Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Կանադան կխորացնեն համագործակցությունը բնապահպանության ոլորտում

Հայաստանն ու Կանադան կխորացնեն համագործակցությունը 
բնապահպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ՀՀ-ում և ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը և Մոսկվայում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչ Քորին Պետրիսորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով հայ-կանադական բարեկամական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ցուցաբերած գործուն քայլերը, խորին շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին  այս պատմական օրերին Հայաստանի կողքին լինելու և Ցեղասպանության ճանաչման հարցում սատար կանգնելու համար` մասնավորապես նշելով. «Մենք հույս ունենք, որ Կանադայի և մյուս բարեկամ երկրների աջակցությամբ, հայկական հզոր սփյուռքի և ՀՀ ջանքերի շնորհիվ, մոտ է այն օրը, երբ ժամանակակից Թուրքիան ստիպված կլինի առերեսվելու սեփական պատմության և անցյալի հետ, ինչպես նաև խոստովանելու և ընդունելու 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը, որն այլ կերպ, քան Ցեղասպանություն անվանել անհնար է»:

Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ  Հարոլդ Ալբրեխտն, իր հերթին կարևորելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների, մասնավորապես 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ընդգծել է. «Միայն ճանաչման և դատապարտման միջոցով մենք կարող ենք կանխել ապագայում նման ոճրագործությունների կրկնությունը, ինչն անթույլատրելի է: Կանադան 2006թ. դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որպես հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում եմ ընդգծել իմ մեծ ակնածանքը հայ ժողովրդի, Կանադայում բնակվող հայության նկատմամբ, ովքեր մշտապես աչքի են ընկնում մարդկային և մասնագիտական բարձր որակներով և օրինակելի առաջատարներ են իրենց ոլորտներում»:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին` նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «Թեև բնապահպանության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության և կանադական կողմի միջև համագործակցության փորձ չկա, այնուամենայնիվ այս հանդիպումն առիթ է փոխգործակցության հեռանկարներ և հնարավորություններ քննարկելու համար»:

Կողմերն անդրադարձել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող  տարածքների պահպանության, կենսաբազմազանության պահպանման, հանքարդյունաբերության, թափոնների կայուն կառավարման և այլընտրանքային էներգիայի (մասնավորապես քամու, արևի էներգիաների և կոշտ թափոնների վերամշակման միջոցով)  ստացման խնդիրներին, քննարկել երկու երկրների փորձն ու հնարավորությունները:

Որոշվել է առաջիկայում զարգացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կապերը և սերտ համագործակցություն սկսել վերոնշյալ ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]