Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«1915» ֆիլմը ներկայացվեց հայ կինոդիտողին

«1915» ֆիլմը ներկայացվեց հայ կինոդիտողին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը հայկական կինոէկրաններին է: Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ում և Ռուսաստանում արդեն իսկ ներկայացված և հաջողություն գրանցած կինոնկարի պրեմիերան: 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված Ցեղասպանության ուրվականներին: Գլխավոր հերոսը՝ Սիմոնը, Լոս Անջելեսի թատրոնում Ցեղասպանության դեպքերին առնչվող բեմադրություն է կատարում, սակայն դեպքերն առեղծվածային բնույթ են ստանում:

Կինոնկարի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը կարծում է, որ ֆիլմը՝ որպես դեբյուտ, հաջողված է: «Փոքրիկ թերացումներ, բնականաբար, կային: Ինձ համար ապշեցնող է, որ երկու ռեժիսորները, չունենալով մասնագիտական կրթություն, կարողանում են ճիշտ տիրապետել կինոլեզվին: Իմ կարծիքով՝ կայացած դեբյուտ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պրեմիերայից հետո նշեց Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը պատմության միջոցով սեփական իրականությունը հաղթահերելու խնդիրը ներկայացնելն էր:

«Մեր նպատակն է հարգել անցյալը և նահատակներին, նոր լեզու գտնել՝ երիտասարդներին ներկայացնելու, տեղ հասցնելու Ցեղասպանության ողբերգության իմաստը: Մենք մեր շուրջը հավաքեցինք լուրջ տաղանդի տեր մարդկանց՝ Սիմոն Աբգարյանին, Անժելա Սարաֆյանին, ով բացառիկ դերասանուհի է, Սերժ Թանկյանին, որին ճանաչում են որպես ռոք-երաժիշտ, որը հասկանում է մեր ցավը և պահանջը»,- ֆիլմի երևանյան պրեմիերայից առաջ նշել էր Կարին Հովհաննիսյանը:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/:

«Մենք ոչ այլ ինչ ենք, քան դերասաններ, մենք ուրվականներ ենք, հարյուր տարի թափառել ենք աշխարհով մեկ՝ չկարողանալով հաղթահարել անցյալը, չենք փակել մեր հաշիվը պատմության հետ: Մենք չենք կարող ապրել անցյալի հիշողության տակ, անցյալից խենթացած: Մենք պիտի մաքրենք մեր հաշիվները պատմության հետ, պիտի ընդունենք ճշմարտությունն ու շարժվենք առաջ»,-  ֆիլմում ասում է Սիմոն Աբգարյանի հերոսը՝ Սիմոնը:

Հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: Ֆիլմի կոմպոզիտորն է աշխարհահռչակ Սերժ Թանկյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]