Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայում պատարագով և հանրահավաքով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մոսկվայում պատարագով և հանրահավաքով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակը

ՄՈՍԿՎԱ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լեփ-լեցուն նորակառույց տաճարում Սուրբ Պատարագը մատուցեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Պատարագի ավարտին Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիրի տարածքում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար, որին, թեմի առաջնորդի օրհնությունից հետո, համայնքի ներկայացուցիչների և ռուսական պատվիրակությունների կողմից դրվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ:

Մոսկվայի բնակիչը, ով ներկայացավ որպես Միշել Մարտիրոսյան, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իր վանեցի պապի ընտանիքը մինչև Հայոց ցեղապանություն ունեցել է 21 երեխա, որոնցից 9-ը եղել են աղջիկ: Զրուցակիցը հավելեց, որ իր պապի եղբայներից մեկը եղել է տեր Բարսեղը, ով Վանի ազատագրման ժամանակ եղել է պաշտպանության կազմակերպիչներից մեկը և զոհվել է այնտեղ:

«Այսօր, 100 տարի անց, մենք յուրաքանչյուր օր պետք է հիշենք Հայոց ցեղասպանության մասին: Ոչ մի հայ իրավունք չունի մոռանալու, թե ինչ է կատարվել մեր ազգի հետ: Նույնիսկ դեռ չծնված հայի արյան մեջ պետք է առկա լինի հիշողությունը մեր ազգի անցած ճանապարհի վերաբերյալ, և պետք է հիշենք, որ մենք ունենք Հայկ Նահապետ, Վարդան Մամիկոնյան, Զորավար Անդրանիկ: Թող երբեք չմոռացվի այն, որ մեր արյունը լցված է հերոսությամբ և պետք է պաշտպան լինենք մեր հողին»,- ասաց Միշել Մարտիրոսյանը:

Մոսկվայում կայացել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված բազմահազարանոց հանրահավաք: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանրահավաքին նշեց, որ դարի այդ հանցագործությունը չի կարող մնալ անպատիժ, սակայն թուրք ժողովուրդը հայ ազգի թշնամին չէ. շատ թուրքերի փրկում էին հայերին Հայոց ցեղասպանության տարիներին: 

«Չափից շատ են զոհերը, չափից շատ են կատարված ոճրագործության ապացույցները: Համոզված եմ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կընդունի Հայոց ցեղասպանությունը: Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի առջև, ում թուրքական կառավարությունը կազմակերպված սպանում էր հայ լինելու պատճառով»,- նշեց Արա Աբրահամյանը:

«Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը, մեր ամբողջ ազգը և ընկերները ամեն տարի հուսով ենք նայում սուրբ Արարատ լեռանը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հերթական նիստերին հույս ունենալով, որ վերջիվերջո արդարությունը կվերականգնվի, և հայ ժողովուրդը կվերականգնի իր իրավունքներն՝ իր պատմական հայրենիքի հարցում, և Հայոց ցեղասպանության տիպի ոճրագործությունները էլ երբեք տեղի չեն ունենա»,- ընդգծեց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ն ղեկավար Յուրի Նավոյանը:

Ցույցին ներկա հայ համայնքի ներկայացուցիչները պաստառներով պահանջում էին Հայոց ցեղասպանության ընդունումը, բացականչում էին, որ Թուրքիայում դեռեւս շարունակվում է մշակութային ցեղասպանությունը:

Հանրահավաքին մասնակցում էր հայազգի գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը կոչ արեց միասնական մնալ և չմոռանալ ոճրագործությունը` պահանջելով արդարության վերականգնումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]