1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սարդարապատ» ազգային թանգարանում բացվեց «Ցեղասպանության ականատեսը և վկաները» ցուցահանդեսը

«Սարդարապատ» ազգային թանգարանում բացվեց  «Ցեղասպանության 
ականատեսը և վկաները» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանում տեղի ունեցավ «Ցեղասպանության ականատեսը և վկաները» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են 1915 թվականին Կիլիկիայում հայ կանանց գործած գորգը և մետաքսյա ծածկոցը, Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես Արմին Վեգների լուսանկարները, եվրոպական մամուլում տպագրված փորագրանկարներ, ինչպես նաև Արծրուն Բերբերյանի պատրաստած բրոնզե աշտանակը:

«Ես շատ եմ կարևորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս ցուցադրության բացումը: Մենք հիշում ենք Սարդարապատի հաղթանակի զանգերը, որոնք այսօր մեկ այլ խորհուրդ ունեն. Ցեղասպանությունը և 1918 թվականի պատմական հաղթանակը հիշատակելով` նրանք ապրողներին կոչ են անում չհուսահատվելու, և ես համոզված եմ, որ մի օր արդարության ժամը հասնելու է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որի արդյունքները մեծ են լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը և հավելեց, որ թուրքական իշխանություններն, այս օրերին տոնելով Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը, չպետք է մոռանան, որ Սարդարապատում 1918 թվականին հայերս հաղթել ենք հենց թուրքական գալիպոլյան զորքի մնացորդներին:

Նա նկատեց, որ վերը նշված ցուցադրության նպատակն է Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների լուսանկարների միջոցով ներկայացնել Ցեղասպանության անողոք դեմքը. առանց տունդարձի ճամփաներ, անապատային ճամբարներ և որբեր…

«Թուրքական իշխանությունները ինչ-որ առումով կասկածի տակ են առնում Արմին Վեգների լուսանկարները, սակայն մենք ընտրեցինք հենց այս վավերագրերը, որոնք պետք է հանդիսանան մեր պատասխանը թուրքական ժխտողականությանը»,- պարզաբանեց Արիստակեսյանը:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության վկաներն են ցուցադրության մեջ ներկայացված և թանգարանում պահպանվող գորգն ու մետաքսյա ծածկոցը:

«Կիլիկիայում 1915 թվականին գործված գորգի վրա ներկայացված են հայոց այն քաղաքների անվանումները, որտեղից տեղահանվել է հայ ժողովուրդը: Անհայտ գորգագործը, հայկական քաղաքաների անուվանումները թաքցնելու նպատակով, դրանք գործել է հակառակ երեսից. ընթեռնելի են որոշ քաղաքների անվանումներ,- շեշտեց Արիստակեսյանը և հավելեց, որ պատմական Հայաստանը ներկայացնող և իր ինքնությունը ծպտած հեղինակի՝ հայկական գրերով յուրայինին փոխանցած գորգն որոշակի պատգամ է ժառանգներին:

Ցուցադրությանը ներկայացված մետաքսյա ծածկոցը յուրահատուկ պատմություն ունի: Արմատներով մարաշցի, թանգարանի նվիրատուներից Երանուհի Գեթինգ-Հայդոստյանի(Համբուրգ) նվիրված մետաքսյա ծածկոցի կենտրոնում Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին է: 1930 թվականին Երանուհուն ծածկոցը նվիրել է հալեպցի քրիստոնյա արաբ մի կին: Նա պատմել է, որ, 1915 թվականին ապաստան է տվել հայ ընտանիքներից մեկին, և, ի նշան երախտագիտության, ընտանիքի մայրն իրեն է նվիրել այս ծածկոցը, որը նա սրբությամբ պահպանել է:

«Այս ծածկոցն ապացուցում է, որ հայ ժողովուրդը միշտ իր հոգու մասնիկը թողել է այնտեղ, որտեղ ապրել է, և միշտ պարտավորվածության զգացում է ունեցել բոլոր հարևան ժողովուրդների նկատմամբ: Ցեղասպանության այդ դաժան օրերին հայ մայրը որքան ուժ, հոգու կորով է ունեցել, որ այդ ձևով է իր երախտագիտությունն հայտնել այդ արաբ կնոջը: Երբ արաբ կինը նվիրել է ծածկոցը Հայդոստյանին, ասել է հետևյալը. «Սա պատկանում է քո ժողովրդին, և ես վերադարձնում եմ այն օրինական տիրոջը»»,- նշեց Արիստակեսյանը և հավելեց, որ արաբ քրիստոնյա կինը հասկացել է, որ այն, ինչ հայ ժողովրդին է պատկանում, պետք է վերադարձնի, ապա Թուրքիան նույնպես պետք է վաղ թե ուշ դա հասկանա: «Թուրքիան, որն այսօր գտնվում է հինավուրց այլ պետությունների տարածքում, վաղ թե ուշ պետք է վերադարձնի մեր հողերը, որովհետև չի լինում ժողովուրդ՝ առանց պետության, և չի լինում պետություն՝ առանց ժողովրդի»,- ընդգծեց Կարեն Արիստակեսյանը:

Ցուցադրության մեջ ներկայացված են նաև 19-րդ դարավերջին եվրոպական մամուլում տպագրված փորագրանկարներ` Հակոբ Ջելալյանի հավաքածուից, որոնք փաստում են, որ թուրքերը տեղաբնիկ հայերին կոտորել են 1895-1896, 1905, 1909 թվականներին, ինչպես նաև` պղնձագործ և արծաթագործ` վանեցի Արծրուն Բերբերյանի պատրաստած բրոնզե աշտանակը, որի վրա դրված է խորհրդանշական 100 մոմ, իսկ առանձնահատուկ հնչողություն ունեցող զանգերը ապրողներին հիշեցնում են սրբազան պարտքի` Հայոց դատի մասին:

Զանգերը թանգարանին ժամանակավոր ի պահ է տվել դուստրը` Անահիտ Բերբերյանը, իսկ աշտանակը` Հայոց ազգագրության թանգարանի հավաքածուից է:

«Սարդարապատ» ազգային թանգարանում բացվեց «Ցեղասպանության ականատեսը և վկաները» ցուցահանդեսը: Լուսանկարները` Հենրիկ Մարգարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]