Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Made in Armenia. Հայաստանում բացվեց տեղական ամբողջ արտադրությունը ներկայացնող աննախադեպ ցուցահանդես

Made in Armenia. Հայաստանում բացվեց տեղական ամբողջ արտադրությունը 
ներկայացնող աննախադեպ ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական արտադրությունն իր ողջ բազմազանությամբ երեք օր շարունակ կներկայացվի հանրությանը։ «Made in Armenia» մակագրության ներքո արտադրվող բոլոր ապրանքատեսակները ներկայացվել են մեկ ցուցահանդեսում, որը գործելու է ապրիլի 26-28-ը, Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն իր մաշտաբներով աննախադեպ է, քանի որ մասնակցելու ցանկություն են հայտնել տեղական արտադրությամբ զբաղվող շուրջ 300 ընկերություններ: Ցուցահանդեսը չունի իր նախադեպը նաև ապրանքների բազմազանության առումով. սննդամթերքից մինչև ալկոհոլային և ոչ ալկոհալային խմիչքներ, հագուստ և կոշիկ, ոսկերչական և ժամագործական իրեր, դեղագործական և ճշգրիտ ճարտարագիտական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն և տեղեկատվական տեխնոլոգիաններ, և այդ ամենը՝ հայկական արտադրության։ 


Ցուցահանդեսի կարևորության և անհրաժեշտության մասին է վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցելու են հրավիրվել դեսպանների և պոտենցիալ ներդրողների, ովքեր կծանոթանան հայ արտադրողների հետ, և գուցե փոխգործակցության հնարավորություններ ստեղծվի։ «Այս ցուցահանեսն ուղղված է ի մի բերելու մեր արտադրական ներուժը և, անկեղծ պիտի ասեմ, կային մի քանի արտադրություններ, որոնք ինձ համար ևս նորություն էին։ Օրինակ կար մետաղական լարերի փոքր արտադրություն, ռետինատեխնիկական արտադրություն։ Ինձ համար անակնկալ էր, որ նման նախաձեռնություններ կան։ Շատ ուրախալի է, որ տեսա բնական նյութերից կոսմետիկ իրերի արտադրություն»,- ասաց նախարարը։ Նա արձանագրեց, որ արտադրողների բարձրացրած միակ խնդիրը կապված է եղել ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ, սակայն նրանք ասել են, որ արդեն ելքեր են գտել և փորձում են վերականգնել արտահանումը։ 


Ցուցահանեսի ընթացքում կազմակերպվում էին երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ արտադրողները ծանոթանում էին հնարավոր գործընկերների հետ։ Բացի այդ, յուրքանչյուր տաղավարում ստեղծված էր հնարավորություն համտեսների և տեղեկատվական նյութերի ձեռքբերման համար։ Շրջայցի ընթացքում հանդիպեցինք ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով դեսպանատան աշխատակիցների հետ ծանոթանում էր հայկական արտադրությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը նշեց, որ եկել է ծանոթանալու հայկական բիզնեսին, որ տեսնի, թե տնտեսության որ ուղղություններով է հնարավոր զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ «Առաջին ցուցահանդեսն է, որին մասնակցում եմ Հայաստանում։ Տպավորված եմ»,- ասաց նա։ 


Ցուցահանդեսի կազմակերպիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը իրականացրել էին լայնածավալ աշխատանքներ արտերկրից ժամանած հյուրերի մասնակցությունն ապահովելու համար։ Էքսպո կենտրոնում հանդիպեցինք օտարազգիների և զբոսաշրջիկների, ովքեր հետաքրքրված էին հայկական արտադրությամբ։ Նրանցից շատերը խոստովանեցին, որ ծանոթ չեն եղել հայաստանյան ապրանքներին և իրենց համար բացահայտումներ են արել ցուցահանդեսի ընթացքում։ «Կցանկանայի մեր խանութներում տեսնել հայկական արտադրատեսակներ։ Հատկապես հավանեցի ալկոհոլային խմիչքներն ու հայկական մրգերից պատրաստված չրերը»,- ասաց Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը։ 

Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող բոլոր անձանց համար գործում է անվճար երթուղի՝ Հանրապետության հրապարակից դեպի «Մերիդիան» էքսպո կենտոն: «Made in Armenia» ցուցահանդեսը  կգործի ևս երկու օր։

Լուսանկարները` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]