1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հաղթանակի գեներալները». 89-րդ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին

«Հաղթանակի գեներալները». 89-րդ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ զինված ուժերի գեներալ-մայոր Նվեր Գևորգի Սաֆարյանի և նրա ղեկավարած 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի պատմության շարունակությունը:

                                                Սևաստոպոլի գրավումը

Դիվիզիայում նախապատրաստական մեծ աշխատանքներ էին տարվում Սևաստոպոլյան գրոհի համար: Քաղաքը գրոհելու էին Մերձծովյան բանակի և Ղրիմի հյուսիսից թշնամու պլացդարմը ճեղքած Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի զորամիավորումները: Թշնամուն գլխավոր հարվածը պետք է հասցվեր երրորդ լեռնահրաձգային կորպուսի ուժերով, որի կազմում էր նաև 89-րդ Թամանյան հրաձգային հայկական դիվիզիան:

Մայիսի 7-ին կորպուսի զորքերն անցան հարձակման: 318-րդ և 242-րդ դիվիզիաներին թշնամին ցույց տվեց ուժեղ դիմադրություն` կասեցնելով նրանց գրոհը: Նվեր Սաֆարյանը հրամայեց 526-րդ և 390-րդ գնդերին անցնել գրոհի, իսկ 400-րդին թողեց երկրորդ էշելոնում: Թշնամին Գոռնայա լեռը դարձրել էր մի յուրատեսակ աննվաճ բերդ: Տեսնելով, որ թշնամու ամրացված պաշտպանությունը առաջապահ գնդերը դժվարանում են ճեղքել, գեներալը հրամայեց 400-րդ գնդին նույնպես անցնել հարձակման:

Թշնամին ոչ մի կերպ չէր ցանկանում հանձնել Սևաստոպոլը: Դիվիզիայի հրամանատարի դիտակետ: «Ընկեր գեներալ, բանակի հրամանատարն է հեռախոսի մոտ»,-ասաց համհարզը: «Նվեր Գեորգիևիչ, գուցե Ձեր դիվիզիան հանե՞նք մարտադաշտից, ի՞նչ կարծիքի եք: Մարտերը շատ դաժան են, գուցե 89-ը փոխարինենք ռեզերվի մեկ ուրիշ դիվիզիայով»,-առաջարկեց հրամանատարը:

«Ընկեր բանակի հրամանատար, արդեն գրավում ենք Գոռնայա լեռը, թույլ տվեք շարունակել հարձակումը»,-պատասխանեց Սաֆարյանը: «Լավ, եթե կարող եք դիմանալ, շարունակեք գրոհել»,-ասաց հրամանատարը:

Քիչ անց գեներալ Սաֆարյանը դուրս եկավ հրամանատարական կետից և հանկարծ նկատեց ավագ լեյտենանտ Սիմոն Բաղդասարյանի ամրացված կարմիր դրոշը: Գոռնայա լեռը գրավված էր: Խորհրդային զորքերը մայիսի 10-ին գրավեցին Սևաստոպոլը և ծովային ամրոցը: Վիլիկ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», 1978 թ. 

                                               Լեհաստանի ազատագրումը

1944 թվականի մարտի 26-ին Ուկրաինական երկրորդ ռազմաճակատի զորքերը, ջախջախելով թշնամուն Բելցի քաղաքի արևմտյան մասում, դուրս եկան ԽՍՀՄ պետական սահմանը՝ ազդարարելով երկրորդ համաշխարհային պատերազմի նոր փուլի սկիզբը:

1944 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում 89-րդ դիվիզիայի զորամասերը տեղափոխվեցին Լեհաստան: Դիվիզիան պետք է կռվեր 33-րդ բանակի 16-րդ կորպուսի կազմում: Հոկտեմբերի 27-ին դիվիզիայի զորամասերը տեղավորվեցին Մայդանեկի մոտ: Մայդանեկը գերմանական ֆաշիստները վերածել էին մահվան գործարանի` տեխնիկայի վերջին խոսքով հագեցած, մարդկանց ոչնչացման մի ամբողջ կոմպլեքսի:

1945 թվականի հունվարի 12-ին Բելառուսական առաջին ռազմաճակատի զորքերը Վարշավայի շրջանում անցան հարձակման, իսկ հունվարի 14-ին Պուլավիի պլացդարմում ճեղքեցին  գերմանացիների պաշտպանությունը: Ռազմաճակատի առաջին էշելոնում էր և 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիան:

89-րդը մասնակցեց և աչքի ընկավ Վարշավայի, Կալիշի, Կոստինի, Տումաշովի և լեհական այլ քաղաքների ազատագրման համար մղված մարտերում:

                                                  Բեռլին

Կրնկակոխ հետապնդելով թշնամուն`Բելառուսական առաջին ռազմաճակատի զորքերը մտան հիտլերյան Գերմանիայի տարածք: 1945 թվականի հունվարի 28-ին 89-ի զորամասերը արդեն կռվում էին գերմանական հողում:

1945 թվականի փետրվար-ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին, Օդերի Ֆրանկֆուրտի գրավմանը։

 

1945 թ. մայիսի 2-ին Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով։ Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հաղթական հայկական քոչարիով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ-ն՝ համառ մարտերով։

89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945 թթ.», 2010 թ.:

P.S. Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը 1977 թվականի օգոստոսին զարկ է տալիս սպառազինությունների մրցավազքին, և աշխատանքներ են տարվում գերհզոր նեյտրոնային ռումբի արտադրության համար:

1977 օգոստոսի 9-ին գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետևյալը. «Ահա արդեն 32 տարի է,  ինչ լռել է մեծ աշխարհամարտի որոտը, մարդիկ ապրում են խաղաղ, ստեղծագործ կյանքով: Խաղաղությունը ձեռք բերվեց միլիոնավոր կյանքերի գնով:

Ինձ`երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցիս, զայրույթ ու վրդովմունք է պատճառում, որ ԱՄՆ-ի կառավարող շրջաններում խոսում են նոր՝ նեյտրոնային ռումբի մասին, որը, թերևս, բոլոր տեսակի զենքերից ամենասարսափելին է: Այն ուղղված է մարդու դեմ, կործանում է մարդկանց, բայց ոչ նյութական արժեքները: Եվ ամերիկյան իմպերիալիստները դա համարում են մի քայլ առաջ մարդասիրության իմաստով: Նրանք վտանգավոր խաղ են սկսել: Բայց ողջախոհ մարդկությունը թույլ չի տա, որ նրանք իրագործեն իրենց հրեշավոր պլանները: Մարդկությանը պետք է խաղաղություն: Հիրոսիման չպետք է կրկնվի:

Ես բողոքի իմ ձայնը միացնում եմ միլիոնների ձայնին և պահանջում, որպեսզի արգելվի նոր տիպի զենքի արտադրությունը»:

 

Պատրաստեց  Հենրիխ Մարգարյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]