1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին. Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին. Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել վեհաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև պատասխանելով  նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ներկայուցիցչների սադրանքներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ, այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի նկար՝ սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ հակամարտության ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:Մեկ այլ գործընկեր Ռզաևը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանը:Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց Ցեղասպանության սկիզբն էր:Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին` մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի` մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք այդ բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «ցե-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ, բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք` ցեղասպանությունը շարունակվում է:Հարյուր տարի անց` մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակթրված և մեծապես հղկված, և կարծում ենք, թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել … Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների և, իհարկե, «Իսլամական պետությանե հետ միասին, այս անգամ անուղղակիորեն, դարձյալ  մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն մոլեռանդությամբ:Մենք հրաշալի գիտենք, թե ինչ է եղել այն ժամանակ, և հրաշալի գիտենք, թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել, և դրա արդյունքում առավել բարբարոս մի չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում …Հարյուր տարի անց` պարզվում է, որ «Ցե-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի պապ Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:«Ցեղասպանություննե այն բառն է, որ պե’տք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից, որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո՜,  Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր, և, այո’, մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ, այո՜, մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ, այո՜, հանցավոր անտարբերությանը նույնպես: Շնորհակալություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]