Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական արտադրության հաջողված օրինակներ` Made in Armenia ցուցահանդեսից

Հայկական արտադրության հաջողված օրինակներ` Made in Armenia 
ցուցահանդեսից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող «Made in Armenia»  ցուցահանդեսը ցույց տվեց հանրությանը, թե որքան բազմազան է տեղական արտադրությունը: «Մերիդիան» էքսպո-կենտրոնում բացված ցուցահանդեսին, որին մասնակցում են շուրջ 300 տեղական արտադրողներ, կարելի է հանդիպել ինչպես հին և հաջողված, այնպես էլ նոր և հետաքրքիր արտադրություններ:

 «Արմենպրես»-ն առանձնացրել է բիզնեսի  մի քանի օրինակներ, որոնք թեև նոր են հայաստանյան իրականության մեջ, սակայն արդեն գրանցել են հաջողութուններ:

 Շափյուղայի աճեցումը` քչերին հայտնի տեխնոլոգիայով

 Շափյուղայի աճեցման տեխնոլոգիան աշխարհում քչերին է հայտնի, սակայն հայ արտադրողը գտել է այն մեթոդը, որի միջոցով կարողանում է ստանալ մինչև 85 կգ քաշ ունեցող շափյուղա:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում «Astra Crystals» ընկերության տնօրեն Գարուն Դավթյանը նշեց, որ շափյուղայի արտադրությունը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ և բարդ գործընթաց է ենթադրում: «Դրա արտադրությունը շատ բարդ է, քանի որ գործ ունենք բարձր տեխնոլոգիաների հետ: Աճեցման գործընթացը կատարվում է 2050 աստիճանում, և 1 աստիճանի փոփոխությունն անգամ կարող է խոչընդոտել արտադրությանը: Աշխարհում ընդամենը 10 երկիր կարող է պարծենալ, որ նման տեխնոլոգիա ունի, որոնցից մեկը Հայաստանն է»,- ասաց Դավթյանը: Նա պատմեց, որ մինչ առաջին շափյուղայի ստացումն աշխատել են 2 տարի, սակայն այսօր արդեն կարողանում են ամսական 1 տոննա արտադրություն իրականացնել, իսկ մոտակա տարիների համար նախատեսում են արտադրության ծավալները հասցնել ամսական 3-4 տոննայի:

 Տեքստիլ արտադրության ավանդույթները վերականգնվում են

 Ամիսներ առաջ էր, երբ հայկական տեքստիլ արտադրության 8 ընկերություն միավորվեցին` ստեղծելով միասնական «5900BC» բրենդը: Այսօր արդեն նրանք առաջին հավաքածուի մեծածավալ արտադրություն են սկսել, որը 2016 թվականից կհայտնվի ռուսական շուկայում: Բրենդի ստեղծանն օժանդակել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման գործակալությունը, որի ներկայացուցիչ Արաքսյա Գրիգորյանը պատմեց կատարված աշխատանքի մասին: «Արդեն ներկայացրել ենք առաջին հավաքածուն, որը, տարբեր գնահատականներով, մրցակցային արտադրանք է: Այժմ իրականացվում է դրա մեծածավալ արտադրությունը, իսկ ձմռանը կարտահանենք: Բրենդի ստեղծման նպատակն էլ հենց այն է, որ շեշտը դրվի արտահանման վրա»,- ասաց նա:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ աշխատելու են պարտվերներով, և այժմ բանակցում են ռուսական մի քանի առևտրային ցանցերի հետ, որոնք հետաքրքրություն են դրսևորել հայկական արտադրության հագուստների նկատմամբ:

 Հայկական խաղալիքներ` հայ փոքրիկների համար

 «Մանկան» ընկերության խաղալիքներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում և համապատասխանում են որակի միջազգային ստանդարտներին: Ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Խաչատրյանի խոսքով` իրենց խաղալիքները պահանջված են, այդ իսկ պատճառով իրենք փորձում են ավելացնել արտադրությունը: «Փորձում ենք զարգացնել նաև արտահանումը՝ միևնույն ժամանակ չմոռանալով տեղական շուկայի մասին: Արդեն որոշ քանակությամբ արտահանել ենք ԱՄՆ, իսկ ներկայում ՌԴ շուկա ենք ցանկանում մուտք գործել»,- ասաց նա: Ընկերության ադմինիստրատորը նշեց, որ  ակնկալում են ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերել նոր գործընկերներ և ընդլայնել համագործակցությունը:

 Նոր սարքավորում, որ դուր կգա հատկապես վարորդներին

 «Սահակյան սմարթ սիստեմ» ընկերությունն սկսել է մի արտադրություն, որն ընկերության  տնօրեն Վահագն Սահակյանի խոսքով` նոր է աշխարհում: Խոսքը

գազի հոսքի կարգավորիչների մասին է, որոնք նախատեսված են գազով աշխատող մեքենաների համար: «Սա նորույթ է, նման սարքեր չեն էլ եղել ընդհանրապես, միտքն էլ է մերը: Սարքավորումը թույլ է տալիս հասնել գազի լուրջ խնայողության և մեքենայի ավելի լավ աշխատանքի: Արդեն սկսել ենք մեծածավալ արտադրություն, և մեկ ամսից բոլոր գազատեղադրման կայաններում կվաճառվեն այս սարքերը»,-հայտնեց Սահակյանը: Նա նշեց, որ փորձնական նմուշներ են տրամադրել տարբեր վարորդների, և նրանք բոլորը գոհ են եղել:

 Արցախյան արտադրանքները` տեղական և օտարերկրյա շուկաներում

 «Made in Armania» ցուցահանդեսում իրենց ուրույն տեղն ունեին արցախյան արտադրողները: «Rapesed» ընկերությունն արտադրում է բուսական յուղեր` Արցախում աճեցված հատիկներից: Ընկերության վաճառքի մենեջեր Արմեն Իսրայելյանի խոսքով` դրանք իրացվում են ողջ հայկական շուկայում: «Հատիկից մինչև պատրաստի արտադրանք տեղական հումքից են: Բուսական յուղերը վաճառվում են Հայաստանում, սակայն փորձում ենք ընդլայնել արտադրությունը:  Ներկայումս այս արտադրության մեջ ներառված են 250 մարդ»,- ասաց Իսրայելյանը:

Հայկական արտադրության մեկ այլ հաջողված օրինակ է «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որն արտադրում է ձեռագործ գորգեր: Ընկերության արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը նշեց, որ արտադրությանը մասնակցում են Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների շուրջ 200 աշխատող: «Վաճառքն իրականացնում ենք Ստեփանակերտում և Երևանում, սակայն ունենք նաև արտահանում 40 երկիր: Նույնիսկ Ճապոնիայից պատվեր ենք ստացել և ուղարկել»,- ասաց նա:

 Ցուցահանդեսի մեխը ՏՏ արտադրությունն է

 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հսկայական աճ գրանցող Հայաստանն արդեն պարծենալու առիթներ ունի: Արտադրական ցուցահանդեսում ներկայացված են հայկական արտադրության սարքավորումներ և ծրագրեր, որոնք մրցակցային են ամբողջ աշխարհում: «Կոմպաս», «Ինսթիգեյթ», «Լոկատոր», «Նաիրի թեք», «Իքս Թեք» և այլն. այս ընկերությունները դարձան «Made in Armenia» ցուցհանդեսի մեխը` իրենց նորարար արտադրություններով: Ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման համակարգերի, ծրագրային ապահովման և բարձր տեխնոլոգիաների շարքը անտարբեր չթողեց և ոչ մի այցելուի:

«Made in Armenia» մակագրությամբ արտադրվող բոլոր ապրանքատեսակները ներկայացվել են մեկ ցուցահանդեսում, որը գործում է ապրիլի 26-28-ը, Երևանում։ Այն իր մաշտաբներով աննախադեպ է, քանի որ մասնակցելու ցանկություն են հայտնել տեղական արտադրությամբ զբաղվող շուրջ 300 ընկերություններ: Ցուցահանդեսը չունի իր նախադեպը նաև ապրանքների բազմազանության առումով. սննդամթերքից մինչև ալկոհոլային և ոչ ալկոհալային խմիչքներ, հագուստ և կոշիկ, ոսկերչական և ժամագործական իրեր, դեղագործական և ճշգրիտ ճարտարագիտական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն և տեղեկատվական տեխնոլոգիաններ... Եվ այս ամենը՝ հայկական արտադրության։ 

  Լուսանկարը`  ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]