Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն. ՀՀ Նախագահի ողջույնի խոսքը

Աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն. ՀՀ 
Նախագահի ողջույնի խոսքը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 18-ին, Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18- 29-ն անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:

Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում: Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին և մրցաշարին հետևող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ և հաջողություն:

Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երևանում, այլ նաև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ 2015թ. և՛ Հայաստանի, և՛ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ:

«Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, և ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր ու մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից խաղերի: Թո՛ղ հաղթեն լավագույնները»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]