Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3200-ը

 Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3200-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 հազար 218-ի, տուժել է եւս 6 հազար 538 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցչին:

«Զոհվածների թիվը հասել է 3218-ի, վիրավորվել են 6,5 հազար բնակիչներ»,- Agence France-Presse-ը մեջբերել է Նեպալի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ռամեշֆոր Դանգալի խոսքը:

Նրա տեղեկություններով՝ եւս 90 մարդ տարերային աղետի զոհ են դարձել այլ երկրներում, մասնավորապես, Հնդկաստանում եւ Չինաստանում:

Առավել ուժգին ստորգետնյա ցնցումները Նեպալում գրանցվել են ապրիլի 25-ին. 7,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:41-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:11-ին): Դրա էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: 6,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:15-ին: Տարերքի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:

Տարերային աղետի հետեւանքով առավել շատ է տուժել Նեպալի մայրաքաղաքը, որտեղ զոհվել է ավելի քան հազար մարդ: Զգալի վնաս է հասցվել քաղաքի պատմական կենտրոնին: Ավերվել է 1832 թվականին կանգնեցված Ջարահարի դիտաշտարակը, որն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ավելի քան 200 մարդ անհայտ կորած է համարվում Էվերեստում, որտեղ տարերքի հարվածից հետո ձնահյուսը ծածկել է ալպինիստների հիմնական ճամբարը:

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների գնահատման եւ դրանց հակազդման կոորդինացման խմբի տվյալներով՝ ընդամենն աղետի գոտում հայտնվել է առնվազն 6,6 մլն բնակիչ:

Հաղորդվում է, որ երկրաշարժն ամենաուժգինն է դարձել 1934 թվականից ի վեր: Այն ժամանակ տարերային աղետն 8,5 հազար մարդու կյանք խլեց:

7,9 մագնիտուդով առավել ավերիչ երկրաշարժից հետո սեյսմոլոգները Նեպալում գրանցել են 3,5-ից մինչեւ 6,9 մագնիտուդով եւս առնվազն 50 հետցնցում:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը նախազգուշացրել է, որ սեյսմիկ ակտիվությունը կարող է շարունակվել եւս 72 ժամ: Բացի այդ, օդերեւութաբանները կանխատեսում են հորդառատ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել սելավահոսքերի եւ հեղեղումների:

Նեպալի Himalayan Times թերթը հաղորդել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը երկրում կարող է հասնել 8 հազարի:

Հրատարակությունն այս կանխատեսումն արել է տեղերում գործող փրկարար խմբերի ներկայացուցիչների եւ այն պաշտոնյաների հետ մշտական շփումների հիման վրա, որոնք պատասխանատու են տարերային աղետի հետեւանքների վերացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]