Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը ցունամիի ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհում. Կիրո Մանոյան

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը ցունամիի ազդեցություն 
ունեցավ ամբողջ աշխարհում. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը ցունամիի ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհում: «Ցունամիի ազդեցությունը իր շարունակությունն է ունենալու նաև ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք բազմաթիվ միջոցառումների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ապրիլի 20-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅ դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և հավելեց, որ Թուրքիան, Գալիպոլիի 100-ամյակը նշելով ապրիլի 24-ին, ավելի ուժեղացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Նա նշեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից հետո Թուրքիան դժվար թե խզի իր դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Վատիկանի հետ։ «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ  Թուրքիան չի խզում տնտեսական և ռազմական համագործակցությունը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների հետ։ Հիշում եք, երբ Ֆրանսիան 2001թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան որոշ ժամանակով սառեցրել էր երկկողմ հարաբերությունները, սակայն հետագայում համագործակցությունը բարձրացավ նոր մակարդակի վրա»,-պարզաբանեց Մանոյանը:

Անդրադառնալով Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու փաստին` Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Մահչուփյանը, ինչպես Թուրքիայում բնակվող հայերը, պատանդի կարգավիճակում են։ «Պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետական քաղաքականությունից զատ այլ դիրքորոշումներ»,- շեշտեց Կիրո Մանոյանը։

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես  նաև հայ կաթոլիկների  պատրիարք  Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]