Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չճանաչման 100 տարի. Gazeta.ru-ն անդրադարձել է Ցեղասպանությանը նվիրված հինգ ֆիլմերին

Չճանաչման 100 տարի. Gazeta.ru-ն անդրադարձել է Ցեղասպանությանը նվիրված 
հինգ ֆիլմերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gazeta.ru կայքը «Չճանաչման 100 տարի» վերնագրով նյութ է հրապարակել, որում ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեմային առնչվող հինգ հին և նոր ֆիլմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը պատմել է նոր՝ «1915» և ևս չորս ֆիլմի մասին, որոնք նվիրված են մի պատմության, որը չի կարելի մոռանալ։

Անդրադառնալով «Մայրիկ» (1991) ֆիլմին, կայքը նշել է, որ հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյն իր ընկերոջ՝ գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանել է իր առաջին գեղարվեստական պատմակենսագրական ֆիլմը, որն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմը 6-ամյա երեխայի աչքերով ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որն ստիպված է եղել փախչել Մարսել։ Շատ դերասաններ, այդ թվում՝ Կլաուդիա Կարդինալեն, ֆիլմում նկարահանվել են անվճար հիմունքներով: Այդ ֆիլմից հետո գլխավոր դերակատարներից Օմար Շարիֆի մուտքը Թուրքիա արգելվեց:

Gazeta.ru-ն գրել է, որ Կաննի կինոփառատոնի քառակի դափնեկիր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը պատմում է 18-ամյա պատանու տպավորությունների մասին, ով նկարահանումների ժամանակ աշխատում է որպես վարորդ։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա ֆիլմի սյուժեից իմանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին պատահածի մասին։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են Սիմոն Աբգարյանը, Շառլ Ազնավուրը և Քրիստոֆեր Պլամերըը:

«Արտույտների ագարակը» (2007) ֆիլմը նկարահանվել է հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանի պատմական վեպի հիման վրա: Այն մի հայ ընտանիքի մասին է, որն Օսմանյան կայսրությունում է Ցեղասպանության ժամանակ: Գրողը պատմում է իր պապի և իր եղբոր իրական պատմությունը, որոնք վերապրել են կոտորածները։ Գիրքն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։

Ըստ կայքի՝ «Սպի» (2015) ֆիլմն ազգությամբ թուրք ռեժիսորի կողմից նկարահանված առաջին կինոնկարն է Հայոց ցեղասպանության մասին։ Սյուժեն Թուրքիայում ապրող հայ Նազարեթ Մանուկյանի ոդիսականի մասին է: Նա Եվրոպայում և երկու Ամերիկաներում փնտրում է իր ընտանիքի ողջ մնացած անդամներին։ Ֆիլմի հերոսը Ցեղասպանության ժամանակ զրկվում է ձայնից, սակայն փրկվում է:

«1915» (2015) կինոնկարում Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը հանդես են եկել միաժամանակ որպես ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ՝ իրենց անդրանիկ «1915» ֆիլմի համար։ Լոս Անջելեսի հնագույն թատրոններից մեկում ազգությամբ հայ ռեժիսորը Ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրում, որում խաղում է իր կին Անժելան։ Սակայն պրեմիերայից հետո հասարակությունում աճում է ատելությունը, իսկ հենց թատրոնում սկսվում են անբացատրելի իրադարձություններ։ Ֆիլմի համար երաժշտություն է գրել համաշխարհային հռչակ վայելող System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]