Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն սահմանել

Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում 
կազմակերպելու պետության պարտականություն սահմանել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  շրջանառության մեջ է  դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարածքում գործող  բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում և հետևաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որևէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության կամ ճանապարհածախսի հատուցման մասով:

Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգև, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսևորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

Միանշանակ, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել իր հայրենիքը պաշտպանելիս, արժանի է համարժեք վերաբերմունքի՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով:

Ներկայացրած նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]