Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազիկ Արմենակյանը լուսանկարներով փոխանցում է Ցեղասպանությունը վերապրածների ասելիքը

Նազիկ Արմենակյանը լուսանկարներով փոխանցում է Ցեղասպանությունը 
վերապրածների ասելիքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվել է լուսանկարիչ, «Արմենպրես»-ի նախկին թղթակից Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանության արհավիրքը տեսած 45 վերապրածների լուսանկարները: «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված ցուցադրության մեջ տեղ է գտել 37 լուսանկար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նազիկ Արմենակյանը նշեց, որ ցուցահանդեսը ընդգրկված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում և այն հասու կլինի նաև Դիլիջանի, Վանաձորի, Գյուրիի հանդիսատեսին: Ինչ վերաբերում է արտասահմանյան լսարանին ցուցահանդեսը ներկայացնելուն, ապա Նազիկ Արմենակյանը հայտնեց, որ ապրիլի 22-23-ը Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում օտարերկրացի լուսանկարիչների աշխատանքների կողքին կցուցադրվի նաև «Վերապրածներ» շարքից 12 լուսանկար:

«Այս ցուցահանդեսը «Վերապրածներ» գիրքն ուղեկցող նախաբան է: Մենք պատրաստում ենք 144-էջանոց գիրք, որը տպագրության փուլում է, մայիսին լույս կտեսնի: Այն կներկայացնի վերապրածների լուսանկարներն ու պատմությունները: Սա երկրաժամկետ նախագիծ է, որին ես անընդհատ վերադարձել եմ` փորձելով նոր բաներ գտնել»,- ընդգծեց Նազիկ Արմենակյանը` հավելելով, որ գիրքը տպագրվում է Գերմանիայում և որոշ օրինակներ կբաժանվեն եվրոպական գրախանութներին:

Նրա խոսքով` «Վերապրածներ» նախագիծը ոչ միայն հայերի ինքնությանն է վերաբերում, այլև վավերագրական լուսանկարչության օրինակ է, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում այն տարածելու համար: «Նախագծից հետո ինձ հոգեպես հարստացած եմ զգում: Իհարկե, ամեն անգամ տխրում էի, երբ մահանում էին նրանք, բայց միաժամանակ շատ հարուստ եմ, որ ունեմ այսքան մեծ արխիվ, թեկուզ շատ ուշ` իրենց վերջին տարիների: Այդ ժամանակը համարում եմ ինձ համար շատ լավ ժամանակաշրջան»,- անկեղծացավ լուսանկարիչը:

Ցուցահանդեսը կգործի մինչը մայիսի 2-ը:

Նախագիծը սկիզբ է առել 2005-ին՝ որպես դիմանկար ստեղծելու առաջադրանք, երբ Արմենակյանը սովորում էր Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ֆոտոլրագրության կուրսում: Շատ չանցած նա ճանաչում է ձեռք բերում՝ որպես Հայաստանում աշխատող առաջնակարգ ֆոտոլրագրողներից մեկը: Սակայն իր այդ ուսանողական լուսանկարի` Ռեմելլա Ամլիկյանի դիմանկարի առաջացրած բուռն արձագանքները մղում են Արմենակյանին վերադառնալու վերապրածների թեմային և այն զարգացնելու։ Ինչպես լուսանկարիչը նշել է «Արմենպրես»-ի հետ զրույցում`  նրա համար կարևոր էր ցույց տալ, «որ այդ մարդիկ… հավերժ չեն՝ չնայած 100 տարի ապրել [են] ու դեռ ապրում են, որովհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»:

 



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am