Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպական խաղերին նախապատրաստությունը բացահայտեց Ադրբեջանի իշխանության ամոթալի քաղաքականությունը. «Ազադլըգ»

Եվրոպական խաղերին նախապատրաստությունը բացահայտեց Ադրբեջանի իշխանության ամոթալի քաղաքականությունը. «Ազադլըգ»

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանություններից բացի, մնացածների համար Եվրոպական խաղերը նմանվել են «թունավոր օձի», քանի որ երկրի քաղաքացիները հասկանում են, որ այդ խաղերը ծառայում են իշխանության անձնական շահերին, երկրի եւ քաղաքացու սնանկացմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ Եվրոպական խաղերին նախապատրաստության փուլը Ադրբեջանի քաղաքացու համար իսկական ստորացում է:

Թերթը նշում է, որ երկար տարիներ քաղաքացու համար չցուցաբերված ջերմեռանդությունը, հարգանքն ու հոգսը Ադրբեջանի իշխանությունը ցուցադրում է արտասահմանցու համար: Այս իշխանության համար քաղաքացին ոչ մի արժեք չունի: Իշխանությունը արտասահմանցի հյուրերի առաջ ցանկանում է երեւալ ազնվաբարո, ժողովրդավար, ժամանակակից:

«Ադրբեջանում Եվրոպական խաղերին նախապատրատությունը միայն սրանով չի ավարտվում: Արդեն մեկնարկել է խաղերի հետ կապված արգելքների շարանը: Եվրոպացի հյուրերը Բաքվում հին ավտոմեքենաներ, մուրացկաններ, փողոցի առեւտրականներ, կիսաքանդ հյուղակներ չպետք է տեսնեն, եթե ճար ունենային, սրանք երկրից կհանեին նաեւ աղքատ խավին, որպեսզի եվրոպացի հյուրերը նրանց չտեսնեն», - նշում է թերթը:

«Գիտեք, սա նման է նրան, որ տուն հյուր գալու ժամանակ, տանտերն իր հիվանդ, հաշմանդամ երեխաներին վռնդի տնից, որպեսզի հյուրերը չտեսնեն: Այժմ էլ պետությունն է աշխատում եվրոպացի հյուրերից թաքցնել երկրի իրականությունը: Առաջին հերթին, դա քաղաքացուն ստորացնել է նշանակում: Մյուս կողմից, խոստովանությունն է այն բանի, որ իշխանությունը ամոթալի երկիր է ստեղծել: Այսինքն, իշխանությունը իր ՙստեղծագործությունը՚ թաքցնելու պահանջ է զգում: Հասկանում են, որ նմանը չունեցող երկրի պատկերն այսպիսին չպետք է լինի: Եթե նորմալ քաղաականություն տարվեր, այս տարիներին երկիր մուտք գործած միլիարդներով քաղաքացու բոլոր խնդիրները լուծված կլիներ եւ այսօր իշխանությունը ստիպված չէր լինի թաքցնել մուրացկաններին, հին ավտոմեքենաները, կիսաքանդ հյուղակները: Իսկ իշխանությունը նավթաեկամուտների 95 տոկոսը գողացել, 5 տոկոսով էլ արհեստական կերպարանք ստեղծելու քաղաքականություն է տարել: Տաքսու վարորդներին արգելքներ դնելով, փողոցային առեւտրականներին ճնշելով, մուրացկաններին հավաքելով՝ իրականությունը թաքցնել հնարավոր չի լինելու: Առանց այն էլ եվրոպացիները տեղեկացված են Ադրբեջանում առկա իրավիճակի մասին:

Եթե իշխանությունը արգելք դներ թալանչիությանը, կոռուպցիային, մենատիրությանը, այսօր Ադրբեջանի իրականությունը օրինակ կլիներ աշխարհի համար: Ներկա վիճակում խայտառակ նմանակումը շարունակվում է: Աղքատները, հարկադրված մուրացկանություն անող ընտանիքները, հին ավտոմեքենաներ քշողները ստվեր են գցում իշխանության հաջողությունների հեքիաթի վրա: Իրականում Եվրոպական խաղերը ամենաթափանցիկ հայելին է եւ այդ հայելու մեջ պարզ կերպով երեւում է իշխանության իրական դեմքը», -հավելում է «Ազադլըգ»-ը:

Նշենք, որ Ադրբեջանում առկա տհաճ վիճակը թաքցնելու եւ Եվրոպական  խաղերի միջոցով սեփական հեղինակությունը բարձրացնելու համար Ադրբեջանի իշխանությունը խաղերին ընդառաջ Բաքուն ազատել է մուրացկաններից` արտաքսելով նրանց շրջաններ, հրապարակայնորեն կոտորել եւ այրել է թափառական շներին:

Ադրբեջանի իշխանությունները դիմել են անգամ անհեթեթ  միջոցների: Բաքվի չինովնիկները Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում երիտասարդներին արգելել են հարսանիք անել` ռեստորաններին արգելելով հարսանյաց հանդեսների պավերներ ընդունել, արգելել են մահացած մարդկանց հիշատակին հոգեհանգստյան վրաններ խփել, որպեսզի դրանք, ինչպես իրենք են բացատրում, չխանգարեն տրանսպորտի շարժմանը եւ խցանումներ չստեղծեն:

Եվրոպական խաղերն անցկացվում են Ադրբեջանում, քանի որ ոչ մի այլ երկիր չէր ցանկացել ստանձնել դրանց համար անհրաժեշտ ծախսերը, իսկ Ադրբեջանի իշխանությունները սիրով հանձն են առել դրանք՝ հույս ունենալով, որ դա կօգնի բարձրացնել իրենց հեղինակությունն աշխարհում:

Եվրոպական առաջին խաղերը Բաքվում պետք է անցկացվեն հունիսի 12-28-ը: Ծրագրում կլինեն 28 մարզաձեւեր, որոնցից 16-ն օլիմպիական են: Բաքվում կխաղարկվեն  մեդալների 239 հավաքածուներ:

 

Եվրոխաղ, Ադրբեջան, իշխանություն, ամոթ, քաղաքականություն, շահ, քաղաքացի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]