Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի Ավետարանական-լյութերանական եկեղեցում աղոթք է հնչել Ցեղասպանության զոհերի հիշատակի համար

Վրաստանի Ավետարանական-լյութերանական եկեղեցում աղոթք է հնչել 
Ցեղասպանության զոհերի հիշատակի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ավետարանական-լյութերանական եկեղեցու Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոսի անվան տաճարում ապրիլի 18-ին տեղի և Վիրահայոց թեմի հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: Հռոմեական-Կաթոլիկ սուրբ եկեղեցուց և Ավետարանական-մկրտական եկեղեցուց հետո, Ավետարանական-լյութերանական եկեղեցին երրորդ քույր եկեղեցին է, որ կիսեց հայ ժողովրդի վիշտը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում անցկացրեց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմից, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հենց եկեղեցու տարածքում էլ կազմակերպել է Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրություն, որը մեծ հետաքրքրություն և սրտակցություն է առաջացրել դիտողների մոտ:

Միասնական աղոթքին ներկա են եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Կարեն Մելիքյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբությանը, մտավորականության ներկայացուցիչներ, Հայոց եկեղեցու և Քույր եկեղեցու հավատացյալներ:

Հիշատակի երեկոն սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-լյութերանական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, ողջունելով ներկաներին, խոսել է օրվա խորհրդի մասին, դատապարտել եղեռնագործությունը, մարդկանց ոչնչացումը ազգային պատկանելության և հավատքին հավատարմության պատճառով:

Օրվա խորհրդին համապատասխան, Աստվածաշնչից հատված ընթերցելուց հետո երկու եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ և աղոթք է բարձրացվել Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:

Այնուհետև Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես է եկել Եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր սրտի ցավը սեփական բանաստեղծության ընթերցմամբ արտահայտել է բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը:

Հավարտ երեկոյի՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել Ավետարանական-լյութերանական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենին, բոլոր հավատացյալներին հայոց վիշտը կիսելու և քրիստոնեական սիրով ու ջերմությամբ հայ հավատացյալներին ընդունելու համար: Թեմակալ առաջնորդը երախտագիտությամբ է խոսել այն մասին, որ Գերմանիայի հոգևորականությունն ապրիլի 23-ին Մայր տաճարում աղոթելու է հայերի հետ: «Մենք միասին պետք է լինենք չարին դիմակայելու, նաև հաղթելու համար: Սա միասնական աղոթք է մեր զոհերի հիշատակի համար»,- իր խոսքն է ավարտել Վիրահայոց թեմի առաջնորդը:

Հիշատակի երեկոյին հնչել են հայերեն և գերմաներեն հոգևոր երգեր լյութերանական և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]