Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թաքսիմում ուխտեցին պայքարել հանուն արդարության հաստատման

Թաքսիմում ուխտեցին պայքարել հանուն արդարության հաստատման

ՍՏԱՄԲԵՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայքարել մինչև վերջ` հանուն արդարության վերականգման: Նման համոզմամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական միջոցառումը: Օրվա առաջին կեսին տեղի ունեցած միջոցառումներին մասնակիցների թվով մի քանի անգամ գերազանցող արարողության սկզբում հայկական սփյուռքից Թուրքիա ժամանած հայերն իրենց ցանկությունները գրեցին և ամրացրեցին Ֆրանսիայի հյուպատոսարանի առաջ տեղադրված «երազանքների ծառի» վրա:

Թեպետ ամեն տարվա նման, այս տարի ևս Ցեղասպանության տարելիցին Թաքսիմից ոչ շատ հեռու թուրք ազգայնականները կազմակերպել էին բողոքի ցույց, որի նշանաբանն էր. «Մենք Ցեղասպանություն չենք իրականացրել, մեր հայրենիքն ենք պաշտպանել. Ցեղասպանության ստին վերջ ենք տալու», այդուհանդերձ թուրք ֆաշիստական շրջանակները չկարողացան խանգարել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը:


«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մի քանի հարյուրի հասնող մասնակցիները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ժխտմանը չմասնակցելու, չլռելու կոչերով հանդես եկան: «Տեր ողորմեա»-ի ուղեկցությամբ ներկաները նստեցին հատակին՝ իրենց ձեռքերում պահելով Ցեղասպանության զոհերի, Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի նկարներով պաստառները:

«Ես թուրք եմ, սակայն եկել եմ աջակցելու հայերին, եկել եմ, որ մարդիկ կարողանան միմյանց հետ եղբայրաբար ապրել, եկել եմ բողոքելու Ցեղասպանության իրականացման դեմ: 100 տարի առաջ մարդիկ են սպանվել, կոտորածի ենթարկվել: Եկել եմ աջակցելու, որ նման դեպքեր այլևս չլինեն»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասաց ազգությամբ թուրք Ալին:


Հիշատակի արարողության մասնակից, պոլսահայ Ֆիլոր Ուլուքը համոզմունք հայտնեց, որ պետությունը ոչ միայն պետք է ճանաչի Ցեղասպանությունն ու ներողություն խնդրի, այլև պետք է փոխհատուցում վճարի: «Մենք ստիպելու ենք պետությանը Հայաստանի հետ միակողմանի փակված սահմանը բացել, ամբողջ սփյուռքի հայերը պետք է առանց նախապայմանների հայտարարվեն երկրի քաղաքացիներ, հայերից խլված գույքը պետք է վերադարձվի իրենց տերերին»,- նշեց Ֆիլորը, ով, նաև, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Շիշլիի երկրորդ ընտրատարածքում:


Վաշինգտոնից իր ամուսնու, աղջկա և զարմիկների հետ Ստամբուլ ժամանած Մարգարետ Դադյանը նշեց, որ եկել է իր ընտանիքի համար, որը սպանվել է այստեղ: Եկել եմ նաև այն քաջ թուրքերի համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է սկսի հասկանալ տեղի ունեցածը և ընդունի այդ ամոթալի արարքը: Թուրքիայում պետք է սովորեցնեն երեխաներին ճշմարտությունը»,- ասաց Մարգարետը:

Հիշատակի արարողություններին ներկա էին նաև ներկայացուցիչներ Ռուանդայից, ովքեր իրենց երկրում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներն էին: Նրանցից մեկ՝ Չարլզը, «Արմենպրես»-ի հետ զրույցում իր խոսքը հնչեցրեց աշխարհին՝ ասելով. «Իմ կոչն է հաշտեցնել բոլոր ժողովուրդներին և արդարություն հաստատել՝ հանուն աշխարհում տեղի ունեցած ցեղասպանության հանցագործության զոհերի»:


Ստամբուլահայ Ալիսան մեզ հետ զրույցում փաստեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել և այսօր պետությունը քրդերի հետ վարվում է նույն կերպ, ինչ մի ժամանակ հայերին է արել: «Չեմ սպասում, որ մոտ ապագայում Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը: Թվում է, թե դրա համար անհրաժեշտ է ևս 100 հարի»,- նշեց նա:


«Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ճանաչի, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, արեց Գերմանիան: Ես կիսով չափ գերմանացի եմ և գիտեմ,  թե ինչ սարսափելի է ճանաչել և ընդունել այն փաստը, որ ցեղասպանություն է կատարել քո պետությունը, բայց դա անել անչափ կարևոր է: Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին, պետք է ընդունի, որ եղածը Ցեղասպանություն էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ից ժամանած Թոմասը:

ԱՄՆ Չիկագո քաղաքից Ստամբուլ եկած Բարբարա Պողոսյանը հայտնեց, որ եկել է իր տատի համար, ով փրկվել է Ցեղասպանությունից, սակայն կորցրել է ամեն բան: «Ես կարծում եմ, որ պետք է գայի և ներկայացնեի նրանց և նրանց անցած ուղին: Թուրքիան  պետք է ճանաչի կատարվածը: Ես կոչ եմ անում աշխարհին, որ սա երբեք այլևս չպատահի, իսկ եթե պատահել է, ապա պետք է ճանաչվի, քանի որ ցավը չափազանց մեծ է և տարածվում է բոլոր սերունդների վրա»,- նշեց Բարբարա Պողոսյանը:


Արարողությունը տևեց մոտ մեկ ժամ և ավարտվեց Կոմիտասի «Գարուն» ստեղծագործության հնչյունների ներքո: Ներկաները հեռացան՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն պատմական արդարության հաստատման…

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]