Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ կանցկացվեն միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ կանցկացվեն միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղա­սպա­նու­թյուն» խորագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարությունը, համագոր­ծակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարա­րությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանի մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Դրանց նպատակն է հնարավորություն ստեղծել վերհիշելու անցյալի իրադարձությունները, հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու Հայոց պատմությանն ու մշակույթի հուշար­ձաններին, տարբեր վայրերիի հետ կապված հիշողություններին:

Բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը 2012 թվականից սկսած` զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձևավորել. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին: Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր` մասնակցելու հուշարձանների տարածքների բարեկարգմանը և թեմատիկ դասախոսություններին: Տարբեր տարիքային խմբերի մասնակիցները ծրագրում կգտնեն իրենց հետաքրքրող միջոցառումը: Միաժամանակ, Հուշարձանների միջազգային օրվա առթիվ` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում կանցկացվեն օրվա խորհրդին առնչվող թեմատիկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն­ներ, մանկական խաղ-վիկտորինաներ և այլն:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան միջոցառումների շարք կնվիրվի նաև Արևմտյան Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպա­նության հետևանքով ոչնչացված արժեքներին, արևմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]