Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառմանը մասնակցել են բրիտանացի հոգեւորականներ եւ պատգամավորներ

Լոնդոնում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառմանը մասնակցել են բրիտանացի հոգեւորականներ եւ պատգամավորներ

ԼՈՆԴՈՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող բրիտանական հանձնախմբի նախաձեռնությամբ Լոնդոնի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել բազմահազարանոց քայլարշավ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երթը կանգ է առել «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանի մոտ, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի և համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կատարվել է նաև հոգեհանգստի արարողություն: Երթն ավարտվել է Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղի ունեցած հիշատակի միջոցառմամբ:

Նույն օրը Լոնդոնի ամենահայտնի և մեծ եկեղեցիներից մեկում՝ Սաուդարկի Մայր տաճարում, տեղի է ունեցել հիշատակի բազմամարդ միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ,  Անգլիկան և քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Ներկաներին ողջունել է Սաուդարկի Մայր տաճարի դեկան, գերաշնորհ Էնդրյու Նանը: Ելույթ են ունեցել Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը, Ցեղասպանագետների միջազգային միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, Լորդերի պալատի անդամ, Հայաստանի և Արցախի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրոժի արքեպիսկոպոս Ելիսեյը:

Ելույթ ունեցողներն իրենց խոսքում զորակցություն են հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման արդար գործում, և դատապարտել Թուրքիայի ժխտողականությունը:

Ամփոփիչ ելույթով ներկաներին դիմել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացրել է Ցեղասպանության հետևանքով հայերի հայրենազրկումը, կրած ցավն ու տառապանքները և հայի` վերապրելու ուժն ու աննկուն ոգին, ճշմարտության և արդարության գերակայության անխուսափելի լինելը: Դեսպան Սարգսյանն իր խոսքի ավարտին ընդգծել է, որ Ցեղասպանության իրականացնողների ծրագրերը խափանվել են, քանի որ հայը կարողացավ ոչ միայն վերապրել ողբերգությունը, այլև կերտել նոր Հայաստան ու հաղթանակած Արցախ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]