Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեւանում բացվել է «Մշակութային եղեռն-խաչքարերի խուրհուրդը» ցուցահանդես

Երեւանում բացվել է «Մշակութային եղեռն-խաչքարերի խուրհուրդը» 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում կայացել է «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդես, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում հանրությանն են ներկայացվել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված խաչքարերին: Ցուցահանդեսի շրջանակում  լուսանկարներով ներկայացվել է նաև հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ:

Միջոցառման կազմակերպիչներն առանձնակի շեշտադրել են, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ, թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացնում էր նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները՝ եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան հազարավոր ձեռագիր մատյաններ, զարդարվեստի բացառիկ նմուշներ և այլն:

 «Բարեբախտություն է, որ մեր խաչքարագործները, հենվելով ավանդույթների և վարպետության վրա, շարունակում են վերարտադրել, ստեղծել, թարմացնել, նորացնել, միևնույն ժամանակ, ստեղծագործել նորովի: Իհարկե, նախկին տեսքով վերարտադրված խաչքարերն, այնուամենայնիվ, բնօրինակներ չեն կարող լինել, որոնք մեկընդմիշտ ոչնչացված են, սակայն  գոնե այս կերպ հնարավորություն է տրված ներկայացնելու այն արժեքավորը, ինչն իրականում գոյություն է ունեցել: Բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնք բարձրաձայնում են մշակութային ցեղասպանություն հասկացության մասին, որոնք փորձում են կանխարգելել նման երևույթները, սակայն, ցավոք, այսօր էլ այն առկա է: Այս ցուցահանդեսը ևս մեկ ազդակ է՝ ուղղված ոչ միայն հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու կորսվածների մասով ափսոսանք հայտնելուն, այլ միևնույն ժամանակ ցուցանելու, որ երևույթը ցավալիորեն շարունակվում է: Նաև ցուցանելու, որ այս երևույթի առաջամարտիկը եղել ու շարունակում է մնալ Թուրքիան, այժմ՝ նաև Ադրբեջանը: Համոզված եմ, որ այս օրերին հատկապես Երևան այցելող բազմաթիվ հյուրերի համար սա ևս մեկ յուրօրինակ փաստարկ կլինի առ այն, որ ունեցել ենք բարձր մշակույթ, տեր ենք մեր մշակույթին ու հպարտ ենք մեր ազգային պատկանելությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Հայկական հետքը ջնջելուն միտված երիտթուրքերի քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետական Թուրքիայում՝ մշակութային կոթողները դիտարկելով որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ: Մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում եղել է շուրջ 170.000 հուշարձան, որից  պահպանվել է շուրջ 2 տոկոսը: Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ.-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:

«Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]