Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես անցնող, այս շաբաթ ևս թե Հայաստանում, թե ողջ աշխարհում շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումները: Պակաս հագեցած չէր նաև ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Հայաստանում և ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Նախորդ շաբաթ Վատիկանում կայացած պատմական պատարագին արձագանքեց թուրքական կողմը: Ինչպես միշտ, այս անգամ էլ չկարողանալով զերծ մնալ հիստերիայից` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում էր, թե համայն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսքերը «որևէ աղերս չունեն պատմական և իրավական իրողությունների հետ»:

Ֆրանցիսկոս պապի` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագին անդրադարձավ նաև սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Լրատվամիջոցը միաժամանակ նշում էր, որ ի պատասխան Օսմանյան Թուրքիայի մասին Պապի ելույթի՝ Թուրքիայի կառավարությունը Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին:

ԱՄՆ Կոնգրեսի պատգամավոր Բրեդ Շերմանն իր գոհունակությունը փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար երախտագիտություն հայտնելով նրան:

Ցեղասպանությունը ճանաչելու՝ Թուրքիայի ուղղված կոչով հանդես եկավ հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանը: «Ես զայրույթ չեմ զգում կամ չեմ մեղադրում Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր նա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Հայտնի դարձավ նաև, որ Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի պատվիրակության անդամները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, սակայն թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում, առայժմ հայտնի չէ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անցնող շաբաթ հաստատեց ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին նաև, որ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր կազմակերպություններ ու միություններ Հայոց ցեղասպանության մշակութային կամ պատմական տարբեր միջոցառումներ են կազմակերպելու Ֆրանսիայում: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հունաստանի խորհրդարանի նախագահը Երևանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Կորսիկայի խորհրդարանն ապրիլի 14-ին ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Դրանով Կորսիկայի խորհրդարանը պահանջում է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Ցեղասպանության տարելիցին նվիրված բանաձև ընդունեց նաև Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն: Ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև ընդունվեց նաև Չիլիի խորհրդարանում: Արգենտինայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն, որտեղ վերահաստատվում է Արգենտինայի տեսակետն ու դիրքորոշումը 20-րդ տարի առաջին ցեղասպանության կապակցությամբ: Հայոց ցեղասպանությունը ճանաչեց ԱՄՆ հերթական նահանգը՝ Նևադան: Նահանգի խորհրդարանի երկու պալատներն ապրիլի 14-ին ընդունեցին Ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Բանաձևում արձանագրվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իբրև պատմական եղելություն և ընդգծվում այն դատապարտելու անհրաժեշտությունը:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց Բասկերի երկրի խորհրդարանը: Հետևելով Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին` Բասկերի խորհրդարանը Թուրքիայի Հանրապետությունից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Անցնող շաբաթ Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկում անցկացվեց: Նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևի ընդունման կարևորությունն իր ելույթում ընդգծեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը: Իսկ թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ փոխնախագահ Անտոնիո Տայանին, անդրադառնալով ապրիլի 15-ին կայանլիք քննարկմանը, նշել էր. «Ոչ ոք որևէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով` քննարկման դրված բանաձևն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլևս ցեղասպանություններ չլինեն»: ԵԽ իտալացի պատգամավոր Պանզելինո Կլոպյեն էլ նշեց, որ քննարկվող բանաձևի նախագծի նպատակն է քաղաքական տեսանկյունից դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը:

Քննարկումներից հետո Եվրախորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Բանաձևի ընդունումից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթն իր պատմությանն առերեսվելու, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար: Նա նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը:

Այս փաստն իհարկե չէր կարող առանց արձագանքի մնալ Թուրքիայի իշխանությունների կողմից: Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն նախընտրեց բանաձևի ընդունմանն արձագանքել մեղադրանքներով և եվրոպացի խորհրդարանականներին խորհուրդներ տալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումների շրջանակում Երևանում կայացավ աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը: Համերգին տիկնոջ հետ մասնակցեց ՀՀ Նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի այցը Հայաստան

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը: Լրագրողների հետ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում Անն Բրասերը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով և բռնությունն անընդունելի է: Նա միաժամանակ նշեց, որ ԵԽԽՎ-ն մշակելու է ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց, և դրա պատրաստման նպատակը ոչ թե Մինսկի խմբի գործընթացներին միջամտելն է, այլ լուծումներ որոնելու և գտնելու գործընթացին նպաստելը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ գալիք սերունդներին նման դաժանությունների մասին նախազգուշացնելու և հետագայում նման դեպքերը կանխելու առումով:

Հայաստան կատարած այցի շրջանակներում Անն Բրասերին նախ ընդունեց ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպմանը Գալուստ Սահակյանը կարևորեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Անն Բրասերն էլ իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում:

ԵԽԽՎ նախագահին հյուրընկալեց նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ նշելով, որ անհրաժեշտ է զերծ մնալ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ կառույցներ ստեղծելուց:

ԼՂ հակամարտության թեման քննարկվեց նաև Բրասեր-Նաղդալյան հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահն Անն Բրասերին իրազեկեց Ադրբեջանի կողմից կրակոցների հաճախակի դառնալու մասին: Միաժամանակ, Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցի հեղինակ Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը: Նաղդալյանն այս համատեքստում ԵԽԽՎ նախագահին կոչ արեց հրաժարվել ԼՂ վերաբերյալ զեկույցից:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահին ընդունեց նաև ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ քննարկված երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերից բացի, անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Այս շրջանակում խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Անն Բրասերը նշեց, որ անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճը:

Անն Բրասերին Նախագահական նստավայրում ընդունեց Սերժ Սարգսյանը: Նախագահը կարևորեց Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը և նշեց, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանը միաժամանակ բարձր գնահատեց ԵԽ աջակցությունը ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով: Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: Գալուստ Սահակյանն իր ելույթում նշեց նաեւ, որ ԵԱՏՄ կարեւորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը եւ առեւտրային գործառույթների ժամկետները: Խորհրդարանի ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Համաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա նշեց, որ շուրջ 40 երկիր է շահագրգռված ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ՝ ընդգծելով, որ առաջին երկիրը, որն ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կստորագրի ԵԱՏՄ-ի հետ, կարող է դառնալ Վիետնամը:

ՌԴ կատարած այցի շրջանակներում համաժողովին մասնակցելուց բացի, ԱԺ նախագահը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանը: Այդ համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը: Գալուստ Սահակյանը հանդիպում ունեցավ նաև Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Եվրասիական տնտեսական միությանն առնչվող, ինչպես նաև երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում ՀՀ ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր: 

Ներհայաստանյան իրադարձություններ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂՀ-ին վարկ տրամադրելու նախագիծը: Համաձայն որի, վարկը կտրամադրվի մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: Կառավարության նիստում հաստատված մեկ այլ նախագծի համաձայն, 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակությունների անդամ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Կառավարությունը հավանություն տվեց նաև ՎԶՄԲ-ի հետ կնքած երկու վարկային համաձայնագրերի: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով, 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Գյումրիում դեռևս շարունակվում է հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի շուրջ իրադարձությունները: Մի խումբ գյումրեցիներ ապրիլի 15-ին ակցիա կազմակերպեցին Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Ավետիսյանների սպանության գործով  կասկածյալ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային ուղղված նամակի անպատասխան մնալու հանգամանքի առնչությամբ:
Նրանք նամակ էին գրել Չայկային և այն հանձնեցին ՌԴ հյուպատոսարան՝ հուսալով, որ նամակը կփոխանցվի ՌԴ գլխավոր դատախազին: 

Շաբաթվա վերջում հայտնի դարձավ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով համալիր փորձաքննության եզրակացությունը: Փորձաքննությամբ հերքվեց դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը։ Դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր: Նման հետքեր են հայտնաբերվել նաեւ տուժողների հագուստների, 1-ին ննջասենյակի մահճակալի վրա առկա երկու վերմակների, 2-րդ ննջասենյակի մեծ մահճակալի վրա առկա վերմակի, ծածկոցի վրա տեղակայված հրազենային վնասվածքների հատվածներում:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 15-ին մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» VII մրցույթ-փառատոնը: Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը« ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը« «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ հյուրեր: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ Ծաղկաձորում անցնող շաբաթ պաշտոնապես մեկնարկեց Շախմատի աշխարհի հոբելյանական՝ 10-րդ թիմային առաջնությունը: Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Առաջնության մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը հպարտությամբ  նշեց, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով:

Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ուկրաինա

Ուկրաինայում տիրող իրավիճակն անցնող շաբաթ ևս շարունակեց մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Շաբաթվա սկզբում հաշվետվությամբ հանդես եկավ ԵԱՀԿ-ն ՝ նշելով, որ Դոնբասում արձանագրվել են ուժայինների եւ աշխարհազորի միջև կատաղի ընդհարումներ: Ուկրաինական ճգնաժամը քննարկեցին «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները, ովքեր խնդրի լուծման համար կարեւորեցին Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը: Նախարարները պայմանավորվեցին նաև քննարկել տանկերի եւ հարյուր միլիմետրից պակաս տրամաչափի սպառազինությունների հետքաշումը: Բացի այդ, պայմանավորվածությունների իրագործման աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվելու է չորս ենթախումբ:

Դոնբասում հակամարտության զոհերի վերաբերյալ նոր վիճակագրություն հրապարակեց ՄԱԿ-ը: Համաձայն վիճակագրական տվյալների, Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով ավելի քան 6,1 հազար մարդ է զոհվել եւ գրեթե 15,5 հազարը՝ վերքեր ստացել: Կազմակերպության Հումանիտար վարչությունում միաժամանակ ընդգծեցին,  որ զոհերի վերաբերյալ հաշվետվություններում ներկայացվող տվյալները «զուսպ են»:

Ուկրաինայի հակամարտող կողմերին Մինսկի համաձայնությունները կատարելու կոչ արեցին G7-ի ԱԳ նախարարները: Վերջիններիս՝ Լյուբեկի հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության մեջ նշված էր. «Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին եւ Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խմբին լիակատար աջակցության մասին եւ ողջունում ենք փետրվարի 12-ին Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համալիր միջոցառումների ընդունումը»:

Շաբաթվա վերջում կրկին հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ-ն: Կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ նշվում էր, որ չնայած հայտարարություններին, Դոնբասում ծանր սպառազինության հետքաշումն ավարտված չէ: Ուկրաինայում սկսվեց նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի եւ լրագրող Օլես Բուզինայի սպանությունների գործերով հետաքննությունը: Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն հայտարարեց, որ երկու սպանություններն էլ միատեսակ ձեռագիր ունեն:

Սիրիա

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սիրիայում: Շաբաթվա սկզբում հայտարարությամբ հանդես եկավ Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը: Վերջինս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակներով նրանց կոչ էր անում դատապարտել Հալեպի ահաբեկչական հանցագործությունները:

Ողջ շաբաթվա ընթացքում Հալեպում անհանգիստ իրավիճակ էր տիրում: Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ ռմբակոծությունների հետևանքով քանդվել է առաջնորդարանի շենքը: Նա նաև նշեց, որ մարդկանց մոտ վախի և խուճապի նշաններ են ի հայտ եկել, իսկ հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով են լինում:

Հալեպի հայաշատ թաղամասում ապրիլի 14-ին հրասանդներ ընկան: Տեղի ունեցածի հետևանքով զգալի նյութական վնաս կրեց հայաշատ Նոր Գյուղ թաղամասում գտնվող Կարեն Եփփե ճեմարանի մերձակայքում գտնվող բնակելի շենքը: Տեղի ունեցածի հետևանքով Հալեպում ողջ շաբաթ պահպանվեց հեռահաղորդակցային տագնապը, դրան ավելացավ նաև ջրի խնդիրը. մի քանի օր քաղաքում դադարեցված էր ջրամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]