայքը կոտրել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա տեղեկացմամբ` կայքերի աշխատանքն արգելափակող DDoS հարձակումներ ևս եղել են հայկական ուղղությամբ, բայց դրանք մեծ ազդեցություն չեն ունեցել: «Հիմանակում թիրախում հայտնվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքը` armeninangenocide100.org-ը: Բավականին ուժեղ հարձակում է եղել կայքի վրա, բայց կարողացել են կարգի բերել: Հարձակումները հիմնականում ուղիղ հեռարձակումների ժամանակ էին: Օրինակ, սրբադասման ժամանակ, փորձում էին խափանել կայքի աշխատանքը, որ միջոցառումը հասանելի չլիներ»,-նշեց տեղեկատվական անվտագության մասնագետը:

Նա հայտնեց, որ թուրք-ադրբեջանական հաքերային խմբերը նաև ապատեղեկատվություն են տարածել` հայտնելով, թե կոտրել են Հայաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարության կայքերը: «Բայց հարցը նրանում է, որ դա զուտ հայտարարություն էր, որ իրականությանը չէր համապատասխանում»,-ավելացրեց բանախոսը:

Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ` հայ հաքերների կողմից կոտրվել է թուրքական 1000 կայք, այդ թվում` քարոզչական կայքեր: «Թուրքերը հապճեպ հերքողական ուղղվածության կայք էին ստեղծել, որը բավականին լուրջ գովազդել էին: Գուգլում, երբ Armenian genocide էիր ման գալիս, գովազդով բերում էր այդ կայքի հղումը, ինչը բավականին խեալացի քայլ էր: Այս կայքն ու մի քանի քարոզչական կայքեր հանդիսացել էին թիրախ ու մի քանի ժամ չեն աշխատել հայկական հարձակումների պատճառով»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այս անգամ ակտիվությունն ավելի շատ Հայաստանից էր:

Սամվել Մարտիրոսյանը կարևոր է համարում այն, երբ քո կայքերը չեն կարողանում կոտրել, քան որ դու ես ավելի շատ կայքեր կոտրում: «Նրանք փաստացի չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերը: Բոլոր լրատվամիջոցները, նաև արտասահմանյան, կարողացել են այստեղից նյութեր պատրաստել և ուղարկել: Պաշտպանությունը շատ լուրջ էր, այս իմաստով հաղթող ենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 22-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am